Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ թե գործողությունների վերջն է դրվել, այլ սկիզբը: Ըստ նրա՝ ճանապարհը դժվար է լինելու, կլինեն ճնշումներ:
Վերջինիս համոզմամբ՝ խաղաղությունը միայն կրակոցների բացակայությունը չէ, այն արժեքային համակարգ է:
«Այն երկրներն են դիմում պատերազմի, որոնք արհամարհում են մարդուն որպես արժեք: Ողբերգությունը չի կարելի հաշվել քանակով. յուրաքանչյուր մարդու կորուստը ողբերգություն է: Եվ խաղաղությունը պետք է նրա համար, որ մարդը մնա որպես արժեք»,- ասում է նա:
Թե որքանով են սրան պատրաստ ժողովուրդները, Բաբայանը չի կարողանում ասել, սակայն նշում է, որ հետևողական աշխատանք է հարկավոր տանել. «Մենք սիրում ենք մահը արժևորել, բայց, ի վերջո, երեխաները ծնվում են սիրո արդյունքում, ոչ թե ատելության ու թշնամանքի»:
Խոսելով «Իրական Հայաստանի» գաղափարախոսության մասին՝ նա նկատում է. «Իրական հակասությունը իրական և երևակայական Հայաստանների միջև է: Երևակայականը կապ չունի իրականի հետ: Դու քո համար երևակայում ես, որ երկիրը, ժողովուրդը պիտի լինեն այսպիսին, երբ դա չի համապատասխանում իրականությանը, ողբերգություն ես ապրում: Բայց ո՞վ է ասում՝ երևակայես: Իրական իրավիճակը պետք է պահենք»:
Ըստ Բաբայանի՝ մեզ ենթագիտակցորեն սովորեցրել են, որ չենք կարող ապրել ինքնուրույն. Հայաստանը պետք է պառկի ինչ-որ մեկի տակ:
«Եթե ռուսի տակ չենք պառկում, այլընտրանքը թուրքի տակ պառկելն է: Դու չես կարող կանգնած ապրել, անպայման պետք է պառկես: Սա հարգանքի բացակայությունն է ինքներս մեր հանդեպ: Խնդիրը ոչ թե Ռուսաստանն ու Թուրքիան են, այլ խնդիրը պառկելու և կանգնելու մեջ է»,- նկատում է նա:
Վերջինս ընդգծում է՝ պետք է ճակատագիրը չկապել որևէ երկրի հետ, որովհետև կարող է գալ մի պահ, որ նա քեզ դավաճանի:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test