Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մենք ստրուկների հասարակություն չենք hraparak.am hraparak.am

time
Մենք ստրուկների հասարակություն չենք

Սեպտեմբերի 28-ին Մոլդովայում ընդդիմությանը չհաջողվեց ընտրություններով հաղթել իշխանությանը: Նախընտրական շրջանի սոցհարցումները, ընտրությունների օրը տեղամասերի մոտ կազմակերպված էքզիթ փոլերը ցույց էին տալիս, որ իշխանության «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցությունը չի կարող հաղթել, նրա վարկանիշը տատանվում է 30 տոկոսի շրջանակներում, մինչդեռ 4 քաղաքական ուժերից կազմված «Հայրենասիրական դաշինքը» եւ «Այլընտրանք» կուսակցությունը կարող են միասին խորհրդարանական մեծամասնություն ձեւավորել: Բայց Մոլդովայի ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներով՝ իշխանության կուսակցությունը ոչ միայն հաղթել է, այլեւ կարող է միայնակ ձեւավորել կառավարություն: Մոլդովայի եւ Հայաստանի նմանությունները բազմաթիվ են, այդ թվում՝ այն, որ Մոլդովայի խորհրդարանը եւս 101 մանդատ ունի (մեզ նման երկրների սահմանադրությունները գրվում-խմբագրվում են նույն գրասենյակում), որոնցից 54-ը բաժին հասավ իշխանությանը:

Մոլդովայի եւ Հայաստանի նմանությունը դրանով չի սահմանափակվում. Մոլդովայի իշխանությունը եւս երկիրը տանում է ԵՄ, Մոլդովան մեզնից մի բան էլ առաջ է, արդեն ԵՄ անդամի թեկնածու է, ունի վիզաների ազատականացված ռեժիմ, իսկ նրան ընդդիմացող եւ պրոռուսական հռչակված հիմնական ընդդիմադիր «Հայրենասերների դաշինքի» մեջ են մտնում Սոցիալիստների կուսակցությունը` նախկին նախագահ Իգոր Դոդոնի գլխավորությամբ, Կոմունիստների կուսակցությունը` նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի գլխավորությամբ, եւ նախկին վարչապետ Վասիլի Թարլավայի «Ապագա Մոլդովա» կուսակցությունը: Մոլդովայի նախկին նախագահները եւ նախկին վարչապետը կարողացել էին մի կողմ դնել իրենց տարաձայնությունները եւ հանդես գալ միասնական բլոկով, բայց նույնիսկ այս միասնությունը չօգնեց:

Ի՞նչ արեց իշխանությունը Մոլդովայում, որը կարող է անել նաեւ ՀՀ իշխանությունը, ունենալով արեւմտյան երկրների աջակցությունը, սահմանափակեց բազմաթիվ քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին: Դեռ ընտրություններից մի քանի ամիս առաջ Մոլդովայի ԿԸՀ-ն թույլ չտվեց Իլան Շորի «Հաղթանակ» կուսակցությանը՝ մասնակցել ընտրություններին` «փաստաթղթաշրջանառության խախտումներ եւ ընտրական օրենսդրության պահանջների չպահպանում» հիմնավորմամբ: Շորը հայտնի օլիգարխ է, որին անվանում են ռուսամետ, երկար տարիներ գտնվել է կալանքի տակ: Շորը հակասական կերպար է, բայց հարցը կերպարը չէ, այլ՝ այն, որ ԿԸՀ-ն կարող է վերցնել ու թույլ չտալ որեւէ կուսակցության՝ մասնակցել ընտրություններին: ԿԸՀ-ն 2 կուսակցության արգելեց մասնակցել` քվեարկության նախորդ օրը: Գագաուզիայի նախկին ղեկավար Իրինա Վլախի «Մոլդովայի սիրտը» եւ «Մեծ Մոլդովա» կուսակցություններին հեռացրին քվեարկությունից ընդամենը 1 օր առաջ, այն դեպքում, երբ անունները գրված էին քվեաթերթիկներում: Կարո՞ղ է Փաշինյանը նման բան անել Հայաստանում` իհարկե:

