Փաշինյանն ասում է․ ուրիշները՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, ուզում են, որ երեխան ոչ միայն հիվանդանա, այլեւ մահանա։ Նա իր ծնած 1 ամսական 20 օրական մանուկի՝ խաղաղության մասին է խոսում Ստրասբուրգում ու բացատրում է, որ երեխան կարող է հիվանդանալ, գրիպ ընկնել, ջերմությունը կարող է բարձրանալ... այլաբանորեն փորձում է մեկնաբանել այն անհամապատասխանությունը, որ կար իր ու խաղաղության մյուս «ծնողի»՝ Ալիեւի խոսույթներում նախօրեին` ՄԱԿ-ի ամբիոնից։
«Ադրբեջանի նախագահը, որի հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում՝ այս ամբիոնից, օգտագործել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա․․․Կարծում եմ՝ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետեւ հայաստանյան իրականության մեջ այն ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ-ի նկատմամբ եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»,- ՄԱԿ-ի 80-րդ նստաշրջանում հայտարարեց Փաշինյանը՝ փաստացի արձանագրելով, որ օգոստոսի 8-ի՝ պատմական որակված վաշինգտոնյան համաձայնությունները տապալվել են, կամ, իր այլաբանությամբ ասած՝ երեխան ի սկզբանե մեռելածին էր։ Ըստ էության, սա Փաշինյանի երկրորդ հրապարակային խոստովանությունն է, որ ինքն ու Ալիեւը տարբեր բաներից են խոսում։ Բաքուն ասում է՝ Հայաստանից ստացել է բաղձալի Զանգեզուրի միջանցքը։ Առաջին անգամ օգոստոսի 8-ի ձախողման մասին Փաշինյանը խոսել էր ՇՀԿ գագաթնաժողովում, երբ հայտարարեց, թե «Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում»։
ՄԱԿ-ի ամբիոնից ավելի հեռուն գնաց, թե «հայաստանյան իրականության մեջ այն ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ-ի նկատմամբ եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»։ Արդեն Ստրասբուրգում Փաշինյանը փորձում է փրկել իրեն ձախողումից ու բառախաղի է դիմում, թե Ադրբեջանի հետ տարընթերցում չկա խաղաղության մասով, տարընթերցումը «հարակից թեմայի» մասով է, այսինքն՝ Սյունիքով Ադրբեջանին տրված անխոչընդոտ ճանապարհի։ Կովկասագետ Կարեն Իգիթյանը «Հրապարակ»-ին ասում է՝ ՄԱԿ-ի ամբիոնից արված Փաշինյանի հայտարարությունը վկայում է, որ ինքն էլ է լավ հասկանում, որ, այսպես կոչված, խաղաղություն իրականում գոյություն չունի, որովհետեւ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանը «հանցագործ պետություն է, հանցագործություններ է իրականացրել Ադրբեջանի դեմ», եւ խոսքը ոչ միայն 90-ականների, այլեւ 2020 թ․ պատերազմի մասին է, Ադրբեջանն օգտագործում է, շարունակում է օգտագործել «կապիտուլյացիա», «Զանգեզուրի միջանցք» եզրույթները։
«Ինչ վերաբերում է նրան, որ հետո Փաշինյանը փորձել է մեղմացնել, ասել, թե խաղաղությունը երեխայի պես է, նրան պետք է մեծացնել, սա շատ տարածված մանիպուլյացիա է։ Եթե քաղաքական գործիչն ասում է մի բան, ինչն ակնհայտորեն իրականությանը չի համապատասխանում, եւ ինքն էլ է ստիպված, գոնե մասամբ, դա ընդունել, ստիպված է լինում ինչ-որ կերպ մեկնաբանել դա։ Սա հերթական մանիպուլյացիան է, որովհետեւ փաստերը չեն փոխվել, իսկ փաստն այն է, որ Ադրբեջանի ինքնությունը, որը հիմնված է հայատյացության վրա, այն գաղափարի վրա, որ հայերը բերված օտար տարր են այս տարածաշրջանում, որ հայերը չունեն հայրենիք, ու հայկական պետությունն անօրինական է, իսկ սա նշանակում է, որ հայերն ու ադրբեջանցիները չեն կարող խաղաղ ապրել, քանի դեռ Ադրբեջանը չի փոխել հայերի նկատմամբ իր նացիստական հռետորաբանությունը»,- բացատրում է կովկասագետը։
Կարեն Իգիթյանը շեշտում է՝ վաշինգտոնյան գործընթացում որեւէ երաշխիք գոյություն չունի։ Միջազգային հարաբերություններում որեւէ երկրի ղեկավարին զանգելու մասին հայտարարությունը երաշխիք չէ, նման բան գոյություն չունի, իսկ Թրամփն ասում է՝ եթե խնդիր լինի, զանգեք։ «Իսկ եթե Թրամփն այդ պահին Վաշինգտոնում չլինի կամ, առհասարակ, նախագահ չլինի, ողջ չլինի, ի՞նչ են անելու այդ երկու երկրների ղեկավարները»,- ասում է մեր զրուցակիցն ու շարունակում․ «Այն, որ այս պահին մարտական գործողություններ կամ կրակոցներ չկան, չի նշանակում, որ խաղաղություն է։ Մենք պետք է հիշենք մեկ բան՝ 2018-ին, երբ Փաշինյանը եկավ իշխանության եւ գնաց պայմանավորվեց ինչ-որ բանի մասին Ալիեւի հետ, եւս որոշակի ժամանակահատվածում չկային մարտական գործողություններ ու կրակոցներ, բայց դա չէր նշանակում, որ խաղաղություն է, դա նշանակում էր, որ Ալիեւը պատրաստվում է նոր, մեծ պատերազմի, եւ հենց այդպես էլ եղավ»։
Հիշեցնենք․ այն ժամանակ ոտքի վրա Փաշինյանը Դուշանբեում Ալիեւի հետ հանդիպեց, ու հայտարարվեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը սահմանագծում լարվածությունը նվազեցնելու եւ միջադեպերը կանխելու պայմանավորվածություն են ձեռք բերել, անգամ՝ օպերատիվ կապ է գործելու կողմերի միջեւ, իսկ թե ինչ եղավ դրանից կարճ ժամանակ անց, բոլորս ենք հիշում։ Իգիթյանն ասում է՝ այս պահին Ադրբեջանը չի գնա էսկալացիայի, գուցե Ալիեւը սպասի, որ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններն ավարտվեն, քանի որ Ադրբեջանի համար ձեռնտու է, որ ՀՀ իշխանության ղեկը Փաշինյանի ձեռքում լինի, բայց ընտրություններից հետո Բաքուն շարունակելու է ուժային մեթոդներով իր նպատակին հասնելու քաղաքականությունը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test