Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մինչեւ կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելն այլեւս հնարավոր չէ տեսագրել ու ձայնագրել նիստերը. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը դրվել է հանրային քննարկման aravot.am aravot.am

time
Մինչեւ կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելն այլեւս հնարավոր չէ տեսագրել ու ձայնագրել նիստերը. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը դրվել է հանրային քննարկման

Սեպտեմբերի 25-ից հանրային քննարկման է դրվել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծը հանրային քննարկման համար բաց կլինի մինչեւ 2025 թ. հոկտեմբերի 16-ը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ բոլորի, այդ թվում լրագրողների համար դատական նիստերի տեսանկարահանումը եւ ձայնագրումը, դրանց հրապարակումը լինելու է արգելված՝ մինչեւ գործով բոլոր վկաների հարցաքննության ավարտը։

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է իրականացնել, մասնավորապես, հետեւյալ փոփոխությունները։

Գործող օրենսգրքի 267-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ hոդված 11, 1.1.-ին մասով. «Դատական նիստի տեսաձայնագրումը չի կարող տարածվել, դրա ընթացքի հեռարձակում, այդ թվում՝ ուղիղ հեռարձակում չի կարող իրականացվել մինչեւ տվյալ քրեական գործով ներգրավված եւ դատական նիստին կանչված բոլոր վկաների հարցաքննության ավարտը»…

Այսինքն, մինչեւ կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելն այլեւս հնարավոր չի լինի տեսագրել ու ձայնագրել նիստերը, քանի որ հիմնական դատալսումների փուլում պահպանվում է կողմերից յուրաքանչյուրի՝ դատաքննության ծավալը լրացնելու, լրացուցիչ վկաներ հարցաքննելու միջնորդությամբ հանդես գալու իրավունքը։

Նախագծով առաջարկվող փոխություններով եւ լրացումներով վերացվում են գործնականում հնարավոր իրավական անորոշությունները եւ անճշտությունները, հստակեցվում են պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողությունները ամրագրելու եղանակները («2.1. Պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողությունները ամրագրվում են թղթային եղանակով՝ համակարգչով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ձեռագիր կազմված արձանագրությամբ»-Ռ.Մ.), լրացվում են քրեական վարույթների անջատման կանոնները, նախատեսվում է հոգեբանին բացարկելու, գրավադրված անշարժ գույքը համարժեք այլ գույքով կամ դրամական գումարով փոխարինելու հնարավորություն, հսկող դատախազի կողմից քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշման կայացման համար նախատեսվում է յոթնօրյա ժամկետ:

Փոփոխությունները վերաբերում են գործող օրենքի հոդված 1, 12,13, 14, 15, 16, 17-ին…

Ողջամիտ դիտորդների, հատկապես ծանր քրեական գործերով ներգրավված փաստաբանների կարծիքով, դեռեւս չհարցաքննված դատակոչի ենթակա վկաները տեղեկանում են դատաքննության ողջ ընթացքի մասին, անգամ առցանց հետեւում են դատական գործընթացներին, ապա ներկայանում դատարան, ինչը արժանահավատության, կողմերի հավասար մրցակցության շահերից չի բխում:

Սակայն դատական գործընթացներից լրագրողներին փափուկ հեռացնելը, դռնփակ նիստ, գրավոր ընթացակարգով նիստ անցկացնելու նման մի բան է, ինչը հանգեցնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտմանը:

Ինչ կտան այս փոփոխությունները դատարանների նկատմամբ վստահության համատեքստում, արդյոք, լրատվամիջոցներին դիմած, իր դատաքննությունը լուսաբանել ցանկացող քաղաքացիները, մեղադրյալները, տուժողները անպաշտպան չե՞ն զգա: Գաղտնիք չէ, որ կան դատական գործընթացներ, որտեղ քաղաքացին ճարահատյալ է դիմում լրատվամիջոցին, քանի որ չունի պաշտպան, իր շահերի ներկայացուցիչ եւ լրատվամիջոցի ներկայությամբ պայմանավորված է տեսնում իր պաշտպանությունը: Վտանգվում է մյուս դեպքում էլ գործերի հրապարակայնության սկզբունքը:

Բարձրագույն դատական խորհուրդը դեռ 2019 թ. հունվարի 11-ին ԲԴԽ-2-Ն-1 որոշմամբ հաստատել էր «Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի եւ դատարանների փոխհարաբերության կանոնները», այն է` Հանրությունը պետք է զանգվածային լրատվության միջոցներով հնարավորինս լիարժեք տեղեկատվություն ստանա դատական իշխանության մարմինների կազմավորման ու գործունեության վերաբերյալ:

Լրագրողները պետք է գործնականում ի վիճակի լինեն ազատ լուսաբանելու եւ մեկնաբանելու արդարադատության գործառույթի իրականացումը, բացառությամբ՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված սահմանափակումների:

