Սեպտեմբերի 11-ից Գիտությունների ազգային ակադեմիան այլևս չունի այն կարգավիճակը, ինչ ուներ մինչև այս, նրա կազմից դուրս են բերվել բոլոր ինստիտուտները։
Այսպիսով՝ սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագիծը։
Նախագիծը խորհրդարան է ներկայացրել Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե՝ «ԳԱԱ-ն խորհրդատվական և փորձագիտական կարևոր նշանակություն կունենա»։
Ըստ նրա, նման գործառույթ ԳԱԱ-ն այսօր էլ ունի, բայց ծանրաբեռնված է կառավարչական և վարչատնտեսական մի շարք գործառույթներով, հետևաբար՝ այսպես կոչված, «բեռնաթափում» են ԳԱԱ-ի «ծանրաբեռնվածությունը»։
ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը խոսելով այս նախագծից հետո ԳԱԱ գործառույթների, նրա կարգավիճակի մասին, ասաց՝ արդեն քանի տարի է՝ այս խնդիրը քննարկվում է, դրվել է նաև հանրային քննարկման, ԳԱԱ ինստիտուտներում ևս քննարկվել է։
«Այս ամենի արդյունքում վերջնական որոշում է կայացվել, որ Ակադեմիայից վերցնում են ինստիտուտների վարչակառավարչական ֆունկցիաները, որն ուներ, և տալիս են նախարարությանը։ Ընդհանրապես Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն է այդ ամենը կառավարել, Ակադեմիան միշտ այսպես միջանկյալ օղակի դերում էր, հիմա միանգամից տրվել է նրանց։
Բայց Ակադեմիային վերապահված է ողջ հանրապետության գիտության գնահատման, փորձաքննության գործառույթը։ Սա շատ լուրջ պարտավորեցնող գործառույթ է, այնպես որ՝ հիմա Ակադեմիան իր ամբողջ ուժերը պետք է ձգի, որպեսզի պետության կողմից հատկացվող գումարներով կատարվող բոլոր գիտական հետազոտություններին փորձաքննություն կատարի և գնահատական տա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պավել Ավետիսյանը։
Ըստ նրա, մի բան վերցրել են Ակադեմիայից, մեկ ուրիշ բան ավելացրել, իսկ դրա համար երկար երկխոսություն էր ծավալվում, թե որքանով է ճիշտ կամ արդարացված։
«Ժամանակին գիտնականների մեծ մասն այս քայլին ընդդիմանում էին, որովհետև քանդվում է մի համակարգ, որը տարիներ շարունակ գործել է, և հիմա մեկ այլ բան է ձևավորվում։ Բայց ակնհայտ էր հետևյալը՝ ՀՀ գիտական նոր ճարտարապետություն է կառուցվում, վաղուց հայտնի էր, որ գիտության կառավարման այն համակարգը, որը գոյություն ուներ, ընդ որում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի տարիներից սկսած այս քննարկումները սկսվել ու շարունակվել են, օրվա իշխանությունը գտավ, որ հարցն այս ճանապարհով պետք է լուծել։ Հետսովետական երկրների գրեթե մեծ մասում նույն կերպ են վարվել։ Այս նույն խնդիրը դրված է եղել և գրեթե բոլորում Ակադեմիայից վերցրել են վարչակառավարչական գործառույթները և նրան տվել են այլ ֆունկցիաներ։
Ամբողջ երկրի բազային ֆինանսավորման, այսինքն և՝ բուհական գիտական հաստատությունների, առհասարակ ողջ գիտական հաստատություններին հատկացված ֆինանսական միջոցներն ինչպես են ծախսվում, ինչ արդյունքներ կան և այլն, այս ամենի փորձաքննությունը պետք է կատարվի»,- հավելեց Պավել Ավետիսյանը։
