ԱՄՆ նախագահի օգնական և Ուկրաինայի հարցերով հատուկ նախագահական բանագնաց Քիթ Քելլոգը Fox News-ին տված հարցազրույցում հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է Ուկրաինային իրականացնել հեռահար հարվածներ Ռուսաստանի տարածքում։
Նրա խոսքով՝ թե՛ Թրամփի, թե՛ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունները հստակ վկայում են, որ Ուկրաինային թույլատրված է հարվածել Ռուսաստանի խորքային թիրախներին․
«Պետք է օգտագործել հնարավորությունը խորը հարվածներ հասցնելու համար։ Սրբավայրեր գոյություն չունեն»։
Քելլոգը շեշտել է, որ Թրամփը Գերագույն գլխավոր հրամանատարն է, և նրա հրամաններին պետք է հետևել. «Եթե նախագահն ասում է՝ ձախ, պետք է գնալ ձախ։ Եթե ասում է՝ աջ, պետք է գնալ աջ»։
Նրա խոսքից նաև հասկանալի է դարձել, որ Թրամփի վարչակազմը դեռևս որոշում չի կայացրել Կիևին Tomahawk հրթիռների հնարավոր փոխանցման վերաբերյալ։
«Հաստատվել է, որ նախագահ Զելենսկին նախագահ Թրամփից թույլտվություն է խնդրել «Tomahawk թևավոր հրթիռներ ստանալու համար։ Այդ որոշումը դեռևս չի կայացվել, բայց նա այն խնդրել է»,- ասել է Քելլոգը։
ԱՄՆ նախագահը նախորդ շաբաթ էր հայտարարել, որ Ուկրաինան կարող է ետ վերցնել Ռուսաստանի կողմից գրաված ամբողջ տարածքը, և, որ Կիևը պետք է այժմ գործի՝ հաշվի առնելով, որ Մոսկվան բախվում է «մեծ» տնտեսական խնդիրների:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, որ նույնիսկ, եթե ԱՄՆ-ը Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարի, ճակատում ոչինչ չի փոխվի:
«Կարևոր է հասկանալ, թե ով է ուղղորդելու և արձակելու Tomahawk հրթիռներն Ուկրաինայի տարածքից՝ ամերիկացիները, թե իրենք՝ ուկրաինացիները»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ բանակցություններում դադար է առաջացել, քանի որ Կիևի ռեժիմը չի ցանկանում շարունակել երկխոսությունը:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը կարծիք հայտնեց, որ գլոբալ հակամարտության շուրջ իրավիճակը նոր փուլ է թևակոխում, որտեղ մի քանի փոփոխություններ կլինեն, կախված վերջին ամիսների զարգացումներից։
Նրա խոսքով, Թրամփի խաղաղապահ ձգտումները մասամբ խափանվեցին, քանի որ մի կողմից՝ Ռուսաստանը, մյուս կողմից՝ Ուկրաինան ու եվրոպական մայրաքաղաքները բավականին կոշտ են դիրքավորվել, որովհետև այս կողմերի համար հակամարտությունը գոյաբանական նշանակություն ունի, ուստի նրանք պատրաստ չեն փոխզիջման գնալ:
«Թրամփի խաղաղարար պլանը կայանում էր արագ պայմանավորվածությունը զիջումների շուրջ, իրավիճակի ողջ լրջությունն ամերիկյան կողմն ամիսներ առաջ թերևս չէր հասկանում, իսկ հիմա հասկանում է, ուստի փորձում է սահուն դուրս գալ այդ խաղաղարար գործընթացից, որը չզարգացավ ամերիկյան վարչակազմի պատկերացմամբ և այդ հարցում Ալյասկայի հանդիպումն ակնհայտորեն առանցքային հանգրվան դարձավ։ Ներկայումս Թրամփն ակնհայտորեն փոխում է ռազմավարությունը, կարգավորման հարցն այս փուլում թողնելով Եվրոպայի վրա, սակայն պատրաստ է շարունակել զինել Ուկրաինային, եթե Ուկրաինան պատրաստ է վճարել, քանի որ դա բիզնես է Թրամփի համար»,- ասաց Խրամչիխինը։
Նա գտնում է, որ Թրամփի այս նոր դիրքավորումն Ուկրաինային ու Եվրոպային կկանգնեցնի պատերազմական նոր մարտահրավերի առջև, երբ պետք է զինել, աջակցել Ուկրաինային, որի համար Եվրոպան ստիպված է լինելու ջանքեր ներդնել, այդ թվում՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից, որոնց մասին Թրամփն է խոսում։