Հանրային շահերը շոշափող գործերով տեղեկատվություն տրամադրվում է՝ անկախ դրա առնչությամբ զանգվածային լրատվության միջոցների միջնորդությունների: Այդպիսի գործերով դատական քննությունը տեւական լինելու դեպքում համարժեք տեղեկատվություն է տրվում դատաքննության շրջանակներում յուրաքանչյուր էական նշանակություն ունեցող դատավարական գործողության վերաբերյալ:

Լրագրողները դռնբաց դատական նիստում, առանց որեւէ խտրականության եւ առանց նախնական հավատարմագրման, կարող են անարգել ներկա գտնվել դատական նիստերին: Նրանք կարող են մնալ նիստերի դահլիճում այնքան ժամանակ, քանի դեռ նիստերի դահլիճում են գտնվում նիստին ներկա գտնված մյուս անձինք: Նիստերի դահլիճում, հնարավորության սահմաններում, անհրաժեշտ է լրագրողների գործունեության համար ապահովել պայմաններ եւ հատուկ այդ նպատակի համար նախատեսված տեղ:

Դատարանի դահլիճից ուղիղ եթերով ձայնագրություններ եւ լուսա-տեսանկարահանումներ հեռարձակելը կարող է իրականացվել բացառապես դատարանի թույլտվությամբ: Դատարանը թույլտվություն կարող է տալ՝ համապատասխան լրագրողի միջնորդության քննարկման արդյունքներով, ընդ որում՝ պետք է համարժեք հաշվի առնվի արդար դատաքննության իրավունքի լիարժեք պաշտպանության անհրաժեշտությունը: Դատարանի դահլիճից ուղիղ եթերով ձայնագրություններ եւ տեսանկարահանումներ կատարելու եւ ուղիղ եթերով հեռարձակելու վերաբերյալ թույլտվություն տալու կամ մերժելու որոշումները պետք է ուղեկցվեն անհրաժեշտ եւ բավարար հիմնավորումներով: Ընդ որում՝ դատարանը պարտավոր է օրենքին համապատասխան, համարժեք հաշվի առնել արդարադատության շահը: Ուղիղ եթերով ձայնագրություններ եւ լուսա-տեսանկարահանումներ հեռարձակելու թույլտվության հարցը քննարկվում եւ լուծվում է՝ նիստից անմիջապես առաջ նիստերի քարտուղարին ուղղված լրագրողի բանավոր դիմումի հիման վրա: Թույլտվությունը տրվում է տվյալ գործով դռնբաց դատական նիստերի ընթացքը ուղիղ եթերով ձայնագրություններ եւ լուսա-տեսանկարահանումներ հեռարձակելու համար եւ ընդհատվում է միայն օրենսդրությամբ նախատեսված հիմքերով դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Այս կարգը տարածվում է նաեւ դատական նիստի ընթացքում լուսա-տեսանկարահանումներ կատարելու համար թույլտվություն ստանալու գործընթացի վրա:

Մի կողմից էլ, ըստ այդ կանոնների` Բարձրագույն դատական խորհրդի եւ դատարանների կողմից չի կարող վկայի կամ տուժողի ինքնությունը բացահայտվել, քանի դեռ նրանք հստակ արտահայտված եղանակներով չեն տվել իրենց համաձայնությունը կամ նրանց անձն ունի հանրային նշանակություն կամ նրանք արդեն իսկ հրապարակայնորեն տվել են ցուցմունքներ: Վկայի կամ տուժողի ինքնությունը բոլոր դեպքերում չի կարող բացահայտվել, եթե նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում:

Նշեմ, որ 2024թ. հոկտեմբերի 28-ին ԲԴԽ-99-Ն-38 որոշմամբ փոփոխություններ եղան նախորդ կանոնների մեջ, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի դռնբաց նիստերին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցները, իսկ Բարձրագույն դատական խորհրդի արձանագրային որոշմամբ՝ կարող են ամբողջությամբ կամ նիստի մի հատվածում կատարել լուսա տեսանկարահանումներ, այդ թվում՝ անմիջապես հեռարձակել ուղիղ եթեր, որի թույլտվությունը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ձեռք են բերում նախապես՝ Մամուլի ծառայության միջոցով: Դատարանների գործունեության լուսաբանումը եւ հանրային իրազեկումը կազմակերպվում է դատարանների հանրային կապերի պատասխանատուների կողմից՝ Մամուլի ծառայության աջակցությամբ, իսկ Դատարանում հանրային կապերի պատասխանատուների բացակայության դեպքում՝ Մամուլի ծառայության կողմից: Լրագրողներն առանց որեւէ խտրականության եւ նախնական հավատարմագրման կարող են անարգել ներկա գտնվել դատական դռնբաց նիստերին: Մնացած կարգավորումները, ինչպես գիտենք, հենց տեղում դատարանի նախագահողի միջոցով է լինում, համապատասխան միջնորդությունների … միջոցով:

Կա մի հոդված, որը առաջարկվող փոփոխությունների հետ համահունչ չի կարող դիտվել, եթե այդ նախագիծն անցնի: Դա ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածն է, որը սահմանում է. «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: 2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: 3. Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` 3-ից 7 տարի ժամկետով»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 30.09.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test