Սեպտեմբերի 27-ին 168.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 26-ին Բաքվի դատարանն անցել է ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի ոչնչացման փաստին, և ոչ միայն նրա: Նաև նշել ենք, որ «դատավարության» օրակարգից դուրս չի եկել Ապրիլյան պատերազմը:
Սեպտեմբերի 29-ի նիստում Բաքվի դատարանը շարունակել է ադրբեջանական դիվերսանտների ոչնչացման փաստերի քննությունը, հրապարակվել են ինչ-որ փաստաթղթեր:
Խոսքը, մասնավորապես, Գուրբանով Չինգիզ Սալման օղլուի մասին է, որը, ըստ Բաքվի դատարանում հրապարակված փաստաթղթերի, «սպանվել է 122 մմ-անոց հրետանային P-4 տեսակի արկի արձակումից», որն իբր ««սպիտակ ֆոսֆոր» է պարունակել»:
Նշենք, որ Գուրբանով Չինգիզին Ալիևը հետմահու Ադրբեջանի ազգային հերոսի կոչում էր շնորհել:
Ի դեպ, այս անգամ ևս ադրբեջանական լրատվամիջոցները չեն մանրամասնել իրենց զինվորի ոչնչացման հանգամանքները, որին սկզբում անհետ կորած էին համարել, իսկ կարճ ժամանակ անց նրա մարմինը հայկական կողմը փոխանցել էր Ադրբեջանին:
Իսկ ինչ էր իրականում տեղի ունեցել:
2016 թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել էին ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ էր շպրտվել՝ տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:
Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել էր կորուստներ, և ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը զավեշտ էր համարել Ադրբեջանի՝ սեփական զինվորի անհետ կորելու փաստը և այլ պնդումներ:
«Այսօր առավոտյան ձեռնարկած սադրանքից հետո ադրբեջանական կողմը, ժամեր շարունակ լռություն պահպանելուց հետո, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում, իրեն բնորոշ անհեթեթ ոճով փորձում է տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա:
Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական կողմը սադրանքի ընթացքում կորուստներ է տվել: ՀՀ զինծառայողները սպանվել են իրենց ծառայության վայրում: Այս ֆոնին զավեշտի են վերածվում պնդումները՝ հայկական կողմի հետախուզական խմբի գործողությունների և ադրբեջանական զինվորականի անհետ կորելու մասին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր դիրքորոշումը միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ՝ նման սադրանքները կանխելու և զինադադարի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների անշեղ կատարման վերահսկելիությունն ապահովելու նպատակով»,- նշվում էր 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տարածված հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ոչնչացված ադրբեջանական դիվերսանտի մարմինը հայկական կողմն Ադրբեջանին հանձնել էր 2017 թվականի փետրվարի 5-ին՝ Տավուշի հատվածում:
Ի դեպ, գրեթե միաժամանակ ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, որ Ադրբեջանի ազգային հերոս Չինգիզ Գուրբանովի եղբայրն աշխատանքի է անցել երկրի Ազգային անվտանգության ծառայությունում:
Իսկ սեպտեմբերի 29-ի Բաքվի «դատավարության» ժամանակ հերթական անգամ քննության են առնվել 2020 թվականի հուլիսյան մարտերը և հատկապես ադրբեջանցի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի և գնդապետ Իլգար Միրզաևի ոչնչացման փաստը:
Նշենք, որ Ադրբեջանը հուլիսյան մարտերի ժամանակ, մասնավորապես, կորցրել էր իր երրորդ բանակային կորպուսի շտաբի պետին՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին, ինչպես նաև՝ 3-րդ բանակային կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզաևին և այլ սպաների:
168.am-ը գրել էր, որ հուլիսյան մարտերից հետո ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովի մայրը հայտարարել էր, որ իրականում իր տղային «սպանել է» Ադրբեջանի ԳՇ այսօրվա պետ Քերիմ Վելիևը, ով այդ ժամանակ երկրի պաշտպանության փոխնախարարն էր, այսինքն, տարբեր շարժառիթներից ելնելով՝ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը Փոլադ Հաշիմովին ուղարկել է մարտական գործողությունների վայր՝ հաշվարկով, որ նա այնտեղից չի վերադառնա:
Այնուհետև Բաքվի դատարանն անդրադարձել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին, հրապարակել փաստաթղթեր, որոնց համաձայն՝ «հայկական զինուժը ապրիլի 2-30-ը խոշոր տրամաչափի հրաձգային զենքից, հրետանային միջոցներից, ականանետից, նռնականետից կրակ է բացել ոչ միայն խաղաղ բնակավայրերի ուղղությամբ»:
Մի առիթով հայտնել ենք, որ 2016 թվականին Ադրբեջանն ինքն է խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և կատարել դիակների խոշտանգում, ողջ մարդկանց գլխատում: Նույնը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի օրերին, 2022 թվականին արդեն ՀՀ տարածքում սանձազերծված սեպտեմբերյան մարտերի ժամանակ: Դեռ չենք նշում այս դեպքերից առաջ հայ գերիների խոշտանգման և սպանության դեպքերի մասին:
Ավելին, Ադրբեջանն իր հրետանին 2016-ին, դրանից առաջ էլ տեղակայել էր սեփական բնակավայրերին մոտ՝ թիրախ դարձնելով իր իսկ քաղաքացիներին:
Հավելենք, որ 2016 թվականի ապրիլի 5-ին հրադադարի պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակել է խախտել այն, և ապրիլի 6-30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 13 զոհ (ապրիլի 2-5-ը հայկական կողմը տվել է 75 զոհ), որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային:
Իսկ Բաքվի «դատական» հաջորդ նիստը հոկտեմբերի 2-ին է նշանակված:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test