Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Չկա հավաստի քաղաքականություն՝ առանց ժամանակագրության hraparak.am hraparak.am

time
Չկա հավաստի քաղաքականություն՝ առանց ժամանակագրության

Նորից դառնանք մեր «նվաճումներին»։ Ինչպես ամենուր, այնպես էլ մեզ մոտ շահարկվում են «բարոյականություն», «ազնվություն», «արդարություն», «երջանկություն», «ժողովուրդ», «հայրենիք» եւ այս կարգի այլ լայնախոհ բառիմաստություններ։ Նորույթ չէ, որ հայաստանյան մեկնությունների զգալի մասում տեղ ունեն քաղաքական տիրույթից վտարված, պատմազգացմունքային որակներով ուռճացած վերոհիշյալ բառերով համակցություններ (կոմբինացիաներ)։ Դրանք հանրության զգալի մասին խրտնեցնում են իրենց ճոռոմաբանությամբ։ Ակներեւ է, թե ինչպես են իշխանություններն այդ բառակապակցություններն օգտագործում՝ իշխանությունը վերարտադրելու համար, իսկ ակնառու ընդդիմադիրները՝ իշխանության գալու, կամ եթե գործող իշխանությունը վերարտադրվի՝ ստիպված ճամբարափոխ «հաճախորդ» դառնալու համար։ Նախադեպերից ամենահիշարժանը 1998-ին էր, երբ իշխող ուժի՝ ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցության պատգամավորների գերակշիռ զանգվածը մի գիշերվա ընթացքում երկրապահացավ (կարեւոր չէ՝ ում հորդորով ու պարտադրանքով) եւ հռչակվեց «հաճախորդների» դասակարգի ծնունդը հայաստանյան քաղաքական դաշտում։

Նույնիսկ փակ աչքերով տեսանելի է, թե ինչպես հանրության համար քաղաքականապես ապակողմնորոշող ծուղակ է դարձել նաեւ ՀՀ երկրորդ նախագահը՝ արդեն որպես ամենակարող մեծահարուստ գործարար եւ ԱԺ գալիք ընտրություններում ՀՀ ղեկավարի պոտենցիալ թեկնածու։ Գուցե հանրությանը տարօրինակ թվա, սակայն ՀՀ երկրորդ նախագահն ու գործող վարչապետը միմյանց նկատմամբ զուսպ, զգուշավոր, ինչ-որ տեղ գաղտնանախանձ հանդուրժողականություն են տածում (երեւի շահերի համընկնման պահը մոտեցել է), իսկ եթերով հնչող նրանց փոխադարձ «կսմիթները» զուտ խոսքեր են՝ հանուն խոսքի։ Նույնիսկ պարզ քաղաքացիների բողոք-փնթփնթոցները մեղմելու, հանրության ուշադրությունն իրականությունից շեղելու համար ներկայիս իշխանության առաջին դեմքերը կրկին նշանառության տակ են առել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ առայսօր միակ պետական գործչի անձը, թե իբր նրա դասական դարձած մտքերն ու քայլերը Հայաստանը հանգեցրին ներկայիս աղետալի վիճակին, իբր նա վախեցավ, այսպես չասեց, այնպես չարեց․․․ Հավելենք, որ ՀՀ երկրորդ նախագահի լավ ու վատ որոշումները նույնպես ժամանակագրվել ու շարունակում են փաստագրվել հայոց նորագույն պատմության ընթացիկ մատենաշարում։

Արժե հիշել Հայաստանի գործող առաջին դեմքի աշխատուժը բնութագրող փաստերից մի քանիսը։

