Մեկ տարի առաջ ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկային պատկանող «Ռուսալ-Արմենալ» գործարանը բարդ ժամանակներ էր ապրում: ՀՀ տնտեսության այդ կարեւորագույն օբյեկտն իրացման շուկաների հետ կապված խնդիրներ ունեցավ, քանի որ իր արտադրանքն արտահանում էր ԱՄՆ եւ եվրոպական երկրներ, որտեղ գործում էին հակառուսական պատժամիջոցներ: Նույնիսկ խոսակցություն կար, որ ռուսաստանցի սեփականատերերը որոշել են այն ապամոնտաժել եւ տեղափոխել Ռուսաստան, որտեղ նոր գործարան կհավաքեն եւ փայլաթիթեղի (ֆոլգայի) ու նմանատիպ այլ ապրանքների արտադրությունը կիրականացնեն Ռուսաստանում:
Անգամ Հարավկովկասյան երկաթուղու հետ էին պայմանավորվել` մոտ 300 վագոնով «Արմենալի» «մասունքները» ՌԴ տեղափոխելու մասին: Կառավարությունը եւ հայկական աշխատակազմը դեմ էին այս ծրագրին: Բանակցություններ էին սկսել ռուսական կողմի հետ՝ գործարանի պրոֆիլը՝ փայլաթիթեղի արտադրությունը պահպանելու համար: Այս մեկ տարում «Արմենալում» տնօրեն փոխվեց, որոշ այլ փոփոխություններ էլ արվեցին: Մասնավորապես, մայիսին ներդրումային ծրագրի շրջանակներում կառավարությունը ընկերությանը 290,5 մլն դրամի մաքսատուրքից ազատեց: Այդ ծրագրով նախատեսվում էր 5․2 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։
Մենք հարցում ուղարկեցինք էկոնոմիկայի նախարարություն՝ տեղեկանալու, թե ինչ վիճակում է գործարանը հիմա, ինչ ծավալով է աշխատում եւ այլն: Ենթադրվում էր, որ «Ռուսալ-Արմենալը» մեր կառավարության առաջնահերթություններից է, եւ էկոնոմիկայի նախարարությունն ուշի-ուշով հետեւում է գործարանի շնչառությանը: Ի զարմանս մեզ, նախարար Գեւորգ Պապոյանի անունից մեզ պատասխանեցին, որ նախարարությունը չունի իրավասություն՝ վիճակագրական տվյալներ հավաքագրելու, եւ բերեցին վիճկոմի տվյալները, որոնց համաձայն՝ 2025 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում 0,02 մմ հաստության (ոչ ավելի) ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը կազմել է 11 726,2 տոննա: Նախորդ տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 11 494,4 տոննա ալյումինե նրբաթիթեղ: Սա նշանակում է, որ այս տարի 2 տոկոսով ավելի է եղել «Արմենալի» արտադրանքը:
Ինչ վերաբերում է իրացման շուկաների մասին հարցին, ապա նախարարությունը տեղեկացնում է. «Արտահանման հետ կապված խնդիրներն առաջացել էին ամերիկյան շուկայում ալյումինե փայլաթիթեղի նկատմամբ հակադեմպինգային կարգավորումների պատճառով: Նշված խնդիրների լուծման նպատակով նախարարությունը պարբերաբար քննարկումներ է իրականացնում ամերիկյան կողմի հետ: Միաժամանակ շարունակվում են արտահանումները դեպի եվրոպական շուկաներ, իսկ ընկերության կողմից դիտարկվում են նաեւ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հնարավորությունները»:
Մենք նախարարից հետաքրքրվեցինք` մոտ մեկ տարի առաջ Դուք հայտարարեցիք, որ բանակցություններ ու քննարկումներ են ընթանում՝ գործարանի բաժնետերերի հետ կապված: Ի՞նչ որոշվեց, եւ բաժնետերերի կազմում արդյո՞ք եղել են փոփոխություններ: Էկոնոմիկայի նախարարը փոխանցում է. «Ռուս գործընկերների հետ քննարկումներն ուղղված են եղել գործունեության կայունացմանը, արտադրության ու արտահանման ավելացմանը: Քննարկումներն ու գործընկերային հարաբերությունները կրում են պարբերական բնույթ: Ինչ վերաբերում է բաժնետերերի փոփոխությանը, հարկ ենք համարում նշել, որ դա ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի բացառիկ իրավունքն է: Նախարարությունն այդ հարցում որեւէ լիազորություն չունի»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test