Շարունակելով միտքը, մեր զրուցակիցն ասաց՝ հիմա Ակադեմիան պատրաստվում է այս խնդրիներին համապատասխան հաշվարկել, թե ինչ պոտենցիալ ունի, որպեսզի ստեղծվեն համապատասխան հանձնաժողովներ, ենթահանձնաժողովներ, պրոբլեմային խորհուրդներ, որոնք կքննարկեն այդ ամբողջը և պարզ կդառնա, թե Գիտության այս կամ այն ոլորտում իրական ինչ ձեռքբերումներ կան, հատկացվող ֆինանսական միջոցներն ինչքանով են ծախսվում և նմանատիպ բազմաթիվ խնդիրներ։
Այս ամենին զուգահեռ՝ նաև, եթե պետությանն անհրաժեշտ լինի որևէ խորհուրդ՝ ապա բոլոր խորհուրդները պետք է համապատասխան փորձագիտական եզրակացություններ կամ նախագծեր, ծրագրեր հրամցնեն պետական կառավարման համակարգին։
Ինչ վերաբերում է ԳԱԱ ինստիտուտների հետագա ճակատագրին, Պավել Ավետիսյանն ասաց, որ նախկինում ինստիտուտի տնօրեն է եղել, մեծ մտահոգություն է ունեցել և այժմ էլ ունի, որ ներկայիս համակարգը, որը տարիներ շարունակ գործել է՝ և՛ ինստիտուտները, և՛ գիտական ամբողջ պոտենցիալը, հարմարեցված էր ԳԱԱ-ին։
«Հիմա եթե սա մենք ձևափոխում ենք, տրանսֆորմացնում ենք, հնարավոր է որոշակի ազդեցություն ունենա գիտության վրա։ Բայց ամբողջ խնդիրը հետևյալն է, և այդ մասին օրենքում էլ է նշված, որ ինստիտուտների ներքին կյանքին, բովանդակային մասին ըստ էության որևէ բան չի խանգարելու։ Խնդիրը կառավարմանը, վարչարարությանն է վերաբերում։
Որքան ճիշտ վարչարարություն արվի, այնքան լավ այդ ինստիտուտի աշխատակիցների համար, նկատի ունեմ գիտական հետազոտության ազատությունը։ Անցումային դրույթներ կան և երկու տարվա ընթացքում ինստիտուտները շատ հավանական է, որ միանան բուհերին, ձևավորվեն հետազոտական բուհեր, կա՛մ կմիանան խոշոր կլաստերների, կա՛մ էլ կմնան այնպես, ինչպես հիմա կա՝ նախարարության ենթակայության տակ, ինչպես որ եղել է։ Չկար գիտահետազոտական ինստիտուտ, որը ենթակա չլինի նախարարությանը՝ Ակադեմիայի հետ միասին»,- շեշտեց նա։
Հարցին՝ 2024 թվականին Ակադեմիան բազմաթիվ առաջարկներ էր ներկայացրել նախագծի հետ կապված, արդյո՞ք դրանք ընդունվել են, Պավել Ավետիսյանը պատասխանեց՝ նախագիծը դրվել էր հանրային քննարկման, բոլորն ազատ են եղել ներկայացնելու իրենց կարծիքները, Ակադեմիան նույնպես ներկայացրել է իր կարծիքը։
«Կարծիքը, որը 2023-2024 թթ. ներկայացրել է Ակադեմիան, այն տրամաբանությամբ, որ կառույցը մնա այնպես, ինչպես կա՝ ինստիտուտներով, սա միանշանակ մերժվել է, բայց մնացած բոլոր հարցերում, որ մենք ներկայացրել ենք, բոլորն ընդունվել են։ Այսինքն՝ ակադեմիկոսների ընտրվելու կարգը, Ակադեմիայի կառուցվածքի հետ կապված խնդիրները՝ նոր կարգավիճակով, ինչպես պետք է լինի և այլն, դրանց բոլորի վերաբերյալ Ակադեմիան է ներկայացրել իր տեսլականը, դրանք բոլորն ընդունվել են»,- ընդգծեց Պավել Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ ԳԱԱ-ն 2024 թվականի ապրիլի 3-ին որոշում էր ընդունել, որում մասնավորապես ասված էր.
Տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների համար էլ։
Անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով։
Անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն` բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր։
ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը:
Նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերի»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test