«ՆԺԱՐ» սահմանադրական շարժումը հիմնադիր ժողովի քվեարկության արդյունքում որոշել է վարչապետի թեկնածու առաջադրել շարժման հիմնադիր անդամ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցին:
Այս մասին շարժման անդամները հայտարարել են լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Նինա Կարապետյանցը կուսակցական չէ: Այս որոշումը կայացվել է ոչ թե կուսակցական հաշվարկներից, այլ՝ շարժման արժեքային եւ ինստիտուցիոնալ տրամադրություններից: Իրավապաշտպան գործունեության ավելի քան 25 տարվա ընթացքում նա ապացուցել է իր սկզբունքայնությունը, անկոտրում կամքը, ճնշումներին դիմակայելու կարողությունը»,- ներկայացնելով վարչապետի թեկնածուին՝ ասել է «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման հիմնադիր անդամ Արտաշես Իկոնոմովը:
Նրա խոսքով՝ Նինա Կարապետյանցը մարմնավորում է այն համախմբող առաջնորդին, որը կենսական նշանակություն ունի այսօրվա Հայաստանի համար.
«Նինա Կարապետյանցը կդառնա միավորող առաջնորդ բոլոր առողջ ուժերի համար»:
«ՆԺԱՐ» շարժման վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը նշել է՝ իր հանդեպ եղած վստահությունը եւ՛ մեծ պատիվ է, եւ՛ մեծ պատասխանատվություն:
«Ես լիովին գիտակցում եմ՝ խոսքը ոչ թե անձնական հավակնությունների, այլ՝ ազգային միաբանության եւ համախմբման մասին է: Հայաստանը կանգնած է վճռական ընտրությունների առաջ: Երկիրն այլեւս չի կարող շարունակել ընթացքը ներկա ճգնաժամային ճանապարհով»,- ասել է Նինա Կարապետյանց՝ ընդգծելով՝ ժողովուրդը պետք է վերականգնի վստահությունը սեփական պետության նկատմամբ.
«Կոչ ենք անում բոլոր առողջ ուժերին եւ քաղաքացիներին համախմբվել երեք առանցքային կետի շուրջ: Առաջին՝ պետական խորհրդի ձեւավորում: Մենք առաջարկում ենք փոխարինել նախագահի ինստիտուտը կոլեգիալ, անկուսակցական բարձրագույն իշխանությամբ, որը կվերացնի ներկա սուպերվարչապետական լիազորությունները: Սա կկանխի իշխանության մենաշնորհը: Երկրորդ՝ թվային պետության ստեղծում: Պետական կառավարման բոլոր գործառույթները պետք է դառնան թափանցիկ եւ մատչելի: Երրորդ՝ համապարփակ անվտանգային համակարգի ստեղծում: Հայաստանը պետք է ապահովի իր պաշտպանությունը ոչ թե արտաքին երաշխիքների, այլ՝ սեփական ուժերի կազմակերպվածության վրա հիմնվելով»:
«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման վարչապետի թեկնածուի խոսքով՝ նշված կետերի իրականացման համար անհրաժեշտ է իրականացնել լյուստրացիա, որպեսզի պետական համակարգը մաքրվի նախկին կոռուպցիոն կապերից:
«2026 թվականի ընտրությունները լինելու են ոչ թե հերթական քաղաքական մրցակցություն, այլ՝ պատմական հանրաքվե Հայաստանի ապագայի շուրջ», - ասել է Նինա Կարապետյանցը:
«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման հիմնադիր անդամներից Գարեգին Միսկարյանը նշել է՝ եկել են եզրակացության, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները լուծելի չեն կուսակցական մակարդակում.
«Մինչեւ կուսակցական պայքարը նախ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Դրանց առաջին կետն իշխանության ճյուղերի տարանջատումն է, առանցքային կարեւորություն ունի մեր առաջարկած պետական խորհրդի ինստիտուտի ձեւավորումը: Այս կոնսոլիդացիան պետք է լինի վերկուսակցական եւ, սա հաշվի առնելով, Նինա Կարապետյացին առաջադրում ենք որպես ոչ կուսակցական անձ, որը կհամախմբի բոլոր գաղափարական ուժերին»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test