Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ալիեւը պիտի երջանկացած օր առաջ ստորագրեր խաղաղության պայմանագիրը. ամեն ինչ ստացել է, բայց տորպեդահարում է խաղաղության գործընթացը» aravot.am aravot.am

time
«Ալիեւը պիտի երջանկացած օր առաջ ստորագրեր խաղաղության պայմանագիրը. ամեն ինչ ստացել է, բայց տորպեդահարում է խաղաղության գործընթացը»

Հարցին՝ արդյոք Ալիեւը ՄԱԿ-ում իր ելույթին համարժեք պատասխան ստացա՞վ Նիկոլ Փաշինյանի կողմից, Արմեն Վարդանյանն այսպես պատասխանեց. «Երեւի համարժեք չէր, բայց մի բան պիտի հաշվի առնենք, որ ՄԱԿ-ում ելույթներն ավելի շատ արտաքին, քան ներքին լսարանին են ուղղված»։

«Գոնե այս փուլում՝ առաջիկա մի քանի տարիներին, էսկալացիա չի լինի։ Թրամփի հեղինակությունն է դրված նժարին, Թրամփի միջնորդությամբ օգոստոսի 8-ին խաղաղության պայմանագիրը նախաստորագրվեց, մի շարք գործարքներ կնքվեցին»,- «Առավոտի» հարցին՝ այն, որ Իլհամ Ալիեւը չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել, դա նշանակում է, որ նա ձգտում է դիմել էսկալացիայի՞, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Անդրադառնալով ՄԱԿ-ում Իլհամ Ալիեւի ելույթին, որի զգալի մի հատված Ալիեւը նվիրեց Հայաստանի հասցեին մեղադրանքներին՝ «30 տարվա օկուպացիայի», «ռազմական հանցագործությունների» համար եւ օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը՝ անդրադառնալով վաշինգտոնյան համաձայնություններին, Արմեն Վարդանյանն ասաց. «Ինչ վերաբերում է Ալիեւի խոսույթին, այստեղ երկու տարբերակ կարող է լինել։ Կամ նա փորձում է ինչ- ինչ կերպով տորպեդահարել գործընթացը, հիմք ստեղծել, որ խուսափի պայմանագրի ստորագրումից, կամ էլ սեփական ժողովրդի առաջ փորձում է այսպես ասած՝ հաղթող երեւալ։ Մի քանի տարի շարունակ ինքը Ադրբեջանի ժողովրդին ասում էր, որ ՀՀ-ն ուզի- չուզի Ադրբեջանին միջանցք է տրամադրելու՝ Ադրբեջանի ուզած պայմաններով, նույնիկ ասում էր, որ ՀՀ-ի հետ չենք էլ բանակցելու. մենք ՌԴ-ի հետ կբանակցենք։ Հիմա փաստորեն իրենց ուզած տարբերակով միջանցքը չեն ստացել. միայն ճանապարհ են ստանալու։ Հնարավոր է՝ ինքը փորձում է այս խոսույթն անընդհատ շրջանառության մեջ դնելով՝ ադրբեջանցիների մոտ աչքակապությամբ զբաղվել, իբր ցույց տալ՝ հասել է իր ուզածին։ Ասում էր՝ օրինակ, հայ սահմանապահների հետ որեւէ կերպ չեն առնչվելու ադրբեջանցիները ՀՀ-ի տարածքում։ Բայց ՀՀ-ն երբ ուզի, կարող է ցանկացած մեկին կանգնեցնել ու ստուգել»։

Հարցին՝ արդյոք Ալիեւը ՄԱԿ-ում իր ելույթին համարժեք պատասխան ստացա՞վ Նիկոլ Փաշինյանի կողմից, Արմեն Վարդանյանն այսպես պատասխանեց. «Երեւի համարժեք չէր, բայց մի բան պիտի հաշվի առնենք, որ ՄԱԿ-ում ելույթներն ավելի շատ արտաքին, քան ներքին լսարանին են ուղղված։ ՀՀ-ն ցույց է տալիս, որ ավելի կառուցողական կողմ է, Ալիեւի սադրանքներին չի տրվում։ Իհարկե, միջանցքի մասին էլ խոսվեց, որ Ադրբեջանը չի հարգում պայմանավորվածությունները եւ օգտագործում է միջանցք տերմինը, որը չկա օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում։ Բայց ՀՀ-ն ավելի շատ փորձում է կառուցողական խաղաղությանը միտված կողմ ներկայանալ, միգուցե հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ սուր հակափաստարկներ կամ ելույթներ չեն գրել վարչապետի ելույթը գրողները»։

