Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները, երբ հայտարարեցին, որ հրաժարվում են Արցախից և Արցախի Հանրապետությունը ճանաչեցին Ադրբեջանի մաս, զուգահեռ սկսեցին նաև Հայաստանի Հանրապետությանը մեղադրել տարբեր հանցագործություների մեջ։
Օրինակ, Նիկոլ Փաշինյանը վերջերս մեղադրեց Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, թե «ինչու էր նա ՀՀ 18-ամյա տղաներին ուղարկում մի տարածք ծառայության, որի սահմանները միջազգայնորեն ՀՀ սահման ճանաչված չէին»։
Արցախյան պատերազմների մասնակից, չարեքթարցի Աշոտ Սևյանը ցավով է հետևում այս հայտարարություններին, որոնք վնասում են ոչ թե օրվա իշխանություններին, որոնք վաղ թե ուշ գնալու են, այլ Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին։
Նա հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանի թիմակից Գագիկ Մելքոնյանն էլ, ով նախկինում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետ է եղել, իր հարցազրույցում ասում է, թե՝ «Ղարաբաղը մերը չի եղել, պետք է տային Ադրբեջանին», 30 տարի եղել է գեներալ, բայց ԱԺ-ից փաստում է, թե «Հայաստանը եղել է օկուպանտ»։
«Գիտեք, ես պատրաստ սպասում եմ, որ վաղը-մյուս օրը գան, հասնեն Հրազդան ու ինձ կալանավորեն, հանձնեն Ադրբեջանին, մեղադրանք առաջ քաշեն, թե՝ մասնակցել է «Խոջալուի դեպքերին»։ Այդպես կանեն, որովհետև իմ թիկունքին չկա պետություն, այդ պետությունը միայն իշխանություններինն է։
Բա այս հայտարարություններից հետո ուզում եք թուրքը լա՞վը լինի, իշխող կուսակցության գեներալն իր ժողովրդին անվանում է «օկուպանտ»։ Վաղը-մյուս օրը Նիկոլի ու Մելքոնյան Գագոյի ու մյուսների հայտարարություններն օգտագործվելու են միջազգային դատարաններում, ասելու են՝ «հայ ազգ, դու օկուպանտ ես»։ Հետո 30 տարվա «վնասի փոխհատուցում» կուզեն, այդ վնասը հատուցելու է Ալե՞նը, թե՞ Մելքոնյան Գագոն, իհարկե ՀՀ քաղաքացին, ով ամբողջ կյանքը պետք է ճորտի նման աշխատի։
Կյանքիս մեծ մասը տվել եմ երկրիս, բայց փաստորեն ինձ սարքեցին «ահաբեկիչ-օկուպանտ»։ Այսինքն՝ 30 տարի ես մտածել եմ, որ հայրենիքի, հողի համար պետք է կռվել, կյանքը տալ, ինձ ասացին, «ոչ, գլուխդ պատին ես տվել, դու իրավունք չունեիր», այսքանից հետո սրանցից ի՞նչ եք ուզում։ Մեկը չկա՞ր այդ գեներալին հարցնի՝ բա որ մենք 30 տարի «օկուպանտ» ենք եղել, դու գեներալ-գնդապետ, ինչպե՞ս ես դարձել «օկուպանտ»»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սևյանը։
Ըստ նրա, ազգի, երկրի վիճակը ծանր է, և մինչ ընդդիմադիր դաշտը շարունակում է չհամախմբվել, Նիկոլ Փաշինյանն իր ծրագիրը գծած, դիմացը դրած՝ առաջ է գնում։ Ավելին՝ նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը միայն Սյունիքը չի տալու, շատ տարածքներ է դեռ հանձնելու Ադրբեջանին, մտավախություն ունի, որ նույնիսկ այդ ժամանակ ընդդիմադիր դաշտից շատերը մանդատը կրկին կվերցնեն ու կմտնեն ԱԺ։
«Ազգը պետք է ոտքի կանգնի ու Նիկոլին ասի՝ «ա՛յ տղա, էս ի՞նչ ես անում, դու Ճապոնիայի աղբի հարցով մասնագե՞տ ես, երկրի ղեկավար ես ոչ բարով, երկիրը տանում են, ոտքերի տակ գցած տանում են»։ Մարդկանց, երկիրը սրանց «թայֆաբազառությունը» կերավ, հասցրեց այս օրին»,- շեշտեց Աշոտ Սևյանը։
Ըստ ազատամարտիկի, Ադրբեջանը վաղը-մյուս օրը պահանջելու է, որ Հայաստանը դադարեցնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ու մյուս հանքերի գործունեությունը, ու դրա համար «էկոլոգների» կլցնի Սյունիք։ Նրանց հետևից էլ կբերի իր բանակը՝ ասելով, թե՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ենք ապահովում։
«Այստեղ նաև Իրանն է խնդիրը, նա կթողնի՞ Սյունիքի այդ «միջանցքը» տան, կասկածում եմ, որովհետև հայտնվելու է բլոկադայի մեջ։ Իրանի խառնվելու դեպքում ո՞ր երկիրն առաջինը դուրս կգա պայքարի, իհարկե, Թուրքիան. ստացվում է, որ սրանք իրենց քաղաքականությամբ Իրան-Թուրքիա պատերազմը բերում են մեր երկիր։ Ինչ լինելու է, մեր երկրի սահմաններում է լինելու։
Ադբեջանական կողմից արդեն խոսում են, որ գալու են բնակվեն Հանքավանում, բա ի՞նչ ճանապարհով են գնալու-գան՝ մոտավորապես արդեն գիտեմ՝ Քարվաճառով-Վարդենիսով, մյուս թևը կախվելու է Վայոց ձորում, մյուսն էլ՝ Սևանի ավազան։
Իսկ ՀՀ իշխանություն ի՞նչ է անելու՝ ոչինչ, հարկերը կհավաքի, իր իշխանության անվտանգությունը կապահովի ու հանգիստ կապրի։ 5 տարի առաջ, որ այս մասին ասում էի, ինձ վրա ծիծաղում էին, ասում էին՝ չի լինելու»,- շեշտեց Աշոտ Սևյանը։
Նրա դիտարկմամբ՝ հասկանալի է, որ միջազգային խաղացողներն Ալիևին օգտագործելու են, հետո ոչնչացնեն, բայց մինչև այդ Հայաստանից բան կմնա՞, կամ արդյո՞ք Հայաստանում լինելու է այն ղեկավարը, որ երբ դրսից Ալիևի «հարցերը լուծեն», նա այստեղից առիթն օգտագործի ու կորցրածը հետ բերի։
«Եթե օրվա իշխանությունը մնա, բնական է, կարող է գերտերությունները Ադրբեջանին բաժանեն 6 մասի, սրանք ասեն՝ մենք խնդիր չունենք, ինչ ուզում են, թող անեն։ 2020 թվականին ազգն այս աստիճան չպետք է իջներ, 44 օր կռվեց ու ծնկի չեկավ, դրանից հետո պրոպագանդան լրիվ այլ հունով պետք է ընթանար։ Բայց իշխանությունը տարավ նվաստացման ուղիով, ազգի հաղթանակները, հերոսների արյունը սարքեց զրո»,- ընդգծեց Աշոտ Սևյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test