Փաստ 1 (բարոյակենցաղային)․ մի գյուղացու տան այգում կանեփ-մոլախոտի չորս ցողուն են հայտնաբերում, բռնում են այգու տիրոջը, դատում որպես նարկոբիզնեսի կարկառուն գործակալ։ Ինչ խոսք, եթե դա իրողություն է, ապա այդ մարդը մի քանի մոլախոտի համար էլ պետք է պատժվի։ Սակայն խնդիրը մոլախոտը չէ, երբ այդ մանր-մունր հանցանքների երեւակումը բոլոր հեռուստաեթերներով մատուցվում է որպես դարիս մեծագույն հանցագործության բացահայտում։

Փաստ 2 (բարոյաիրավական)․ վերը նկարագրվածը ներկայացվում է այնպես, կարծես ՀՀ երկրորդ նախագահի իշխանավարման տարիներին իրագործված սպանությունների (այդ թվում՝ հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի) պատվիրատուներն են հայտնաբերվել, ահռելի հարստությունն ու անշարժ գույքն են բռնագրավել։

Փորձենք վերծանել այդ 2 կետի միջեւ ֆունկցիոնալ կապը։

Վարկած 1․ Թիրախավորվում է միայն ՀՀ երկրորդ նախագահը, վերարտադրվում է գործող վարչապետը եւ փրկում իրեն (իր իշխանությունը), հետն էլ՝ ՀՀ երկրորդ նախագահի մասնավոր կապիտալը։ Վարկած 2․ Թիրախավորվում է միայն գործող վարչապետը։ Ընտրված նոր վարչապետը՝ ՀՀ երկրորդ նախագահը, թոշակավորված վարչապետին փրկում է «պատերազմի հրձիգ» պիտակից, ավելին՝ օծում է «խաղաղության աղավնի» մակդիրով։ Այս վարկածների մտապատկերում (տեսլականում) ակտիվ ընդդիմությունը վերածվում է՝ ոչ ավել, ոչ պակաս, օրվա իշխանության «հաճախորդի»։ Արգասիքը՝ ապահովվում է ոչ օրինակարգ քաղաքական համակարգի շարունակականությունը, ասել է թե՝ ե՛ւ ոչխարներն են ողջ, ե՛ւ գայլերն են կուշտ։

Ի դեպ, նշված առաջին դեմ­քերի ընդհանրությունների ընդհան­րությունն այն է, որ նրանք գաղափարախոսության (իդեոլոգիա) նկատմամբ իմունիտետ չունեն, բավարարվում են հանրությանն իրենց օրախնդիր ծրագրերը մատուցելով որպես քաղաքական մտքի բարձրագույն կերպեր։ Իսկ եթե էլի խորանանք, կտեսնենք, որ 1998-ից այս կողմ Հայաստանի առաջին դեմքերի գաղափարախոսությունն ինքնանվաստացման իդեոլոգիա է։ Եթե ավելի բարձր դիրքերից դիտենք, կհամոզվենք, որ 1998-ի իշխանազավթմանը հաջորդած կործանարար հետեւանքների պատճառը ոչ թե գործող առաջին դեմքերի փոփոխությունն է, այլ՝ քաղաքականության շարունակականության խաթարումը։

Գուցե ոմանք ներկայացված փաստերը որակեն որպես ստերով լեցուն գայթակղիչ ծուղակներ: Իսկ գուցե գտնվեն այլ մարդիկ, ովքեր կմտածեն՝ արդյո՞ք չենք ուշացել՝ սկսել մեզնից․ ինքներս մեզ ճանաչենք, հետո ուրիշներից պահանջենք՝ ճանաչել մեզ: Ըստ Խորենացու ժամանակագրության՝ հավաստի քաղաքականության գրավականը սա չէ՞…

ՀԳ․ Բակա-տաղավարային քննարկումներից մեկի ժամանակ մի թոշակառու կատակեց, ձեւափոխեց Երվանդ Մանարյանի (Ալամեզոնի) խոսքը հայտնի ֆիլմից եւ այն հղեց վարչապետին․ «Քեզի շլյապա՞ն է, որ պիտի զարդարե․․․»։

Արամայիս Ասլանյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test