«Ես խստորեն դատապարտում եմ Ձեր կողմից ապալեգիտիմ բառապաշարի օգտագործումը այս հեղինակավոր դահլիճում և այս հեղինակավոր ինստիտուտում», - այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով եվրոպացի պատգամավորին:
Մինչ Հայաստանի վարչապետը ադրբեջանական խոսույթն է ուզում կանխել, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» տերմինն այլևս եվրոպացիների բառապաշար է մտնում: ԵԽԽՎ-ում եվրոպացի պատգամավորն այսօր վարչապետին տված հարցի մեջ հենց այդ եզրույթն օգտագործեց, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց կարդալ վաշինգտոնյան փաստաթղթերը՝ մինչև հրապարակային ելույթը:
«Որտեղի՞ց այդ արտահայտությունը Ձեզ, որտե՞ղ եք կարդացել էդ արտահայտության մասին: Նման արտահայտություն չկա, չի եղել, և համոզված եղեք՝ չի լինի Հայաստան - Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում», - ասաց վարչապետը:
Շաբաթ օրը ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևին էր դիմել պարզաբանելու կոչով՝ ի՞նչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը օգտագործելով, պնդել էր, որ հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։
«Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում՝ այս ամբիոնից, օգտագործել է այպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ` իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում», - ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իսկ Ադրբեջանի գործընկերներից ակնկալում եմ, որ նրանք ցույց տան՝ քարտեզի վրա ցույց տան, թե որտեղ նկատի ունեն, որ հատվածն են անվանում «Զանգեզուրի միջանցք»: Եթե դա որևէ կերպ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, կներեք, որևէ մեկը, Հայաստանի Հանրապետության տարածքում անուններ որոշելու իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետությունը, հակառակ գործելակերպը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում, ինչի շուրջ բարձրագույն մակարդակով հրապարակային ձեռք է բերվել պայմանավորվածություն», - այսօր ԵԽԽՎ-ում հայտարարեց Հայաստանի վարչապետը:
Մինչ Բաքվից պատասխան չկա, Ադրբեջանի վարչապետը երեկ էլ մեկ այլ միջազգային հարթակում՝ ԱՊՀ վարչապետների հանդիպմանը կրկնեց «Զանգեզուրի միջանցք» տերմինը:
Ալի Ասադովը նաև հավելել է, որ տարածաշրջանում առկա նոր իրողությունները հաշվի առնելով սկսվում է ակտիվ աշխատանքը «նոր Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ, որը կմիավորի Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, հաղորդում է «Ազերթաջ» գործակալությունը:
Հայաստանի կառավարությունից փոխանցեցին, որ Ալի Ասադովին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է արձագանքել: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը Բելառուսում էր, դրան Գրիգորյանը հեռավար է մասնակցել:
«Փոխվարչապետն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթին ի պատասխան հայտնել է, որ հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից՝ հավելելով, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» սահմանումը», - տեղեկացրեցին Հայաստանի կառավարությունից:
«Բացարձակ ոչինչ միջանցքի մասին չէ՝ ո՛չ բովանդակությունը, ո՛չ անունը, դրա համար մենք էլ ենք ուզում հասկանանք, ուղիղ պատասխան ենք ուզում լսենք և հասկանանք՝ ի՞նչ է դա», - ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Հայաստանի վարչապետը մինչև վերջերս խաղաղությունն այլևս կայացած փաստ էր համարում, իսկ այսօր Բաքվից պատասխան է ակնկալում չվերանայած հռետորաբանության վերաբերյալ: Այսօր նրա թիմակից Հասմիկ Հակոբյանն ասաց՝ պատասխան պետք է հնչի, որի վրա կկառուցեն իրենց հետագա քաղաքականությունը:
«Սա միայն Նիկոլ Փաշինյան - Իլհամ Ալիև հարաբերություններ չեն, սա երկու ազգերին վերաբերող, երկու պետություններին վերաբերող, մեր ներկային և ապագային վերաբերող հարց է շատ կարևոր, և դրա համար մենք չենք ուզում ենթադրություն անել, ուզում ենք ստանալ պատասխան, ըստ այդմ շարժվել առաջ», - ընդգծեց Հակոբյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test