Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Որոշների հետ զրուցել եմ, որոշների տրամադրությունն եմ շոշափել hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Որոշների հետ զրուցել եմ, որոշների տրամադրությունն եմ շոշափել

Ամիսներ տեւած «սառը պատերազմից» հետո՝ սեպտեմբերի 26-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց ստորագրություններն առ­ձեռն հանձնեցին «Պատիվ ունեմ» խմբակցությանը` նաեւ պաշտոնապես միանալով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին: Ամիսներ շարունակ Սերժ Սարգսյանի թիմակիցները Ռոբերտ Քոչարյանի եւ նրա թիմի հասցեին դաժան քննադատություն, անգամ վիրավորանքներ էին տեղում` նրանց մեղադրելով Նիկոլ Փաշինյանին ծածուկ աջակցելու մեջ: Հիմա այդ խոչընդոտը վերացված է: Ի վերջո, ի՞նչ է հարկավոր Փաշինյանին անվստահություն հայտնելու եւ 54 ձայնով նրան իշխանությունից հեռացնելու համար: Ընդդիմությունն այս պահին ունի 34, եթե Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն էլ միանան` 36 ձայն, որը բավարար է հարցն ԱԺ մեծ օրակարգ մտցնելու համար: Բայց գործընթացն ավարտին հասցնելու համար եւս 18 ձայն է անհրաժեշտ` իշխող «Քաղպայմանագրից»: Իմպիչմենտի առաջարկին կա՞ն արդյոք միացողներ, մինչ «Հայաստան» դաշինքի միանալը ՀՀԿ-ականները հայտարարում էին, որ կան մարդիկ, որոնք սպասում են ընդդիմության միավորմանը:

Անցած շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցությունը լսումներ էր հրավիրել․ «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծն էր օրակարգում: «Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մեկ վայրում կարողանան քննարկել գործնական լուծումներ, թե ինչպես կարելի է հասնել իշխանափոխության»,- հայտարարել է նիստը վարող, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Զուգահեռ, խորհրդարանի դիմաց ակցիա էր ընթանում․ հավաքված քաղաքացիները պահանջում էին Փաշինյանին իմպիչմենտ հայտնել: Մինչ լսումները Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ է ունեցել, որպեսզի Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ լայն համախմբում կազմակերպի: Ըստ Մամիջանյանի՝ իմպիչմենտին հասնելու ճանապարհին առաջին կարեւորագույն կետն ընդդիմադիր դաշտի, առաջին հերթին՝ խորհրդարանական ընդդիմության կոնսոլիդացիան է, ինչը, ըստ էության, արդեն կայացել է: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի հետ:

- Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում իմպիչմենտի մասով բավականին ակտիվ գրառումներ էիք անում: Մի գրառում էիք արել եւ նշել, որ խիստ կարեւոր էր «Հայաստան» խմբակցության քայլը, նաեւ հավելել էիք, որ կան իշխանական պատգամավորներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել միանալու ձեզ, սակայն մինչ այս պահը ոչ մի անուն չի նշվել, ոչ մի ՔՊ-ական Փաշինյանին դեմ դուրս չի եկել: Մարդկանց մոտ հարց է առաջանում` լսումներից հետո ո՞րն է լինելու հաջորդ քայլը:

- Իմպիչմենտը կմտնի պառլամենտի նիստ, երբ կլինի 54 ստորագրություն, ինչպես նաեւ՝ այն ժամանակ, երբ կլինի փողոցային պայքար, փողոցի ճնշում: Ես «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ չեմ, սակայն հասկանում եմ, որ պակասող ստորագրությունները ՔՊ-ից վերցնելու մասով գործընթաց է գնում: Հույս ունեմ, որ այդ գործընթացին միանալու է նաեւ «Հայաստան» դաշինքը, որովհետեւ, եթե ստորագրությունները տվել են գործընթացի համար, ապա պետք է նաեւ քայլեր անեն միասնաբար: Այնպես չէ, որ ստորագրություն են տվել, ու վերջ․ չէ, եթե միասին ենք անում, ուրեմն պետք է միասին անենք: Ես շատ ՔՊ-ականների գիտեմ, որ զզված են այս իշխանությունից եւ սպասում են մի կայծի, որից հետո միանան մեզ: Կարծում եմ` դա կլինի վերջին պահին, երբ փողոցային պայքար լինի: Այդ մարդիկ էլ ամեն դեպքում վախեր ունեն:

- Բայց 18 պատգամավորի ստորագրությունն այս պահին այնքան բարդ ու ոչ իրատեսական է թվում: Արդյո՞ք այդքան ՔՊ-ականներ կմիանան ձեզ:

