Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո նախատեսված էր պատվիրակների հետ հարցուպատասխան, սակայն այն սահմանափակվեց միայն քաղաքական խմբերի խոսնակների հարցերին պատասխանելով։ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն ասաց, որ նախատեսված ժամանակն արդեն լրացել է։
Այս առիթով ԵԽԽՎ Պահպանողականների խմբի խոսնակ, Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Էդվարդ Լեյը, որին «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն օգտագործելու համար Նիկոլ Փաշինյանը քննադատել էր, դժգոհեց, թե սա խորհրդարանական ժողով է, և օտարերկրյա պատվավոր առաջնորդներին հրավիրելու ամբողջ իմաստն այն է, որ այստեղ գտնվող մարդիկ հնարավորություն ունենան հարցեր տալու ու անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ կարճ տևած հարցուպատասխանին՝ հայտարարեց․ «Իրականում այսօր ստացված պատասխանները անհամաչափ երկար էին, և, որպես արդյունք, դահլիճից ոչ ոք հնարավորություն չունեցավ խոսելու»։
Այնուհետև դիմելով ԵԽԽՎ նախագահին՝ հորդորեց, որ երբ ապագայում հրավիրվեն օտարերկրյա առաջնորդներ, տեղեկացնեն նրանց, որ նրանք այստեղ են ԵԽԽՎ պատվիրակների հարցերին պատասխանելու, այլ ոչ թե երկար ելույթներ ունենալու համար»։
ԵԽԽՎ նախագահն արձագանքեց․ «Գուցե Դուք այս Վեհաժողովի ավելի հնաբնակ անդամ եք, քան ես, բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք երբեք չենք խնդրել որևէ վարչապետի կամ պետության ղեկավարի իրենց նախապես պլանավորած ելույթը չհնչեցնել։ Իհարկե, մեր բոլոր հյուրերը տեղյակ են ժամանակի սահմանափակման մասին։ Կարծում եմ՝ հատկապես այս դեպքում արժեր ավելի երկար լսել Հայաստանի վարչապետին։ Ես ձեզանից մեկն եմ, որ չկարողացավ հարցեր տալ։ ԱՄՆ նախագահը նախաձեռնություն ցուցաբերեց՝ լուծելու շատ մեծ, կարևոր խնդիր։ Եվ կարծում եմ, որ հենց այս պատճառով էլ արժեր ավելի երկար լսել ՀՀ վարչապետին, քան սովորաբար։ Բայց ես հաշվի եմ առնում Ձեր ասածը և այս ուղերձը կփոխանցեմ մեր հաջորդ հյուրերին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test