ԱԺ հերթական նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին եւ «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը (լուսանկարում) նշեց, որ այս փոփոխությունների համաձայն՝ առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսեւորման ձեւերը։ Ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունները կանխելիս եւ խափանելիս, այլեւ հայտնաբերելիս եւ բացահայտելիս։ Ռազմական ոստիկանությանն իրավասություն է վերապահվում աջակցել զինկոմիսարիատներին․ քաղաքացիներին զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստման միջոցառումների կազմակերպման գործընթացում Ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը եւ ուղեկցումը նշված վայրեր՝ անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններին մասնակցելու նպատակով։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում ասաց, որ արդեն 2-3 տարի է՝ կառավարությունը 25-օրյա վարժական հավաքների հետ կապված բազմաթիվ փոփոխություններով է հանդես եկել։ «Բայց որ հետեւում ենք այդ փոփոխություններին, բոլորը խստացումներ են, հստակեցումներ են, որովհետեւ քաջ գիտակցում եք, որ 25-օրյա վարժական հավաքների հետ կապված կան մեծագույն պրոբլեմներ։ Խուսափումները շատ են, եւ ի՞նչն է մարդուն ստիպում խուսափել՝ անվստահությունը, անպաշտպանվածությունը, 25 օր աշխատավայրից զրկվելը, 25 օր ոչ գրանցված աշխատանքից զրկվելը, ընտանիքից զրկվելը եւ բազմաթիվ այլ խնդիրները, որոնց մասին 25-օրյա վարժական հավաքներից վերադարձողները պատմում են իրենց ընկերներին, հարազատներին։ 25-օրյա վարժական հավաքները ոչ թե վարժական հավաքներ են, ինչպես ձեւակերպված է օրենքում, այլ 10 օր հետո 15 օր մարտական հերթապահության հավաքներ են։ Վարժական հավաքները Հայաստանում նաեւ ի սկզբանե աղճատվեցին, որովհետեւ վարժական հավաքների անվան տակ, Անդրանիկ Քոչարյանի կոչով, քաղաքական նպատակներով տասնյակներով մարդիկ զորակոչվեցին»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ լավ օրից չեն վարժական հավաքները, մարտական հերթապահության խնդիր կա, նախկին 15 օրվա փոխարեն այսօր զինվորը 2-3 ամիս կանգնում է մարտական հենակետում։ «Եվ թող չհոխորտան, որ պայմանագրային զինծառայողներով մեր զինված ուժերը լցված են, ոչ, վարժական հավաքները բացը լրացնելու համար են։ Վաղը, եթե մարտական հերթապահության թիվը չհերիքեց, ավելի շատ մարդ են տանելու վարժական հավաքների»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ի պատասխան ասաց, որ չկան մեծագույն պրոբլեմներ․ «Այդ ձեւակերպումն ուռճացված է, պարոն Մանուկյան, որովհետեւ մենք օրըստօրե տեսնում ենք փոփոխություններ։ Եվ այդ փոփոխությունները բացառապես դրական են։ Իսկ ինչո՞ւ փոփոխություններ, որովհետեւ նախկինում վարժական հավաքները իրականացվել են հիմնական ձեւական, իսկ այսօր իրականացվում են ըստ էության, բովանդակության եւ նշանակության։ Ցանկալի չէ այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին մարդկանց ներգրավում են նաեւ մարտական հերթապահության։ Այդ ամբողջն իրականացվում է մասնագիտական գիտելիքների, կարողությունների ամրապնդման եւ նաեւ մարտական հերթապահություն իրականացնելու միջոցով իրենց ծառայությունն իրականացնելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Արման Սարգսյանը հավելեց, որ իրենց ներկայացրել են նաեւ օրենսդրական նախաձեռնություններ, որոնց միջոցով բարելավվել են քաղաքացիների իրավունքները, որպեսզի վարժական հավաքի մասնակիցներին որեւէ կերպ նեղություն չպատճառեն՝ սկսած ֆինանսականից։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test