- Գործընթաց է, հստակ ասել չեմ կարող ոչինչ, ես հո Նոստրադամուսը չեմ: Որոշների մասին ես լավ կարծիքի եմ, մտածում եմ, որ մտահոգ են այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է երկրի հետ: Իրենք էլ են տեսնում, իրենք էլ են մտահոգ եւ ամեն ինչ կարող են մի կողմ դնել ու միանալ մեզ: Իրականում, սրանց իշխանությունից հեռացնելու այլ ճանապարհ չկա: Եթե մենք խելոք նստենք ու սպասենք 2026-ի ընտրություններին, ապա ոչ մի լավ բան տեղի չի ունենա: Մեր նպատակն է՝ մինչեւ ընտրությունները իմպիչմենտի գործընթացը հաջողել: Հաջորդ ընտրությունները ոչ թե Նիկոլը պետք է կազմակերպի, այլ այն ժամանակավոր կառավարությունը, որ կարող է ստեղծվել անվստահության արդյունքում: Սահմանադրական ճանապարհը դա է, չկա ուրիշ ճանապարհ: Եթե մենք հիմա նստենք ու ասենք` կմիանան-չեն միանան, ոնց կմիանան եւ այլն, լավ տեղ չենք հասնի: Եթե ընտրություններին հասանք, բնականաբար, Նիկոլը նկարելու է նորից, կեղծելու է ինչ թիվ որ ուզի եւ ստանալու է իր ուզածը, անհարմար չէ՞, որ ձեռքներս ծալած նստենք ու սպասենք դրան:

- Ասում եք` ՔՊ-ում կան նորմալ մարդիկ, ովքեր մտահոգ են երկրի վիճակով: Կոնկրետ անձանց հետ զրուցե՞լ եք, թե՞ ուղղակի ենթադրում եք:

- Կոնկրետ անձանց հետ, այո, զրուցել եմ, բայց անուններ չեմ տա: Հայավարի ձեւերով կստացվի, որ մարդկանց քաշում եմ: Իրենք էլ ունեն մտավախություններ: Դրա համար էլ ասում եմ` կմիանան այն ժամանակ, երբ պայքարը թափ կառնի: Որոշների հետ առանձին զրուցել եմ, որոշների հետ՝ միջնորդավորված, որոշներին հասկացել եմ տրամադրությունները շոշափելով: Այդ մարդիկ էլ են այս երկրում ապրում, այնպես չէ, որ բոլորի հետ հարաբերությունները թշնամական են: Նրանց մեջ էլ կան նորմալ մարդիկ:

- Այդ դեպքում ավելի տեղին չէ՞ր լինի, որ նախ փողոցային պայքար սկսեիք, մեծաթիվ մարդկանց ներգրավեիք, հետո նոր հասնեիք անվստահության գործընթացին:

- Իհարկե, ավելի տեղին կլիներ: Կա մի ծեծված բառակապակցություն` «կրիտիկական մասսա»: Շատ լավ կլիներ, որ այս մասսան լիներ: Հույս ունեմ, որ այն կլինի: Ոչ մեկը ոչինչ չի կարող կոնկրետ ասել: Քաղաքականությունը նաեւ ընդհատակյա պրոցեսներ է սիրում, ես կարծում եմ, որ դրանք ընթանում են, ամեն ինչի մասին չէ, որ պետք է խոսել: Եթե մարդիկ տեսնեն, որ իրոք գործընթացն իրատեսական է, եթե սկսեն ավելի շատ հավատալ ընդդիմությանը, համոզվեն, որ հերթական անգամ իրենց տուն չեն ուղարկելու, կարծում եմ՝ անպայման հաջողություն կարձանագրենք: Վերջերս՝ Սրբազան պայքարի ժամանակ էլ ի՞նչ պակաս ժողովուրդ դուրս եկավ, էլի ահագին էին, բայց ինչ-որ տեղ սայթաքում, ինչ-որ տեղ սխալներ, ես այդ ամենն ընդունում եմ որպես ինքնաքննադատություն: Հասկանում եմ, որ այդ ամենից հետո ավելի դժվար է լինելու ընդդիմության համար, սակայն եթե ոչինչ չանենք, լինելու է Հայաստանի վերջնական կործանումը: Երեկ Ադրբեջանում միջոցառում էր` 44-օրյա պատերազմի մասին, երկաթյա բռունցքը դրել էին բեմահարթակում, նրանք մեզ բռունցքով են բան հասկացնում, Նիկոլը` պողպատե մուրճով: Սինխրոն աշխատում են: Եթե մենք ձեռքներս ծալած նստենք, մեծ ամոթ կլինի մեզ համար: Ես կոնկրետ չեմ կարող ձեռքերս ծալած նստել ու սպասել, թե Նիկոլը 2026-ին ինչ թվեր է նկարելու:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test