ԱԺ նստաշրջանում թեժ բանավեճի մթնոլորտում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որը վերաբերում է Քրեական օրենսգրքի գործող 136-րդ հոդվածին՝ ցեղասպանություններին եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, դրանք քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու կարգավորումների փոփոխմանը եւ ավելի հստակեցմանը։ Առաջարկվում է հստակեցնել այն իրավիճակները, երբ այս արարքը անվերապահորեն կառաջացնի քրեական պատասխանատվություն։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց․ «Մեզ համար հիմք էր հանդիսացել ոչ միայն փաստացի վիճակագրական տեղեկատվությունը, որ այս հոդվածով որեւէ անգամ, երբեւէ քրեական վարույթ չի նախաձեռնվել, թեեւ բազմաթիվ են եղել փաստերը, երբ հայոց ցեղասպանության հերքման, արդարացման, մեղմման ուղղությամբ հրապարակային հայտարարություններ են հնչել, բայց նաեւ երկրորդ կարեւոր պատճառն այն է, որ այսօր ներկա պայմաններում, երբ իրավական պայմանները չափազանց կարեւոր են, որպեսզի որեւէ արարքի ճշգրիտ բնութագրում տրվի, շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք թե հայոց ցեղասպանությունը, թե ՀՀ կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունները եւ թե նաեւ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանություններն արդարացնողների նկատմամբ իրականացնենք քրեական հետապնդում։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման առանցքային խնդիրը եղել է հայ ժողովրդի անվտանգության կարեւոր բաղադրիչը։
Երկրորդ հանգամանքն այն է, որ հատկապես Արցախում էթնիկ զտումների տեսքով իրականացված ցեղասպանության եւ նաեւ դրա միջազգային ընկալումների տեսակետից չափազանց կարեւոր է, որպեսզի նաեւ այս ուղղությամբ մենք կարողանանք հստակ իրավական կարգավորումներ առաջարկել։ Ելնելով այս հանգամանքներից՝ առաջարկել ենք, որպեսզի այս հոդվածը վերափոխվի եւ դառնա ավելի պրակտիկ ու գործնական»։
Նա հստակեցրեց՝ սա վերաբերում է բոլոր այն հայտարարություններին, որոնք հայոց ցեղասպանության փաստը կարող են կասկածի տակ դնել, որոնք կարող են հայոց ցեղասպանության հետեւանքները մեղմացնել, պատճառահետեւանքային կապն աղավաղել։
Մինասյանն ասաց, որ այս նախագծի վերաբերյալ կա կառավարության բացասական եզրակացությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հարց ուղղեց Արծվիկ Մինասյանին․ «Այսինքն՝ դուք համարում եք, որ օրինակ այն դասագրքերը, որոնցով ես դպրոցում սովորել եմ եւ որոնք գրվել են դաշնակցական նախարարների օրոք, նույնպե՞ս պետք է լինեն քրեական հետաքրքրության առարկա, որովհետեւ դրանցում ես անցել եմ հետեւյալ պատմական պատումը, որ հայկական հարցը մշտապես եղել է մեծ տերությունների շահարկման գործիք՝ ընդդեմ օսմանյան կայսրության»։
Արծվիկ Մինասյանն ասաց․ «Ի տարբերություն դրա, տիկին Կարապետյան, ձեր բազմաթիվ հայտարարություններ կարող են լինել իրավական տեսակետից ուսումնասիրության եւ իրավական գնահատականի առարկա։ Ակնհայտորեն այնպիսի արտահայտություններ, որոնցով դուք փորձ եք անում մեղմել ցեղասպանության հետեւանքները եւ բթացնելուն ուղղված գործողություններ իրականացնել՝ ստեղծելով կեղծ ապահովության միջավայր՝ հատկապես ժամանակակից Թուրքիայի եւ նրա կրտսեր եղբայր Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունների մասով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կառավարության անունից արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ասաց, որ իրենց կարծիքով՝ քրեական պատասխանատվության սպառնալիքով պետք է արգելված լինեն այն արարքները, որոնք մեծ եւ իրական հանրային վտանգավորություն են իրենցից ներկայացնում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը (լուսանկարում) դիմեց Դադունցին․ «Դուք գունավոր նկարագրում եք, թե Հայաստանում այդ օրենսդրությունը կա, կարգավորումները կան, եւ կարիք չկա հստակեցումներ մտցնելու։ Ձեր պետական ամբողջ համակարգը պարտավոր է Քրեական օրենսգրքի դեմ ոտնձգությունները կանխարգելել։ Այսօր ՀՀ ամբողջ տարածքում՝ բոլոր գրախանութներում գրեթե վաճառվում է հրեական ցեղասպանության՝ Հոլոքոստի այբուբենը։ Մինչեւ այս պահը ձեր կառավարությունը որեւէ քայլ ձեռնարկե՞լ է Քրեական օրենսգրքի 136 հոդվածի խախտումները կանխարգելելու համար։ Խոսքը վերաբերում է ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին, որի ստեղծագործությունն այն հիմքն էր, որի հիման վրա ֆաշիստական Գերմանիան ամբողջ Եվրոպայում իրականացրեց հրեաների ցեղասպանությունը։ Նույն տրամաբանությամբ վաղը Ջեմալի, Էնվերի ու Թալեաթի գրքերի հրատարակությունը Հայաստանում կհամարեք որպես խոսքի ազատություն»։
Ի պատասխան Դադունցն ասաց․ «Ձեր բերված օրինակի եւ մեր միջազգային պարտավորությունների միջեւ շատ նուրբ սահման կա։ Եվ այդ սահման անցնելու դեպքում մի օր էլ կարող է դուք մեզ քննադատեք, որ կառավարությունը գրաքննություն է իրականացնում՝ գրախանութներում արգելելով գրքերը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test