Դպրոցներում դասերի ժամին բջջային հեռախոսների օգտագործումն արգելելու մասին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունը տարընկալումների, ինչպես նաև որոշ դժգոհությունների առիթ է տվել։
«Մենք այս թեմայով քննարկում բացեցինք և, ակնհայտորեն, Երևանում ծնողները մեծամասամբ բացահայտ ընկալունակ էին այդ հնարավոր սահմանափակումներին։ Ոչ միայն ընկալունակ էին, այլ նաև աջակցում և խրախուսում էին»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Ի դեպ, սեպտեմբերի 8-ին, ֆեյսբուքյան իր էջով դիմելով ուսուցիչներին, ծնողներին և աշակերտներին, Տ. Ավինյանը հարցրել էր․ «Ի՞նչ եք կարծում՝ դպրոցում բջջայինի սահմանափակումը կօգնի՞ մեր երեխաներին ավելի լավ սովորել և պաշտպանվել կիբերբուլինգից»։Քաղաքապետի հրապարակման մեկնաբանությունների դաշտում եղել էր ավելի քան 500 արձագանք․ մի մասը կողմ էր արտահայտվել հեռախոսների օգտագործման սահմանափակման առաջարկին, մի մասը՝ հակադարձել։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է շրջանառվող առաջարկի համադրելիությունը կրթության ոլորտում քաղաքականություն մշակող Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրապարակային մոտեցումների հետ, ինչպես նաև թեմայի շուրջ շրջանառվող ամենակտիվ թեզերը։
Չնայած Տիգրան Ավինյանի պնդմանը, թե ծնողները աջակցում և խրախուսում են այս առաջարկի իրականացումը, ողջ օրվա ընթացքում հարցը սոցիալական հարթակներում ամենատարբեր տեսանկյուններից ակտիվ քննարկումների առարկա է դարձել։
Քննարկման մասնակիցներից ոմանք կողմ են միասնական մոտեցման և բոլոր դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման արգելման մտահղացմանը, սակայն հանրության ուշադրությունը գրավում է հատկապես Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության հակադիր դիրքորոշումն այս հարցում (1, 2, 3)։
Սեպտեմբերի 12-ին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասն բացատրում էր՝ «Այբբենարում Մաշտոցը չկա» պնդումը կեղծ է, և Մաշտոցին ու հայոց գրերին ծանոթանալու համար ստեղծվել են հատուկ տեսանյութեր, որոնք դիտվում են QR կոդի սկանավորմամբ։ Նախարարը, հրապարակված տեսանյութում նաև սեփական օրինակով, իր բջջային հեռախոսի օգտագործմամբ ցույց էր տվել, թե ինչպես պետք է QR կոդի սկանավորմամբ դիտել տեսանյութը։
Այս կերպ ոլորտի պատասխանատուն կրթական պրոցեսում բջջային հեռախոսի օգտագործման հնարավորության ու անհրաժեշտության մասին ուղիղ ուղերձ էր փոխանցել ոչ միայն ուսուցիչներին, այլև աշակերտներին ու նրանց ծնողներին։
Մեկ այլ առիթով QR կոդերի օգտագործումը որպես աշխարհում ընդունված մոդել էր դիտարկել նաև ԿԳՄՍՆ Հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը շեշտելով՝ պետք է ոչ թե հրաժարվել QR կոդերից, այլ գնալ դրանցով տեղեկատվություն ստանալու առավելագույն պաշտպանության։ «Նման QR կոդերի, նաև էլեկտրոնային դասագրքերի օգտագործումն աշխարհում ընդունված մոդել է»,- ասել էր նա։
Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի ու ԿԳՄՍ նախարարության հանրային հակադիր դիրքորոշումները շփոթություն են առաջացրել քաղաքացիների, ծնողների և ուսուցիչների շրջանում և անհասկանալի դարձրել իշխող քաղաքական ուժի որդեգրած միասնական քաղաքականությունը կամ դրա բացակայությունը՝ առնվազն այս հարցում։
Գայանե Մարկոսյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test