Մեր այն դիտարկմանը՝ մի կողմից փակուղային վիճակ է ստեղծվել, քանի որ Ալիեւը ամեն ինչ անում է, որ չստորագրի խաղաղության պայմանագիր, մյուս կողմից ամերիկյան կողմը, ԵՄ-ն խանդավառված են Թրամփի ուղու նախագիծն իրագործելու համար, խոսում են նաեւ ներդրումների մասին եւ հարցին՝ հնարավո՞ր է առանց խաղաղության պայմանագրի ստորագրման իրականացվի Թրամփի ուղի նախագիծը, Արմեն Վարդանյանն այսպես պատասխանեց. «Տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում ռիսկային է։ Եթե չի ստորագրվում խաղաղության պայմանագիր, կոնֆլիկտը մնում է չլուծված, եւ չգիտես՝ ինչ կլինի մի քանի տարի հետո։ Բայց այդ ռիսկերն ավելի շատ ներդրումներ անողներինն են՝ Արեւմուտքինը, ԵՄ-ինը, քան մերը։ Իրենք ավելի շատ պետք է մտահոգվեն։ Եթե գումար ես դնում նման խոշոր նախագծերի վրա, չգիտես՝ կարող է պատերազմի ռիսկ լինի, ռիսկի տակ ես մտնում։ Եթե չի ստորագրվում խաղաղաղության պայմանագիր, ռիսկերը մեծանում են։ Հենց դա հաշվի առնելով՝ ԵՄ-ն՝ հատկապես ԱՄՆ-ն, ճնշումներ են գործադրում Ադրբեջանի վրա, որ ստորագրի խաղաղության պայմանագիր։ Ալիեւն այնպիսի հարց է արհեստականորեն բերել օրակարգ, որը ՀՀ-ի կառավարությունից չի կախված. դա պետք է ՀՀ ժողովուրդը որոշի՝ սահմանադրական հանրաքվեով։ Հո Արեւմուտքը չի՞ ասելու՝ գնա կեղծի սահմանադրական հանքրավեն, որ Ադրբեջանի պահանջները բավարարես։ Ադրբեջանը նենց հարց է առաջ բերել, որ տորպեդահարի գործընթացը, հետեւաբար Ալիեւի նպատակը խաղաղության գործընթացը տորպեդահարելն է»։

Մեր այն հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Ալիեւը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիր, Արմեն Վարդանյանն ի պատասխան ասաց, որ այդ հարցի միանշանակ պատասխանը չունի եւ մեկնաբանեց. «Եթե Ալիեւը ստացել է այն ամենը, ինչ ուզում է. Արցախը լիակատար հայաթափվել է, ինչո՞ւ չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր։ Երկու տարբերակի եմ հակված, որ Ալիեւը մի անգամ ասաց՝ թույլ չի տալու, որ ՀՀ-ն իր ողնաշարն ուղղի, եւ ՀՀ-ին պետք է պահի պարտվածի սինդրոմի ներքո։ Իսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը կնշանակի, որ ՀՀ-ն զարգանում է, ճանապարհները բացվում են, սահմանները բացվում են, իսկ Ալիեւը չի ուզում դա։ Երկրորդ տարբերակն այն է, որ ադրբեջանցի ընդդիմադիրներն էին խոսում, որ Իլհամ Ալիեւը ոչ մի դեպքում ՀՀ-ի հետ չի ստորագրի խաղաղության պայմանագիր. դա էլ է տեսականորեն հնարավոր։ Ամեն դեպքում, այդ հարցին միանշանակ պատասխան չունեմ, թե ինչն է Ալիեւին խանգարում, որ ստորագրի այդ պայմանագիրը։ Բոլոր տրամաբանական քայլերով ինքը պիտի ուրախ, երջանկացած գնար, օր առաջ ստորագրեր խաղաղության պայմանագիրը։ Ինքը չստորագրելու պատճառ չունի, բայց դե Ալիեւին դժվար է հասկանալը։ Մանկական տրավմաներ է ունեցել հայ ազգի նկատմամբ, իր ատելությունը հայ ազգի նկատմամբ մեծ է։ Մի բան ակնհայտ է ինձ համար նրա վարքագծից, որ չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր։ Իմ տեղեկություններով՝ Ամերիկայից շատ լուրջ փորձագետներ, սահմանադրագետներ, իրավագետներ փորձաքննության են ենթարկել ՀՀ Սահմանադրությունը՝ հատկապես առաջին հոդվածը եւ եկել այն միանշանակ եզրահանգման, որ դա բացարձակ խնդիր չէ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ուստի Ալիեւի առաջ բերած օրակարգը կեղծ է։ Ակնհայտ է, որ նա խուսափում է խաղաղության պայմանագիր ստորագրելուց»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 30.09.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test