Վերլուծաբանի խոսով, Թրամփի ՄԱԿ-ի ելույթն ուղղված էր Ուկրաինային ու Եվրոպային, ինչպես նաև Ռուսաստանին։
«Թրամփը ներկայումս իր գործընկերներին հորդորում է հաղթել պատերազմը, քանի որ նրանք ՌԴ-ն՝ թուլացած, իսկ Ուկրաինայի հաղթանակը հնարավոր են համարում։ Իսկ ՌԴ-ին Թրամփը հորդորում է կրկին հաղթել, քանի որ ՌԴ-ն ևս զիջման պատրաստ չէ։ Այս դիրքավորումը Ռուսաստանի նկատմամբ գաղափարական հիմք ունի։
Ի տարբերություն Բայդենի վարչակազմի, որի համար Ուկրաինան միջոց էր ՌԴ թուլացման համար, Թրամփի համար Եվրոպան մրցակից է ու Ռուսաստանը միջոց է Եվրոպայի թուլացման համար։ Թրամփի վարչակազմն այս գաղափարական հիմքի վրա է կառուցում իր քաղաքականությունը, ու երբ ելնում ենք հենց այս դիրքորոշումից, ամեն բան պարզ է դառնում։ Ուստի ներկայումս Թրամփն ասում է՝ գնացեք հաղթելու, եթե կարող եք, դրա համար հնարավոր ջանքեր ներդնելով։ Թրամփն ու ԱՄՆ-ը անձամբ ՌԴ-ի դեմ լուրջ քայլեր չեն ձեռնարկում»,- այսպես մեկնաբանեց իրավիճակը վերլուծաբանը։
Ըստ Խրամչիխինի՝ իր հերթին ՝ ռուսական կողմը պետք է ջանա հենց այս վարչակազմի օրոք իր օգտին ավարտել պատերազմը։
Ըստ վերլուծաբանի՝ Թրամփի այս դիրքորոշումները գործում են նաև Հարավային Կովկասում։ «Այստեղ Թրամփը ՌԴ դիրքերը լիովին թուլացնելու կամ ՌԴ-ի հետ մրցակցելու նպատակ չունի, այդ ռեգիոնում իրավիճակն այլ էր, ռուսական կողմը խուսափում է Կովկասում հնարավոր սրացումներից և իր համար նոր ճակատի ակտիվացման հնարավորությունից, ուստի ավելի պասիվ է դիրքավորված և Թրամփի նախաձեռնությանը Ռուսաստանը դեմ չէ։ Սակայն ռեգիոնում ազդեցություն ունեցող ուժերը հասկանում են, որ տարածաշրջանային գործոնն ուժեղ է ռեգիոնում, շահերը բազմազան են, ռիսկեր կան, ուստի ՌԴ-ն ոչ ակտիվ, սակայն որոշակի աշխատանք է իրականացնում Իրանի, ինչպես նաև Թուրքիայի հետ։ Կան մտավախություններ, որ Հարավային Կովկասում Թրամփը չի ունենա հետևողականություն՝ պայմանավորվածությունների կյանքի կոչման հետ կապված։
Կարծում եմ՝ այստեղ ևս այս վարչակազմն իրավիճակն ամբողջությամբ չի ընկալում, խոսքը վտանգների մասին է, այստեղ ամեն բան չէ, որ վերահսկելի է այս վարչակազմի համար։ Կան պայմանավորվածությունները Վաշինգտոնում, սակայն կան նաև ավանդական տարաձայնությունները, թեև ՄԱԿ-ի ամբիոնից ռեգիոնալ երկրների ղեկավարները պնդեցին, թե խաղաղություն է»,- ասաց նա։
Խրամչիխինի կարծիքով, հակամարտության պատճառների, պատմության, բարդության իմացությունն ամերիկյան կողմին թույլ կտար անընդհատ ռեժիմով միջնորդություն գեներացնել։
«Դա ավելի ազդեցիկ կլիներ, կհարթեր կողմերի միջև առկա դեռևս սուր անկյունները, չեզոքացնելով ռիսկերը։ ԱՄՆ-ը իրավիճակը շատ ավելի պարզ է տեսնում, դա են ցույց տալիս նաև ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունները, որ հաստատել է խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, դա է ցույց տալիս նաև այն, որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասի իրավիճակին ծանոթանում է՝ խորհրդակցելով Թուրքիայի հետ»,- ասաց նա։
Վերլուծաբանը գտնում է, որ Թրամփի նոր դիրքավորումն Ուկրաինայի հարցում նշանակում է, որ պատերազմը դեռ կշարունակվի, և դա կանդրադառնա ընդհանուր աշխարհաքաղաքական մթնոլորտի վրա՝ այն դարձնելով անորոշ և ակտիվ։
«Բնականաբար, այդ գործընթացներն իրենց զգացնել կտան նաև Հարավային Կովկասում»,- նկատեց Խրամչիխինը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test