Պայթյուն՝ Երևանի Այասի 112 հասցեում գտնվող շինություններից մեկում. կա 4 վիրավոր. մի քանի սենյակներում հայտնաբերվել են արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացիներ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված անձինք տեղափոխվել են Այասի 112 հասցեից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են պարեկները և ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը։Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից հիվանդանոցներ են մեկնել քննիչները։ Այս պահին համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը և ում է պատկանում այդ տարածքը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տարածքը հիշեցնում է կիսակառույց, փնթի մի շինություն, որտեղ հավանաբար աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել, թե ինչից՝ պարզվում է։Իսկ պայթյունի հետևանքով կոտրվել են պատուհանի ապակիները և առաստաղի վրա փակցված պլաստմասե կոնստրուկցիաները։Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։