Հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Երևանի կրկեսի՝ ժամանակակից, բազմաֆունկցիոնալ մշակութային և ժամանցային Tashir Arena կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։
Հոկտեմբերի 25-ին Tashir Arena-ն իր դռները կբացի առաջին հանդիսատեսի առջեւ՝ ETERNIA թատերա-կրկեսային շքեղ շոուի պրեմիերայով։ Շոուի ստեղծման վրա մոտ երկու տարի աշխատել է ավելի քան երեք հարյուր մասնագետներից կազմված միջազգային թիմը, հայտնում է «Տաշիր» ընկերությունների խումբը։
Նշվում է, որ Tashir Arena-ն ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր է, որը կառուցվել է Երևանի հին կրկեսի տարածքում՝ միավորելով առաջատար ճարտարագիտական և տեխնիկական լուծումները։ Այս բազմաֆունկցիոնալ կենտրոնը ոչ թե վերակառուցվել է, այլ հիմքից լիարժեք նոր տարածք է ստեղծվել։
Tashir Arena-ն հնարավորություն կունենա հյուրընկալելու ամենատարբեր ձևաչափերի ներկայացումներ՝ կրկեսային, համերգային, թատերական, ինչպես նաև սպորտային և գործարար միջոցառումներ կազմակերպել։ Շենքի ընդհանուր մակերեսը ավելացել է՝ 6000-ից կազմելով 21,000 քառակուսի մետր, իսկ հարկերի քանակը հինգից դարձել է ինը, ինչը զգալիորեն ընդլայնել է համալիրի օգտագործման տարածքը և ֆունկցիոնալ հնարավորությունները։ Tashir Arena-ի եզակի առանձնահատկությունն է վերափոխվող բեմ-մանեժը, որը հնարավորություն է տալիս բեմական ճկուն լուծումներ իրականացնել։
Ներկայացման դահլիճը նախատեսված է մինչև 2000 հանդիսատեսի համար, ներառյալ հատուկ VIP հատվածը։ Բեմը ունի 13 մետր տրամագիծ, ինչը կրկեսի ավանդական չափանիշն է։
Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 55 միլիոն դոլար։
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանն ասել է․ «ETERNIA-ն ավելին է, քան պարզապես շոու։ Մենք ոչ թե պատրաստի բեմադրություն ենք բերել, այլ ստեղծել ենք այն հենց Հայաստանի համար՝ հայ արտիստների մասնակցությամբ՝ ներդնելով մեր հոգին ու աշխարհի լավագույն փորձը։ Սա նշանակավոր քայլ է մեր երկրի համար, որը փաստում է, որ Հայաստանը պատրաստ է ոչ միայն ընդունել, այլև ստեղծել համաշխարհային մակարդակի նախագծեր, որոնք կարող են Երևան բերել հյուրերի ամբողջ աշխարհից։
Շոուի կոնցեպտը մշակելիս մեր նպատակը մեկն էր՝ դուրս գալ ստանդարտների սահմաններից և առաջարկել մի բան, որն իսկապես կոգեշնչի և երկար կմնա հանդիսատեսի սրտում։ Ես երջանիկ եմ, որ մեր երկրում ստեղծվել է մի վայր, որտեղ իշխում են անկեղծությունը, ուրախությունը, փոխադարձ վստահությունն ու դրական հույզերը»։
ETERNIA շոուի ռեժիսոր-բեմադրիչն է Պավել Բրյունը՝ կրկեսային արվեստի ոլորտում ամենապահանջված մասնագետներից մեկը։
Շոուն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար՝ առանց սահմանափակման։
Tashir Arena համալիրում հատուկ ուշադրություն է դարձված անվտանգության համակարգերին։ Տեղադրված է ավտոմատ հրդեհաշիջման համակարգ՝ ժամանակակից վերահսկողության և ազդարարման միջոցներով, որոնք ապահովում են արագ արձագանք և բարձր մակարդակի անվտանգություն հանդիսատեսի, արտիստների և անձնակազմի համար։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test