Մոլդովայում իշխանությունը հասարակությանը վախեցնում էր պատերազմով, ասում էր, որ եթե հաղթեն պրոռուսական ուժերը, ռուս զինվորականները քաղաքացիական հագուստով գալու են Մոլդովա, անցնելու են կիսանկախ Մերձդնեստրի մոլդովական հանրապետության տարածք, որտեղ արդեն 30 տարուց ավելի ռուսական ռազմաբազա կա, եւ այնտեղից հարձակվելու են Ուկրաինայի վրա, Մոլդովան ներքաշելով պատերազմի մեջ: Եթե ուզում եք խաղաղություն եւ եվրոպական ապագա, ընտրեք իշխանությանը, քանի որ իշխանությունն է խաղաղության միակ երաշխավորը: Տեսնո՞ւմ եք նմանություն. կարծում եմ՝ կա: Հասարակություններին պատերազմով վախեցնելու ու սպառնալու տեխնոլոգիան Նիկոլ Փաշինյանը չի հորինել, նա դրանից օգտվում է:

Այն, որ ԵՄ-ն աջակցում էր իշխող քաղաքական ուժին, դրանում կասկած չկար: Եվրոպական երկրների ղեկավարները քարոզարշավի ընթացքում այցելում էին Մոլդովա՝ ցույց տալով իրենց քաղաքական եւ քարոզչական աջակցությունը: Ընտրություններից անմիջապես հետո ոչ միայն շնորհավորեցին հաղթողին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ Մայա Սանդուն ապահովեց ժողովրդավարության հաղթանակը եւ կանգնեցրեց Ռուսաստանին: Նրանց մոտիվացիան պարզ է. Սանդուն Մոլդովան տանում է ԵՄ:

Բայց որ Ռուսաստանը եւս կաջակցեր իշխանությանը, այ, դա արդեն անակնկալ էր: Քվեարկության օրվանից 2 օր առաջ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, որը ղեկավարում է ոչ անհայտ Սերգեյ Նարիշկինը, հայտարարեց, որ իշխանության կուսակցության պարտության դեպքում ԵՄ-ն պատրաստվում է ռազմական ներխուժում կազմակերպել Մոլդովա եւ զորք ու տեխնիկա է կուտակել Ռումինիայի տարածքում: Ո՞ւմ օգտին աշխատեց այդ «բացահայտումը»․ իհարկե՝ իշխանության, որովհետեւ ընտրողների մի մասը դրա մեջ տեսավ նոր պատերազմի ռիսկ ԵՄ-ի եւ արյունակից Ռումինիայի հետ, եւ գերադասեցին իրենց քվեարկությամբ չգրգռել եվրոպացիներին ու երկիրը չներքաշել պատերազմի մեջ: Կարծում եմ` այս հարցում եւս նմանություն կա. պատկերացրեք` եթե Հայաստանում ընտրություններից 1 կամ 2 օր առաջ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարի, որ ընտրություններում Փաշինյանի պարտության դեպքում Ադրբեջանը եւ Թուրքիան ներխուժելու են Հայաստանի տարածք եւ արդեն զորք են կուտակել սահմանին, ո՞ւմ օգտին է աշխատելու այդ հայտարարությունը:

Արդյո՞ք սա նշանակում է, որ չպետք է մտածել ընտրություններում Փաշինյանին հաղթելու մասին կամ չմասնակցել դրանց՝ մտածելով, որ դրանք, մեկ է` կեղծվելու են: Անկախ ամեն ինչից՝ պայքարել անհրաժեշտ է, թեկուզ նրա համար, որ պարտության գաղափարի հետ համակերպվելը նշանակում է ընդունել, որ մենք ստրուկներ ենք, եւ մեզնից ոչինչ կախված չէ: Իսկ մենք հաստատ ստրուկներ չենք, ստրուկների հասարակություն չենք:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test