Նոր կառուցվող արևային կայանները պետք է ունենան էլեկտրաէներգիայի կուտակիչներ։ Նման օրենսդրական գաղափար օրերս քննարկել են ԱԺ պատգամավորներն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Սա անհրաժեշտ է, որպեսզի ցանցը չծանրաբեռնվի արևային կայանների տատանողական աշխատանքից։
Արևային կայանների հզորությունը վերջին մի քանի տարում բազմակի աճել է. 10 տարի առաջ այն գրեթե զրոյական էր, իսկ հիմա հասել է 860 մեգավատի, ինչը Հայկական ԱԷԿ–ի հզորության կրկնակին է։ Սակայն ԱԷԿ–ը կարող է աշխատել անընդհատ, իսկ արևային կայանները` միայն ցերեկային ժամերին։ Ստացվում է, որ ամեն օր էլեկտրական ցանցում միանում–անջատվում է միանգամից մի քանի հարյուր մեգավատ հզորություն։ Ցանցի համար սա զգալի սթրես է, քանի որ երբ «արևայինները» միանում են, պետք է այլ կայաններն անջատել կամ նվազեցնել դրանց արտադրանքը, իսկ ժամեր անց նորից միացնել։ Նման կտրուկ տատանումերը տեխնիկապես հակացուցված են թե՛ ԱԷԿ–ին, թե՛ ջերմային կայաններին։
Կարող է հարց առաջանալ` ինչո՞վ են արևային կայանները խանգարում, օրինակ, նույն ԱԷԿ–ին։ Խնդիրն այն է, որ Հայաստանի էլեկտակայանները կարող են արտադրել ավելին, քան անհրաժեշտ է երկրի ներսում, իսկ արտահանման հնարավորությունները սահմանափակ են (քանի դեռ պատրաստ չեն նոր` բարձր լարման գծեր Իրանի և Վրաստանի հետ)։ Ուստի պետությունը էլեկտրակայաններն աշխատացնում է ըստ առաջնահերթությունների շարքի, որտեղ վերջինը ՋԷԿ–երն են (քանի որ աշխատում են ներմուծված վառելիքով և համեմատաբար բարձր ինքնարժեքով)։ Սակայն անգամ հիմա, երբ ՋԷԿ–երն աշխատում են մասնակի, արևային կայանները հոսանքի ավելցուկ են առաջացնում։ Ընդ որում, արևային կայանների արտադրությունը սահմանափակել չի թույլատրվում, քանի որ դրանց մեծ մասին պետությունը 20 տարվա հոսանքի գնման երաշխիք է տվել։
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այսօր արդեն ինքնավար (բաժանորդի սեփական սպառման համար) կայանների գումարային հզորությունը հասել է 560 մեգավատի, որը եկող տարի կարող է հասնել 700-ի, իսկ առևտրային (հոսանք վաճառող) կայաններինը` 300 ՄՎտ–ի։ Ընդ որում, ևս մոտ այդքան էլ կառուցման փուլում է։
«Նկարագրված խնդիրներից հնարավոր է խուսափել, եթե արևային կայանները կուտակեն էլեկտրաէներգիա այն ժամերին, երբ ցանցում ավելցուկ կա, իսկ հետո բաց թողնեն», – ասում է Մեսրոպյանը։
Օրինագծի վերջնական տեսքը դեռ պարզ չէ, սակայն, ըստ ամենայնի, օրենսդրությունը թույլ չի տա հետին թվով պարտավորություններ սահմանել գործող կայանների համար, ուստի, հավանաբար, սա կվերաբերի միայն նոր կառուցվող կայաններին։ Խնդիրը հատկապես կարևոր է`հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն կա մեկ խոշոր արևային կայան («Մասրիկ–1», 56 ՄՎտ), երկրորդն էլ կառուցվում է («Արեգ–1», 220 ՄՎտ), և երկուսն էլ ազատված են կուտակիչների պահանջից (քանի որ կառուցվել կամ կառուցվում են միջազգային պայմանագրերով, որտեղ նման պահանջ չէր սահմանվել)։
Արտադրանքի քանի՞ տոկոսը պիտի կուտակեն կայանները։ Հարցի պատասխանը կախված է մի քանի գործոններից։ Եթե եկող տարի շահագործման կհանձնվի Իրան–Հայաստան 400 կՎտ լարման գիծը, ապա այսօրվա ավելցուկային էներգիան հնարավոր կլինի արտահանել, քանի որ իրանական շուկան, Հայաստանի մասշտաբներով, գործնականում անսպառ է (հիշեցնենք` Հայաստանն այսօր էլ է հոսանք արտահանում Իրան, սակայն գործող գծերի թողունակությունը սահմանափակ է և գրեթե ամբողջությամբ զբաղված)։
Շատ բան է կախված նաև էլեկտրական մեքենաների և էլեկտրատրանսպորտի ավելացումից։ Եթե, ինչպես նախատեսում է Երևանի քաղաքապետարանը, ավելանան տրոլեյբուսներն ու էլեկտրական ավտոբուսները, ապա դրանք կսպառեն ներկայիս ավելցուկի մի մասը, այն էլ` ցերեկային ժամերին, երբ աշխատում են արևային կայանները։
Ինչպես նշեցինք, կուտակիչ ունենալու պահանջ դժվար թե հնարավոր լինի ներդնել գործող կայանների, այդ թվում` ինքնավարների համար։ ՀԷՑ–ի բեռը թեթևացնելու համար ՀԾԿՀ–ն ԱԺ պատգամավորների հետ այժմ քննարկում է մեկ այլ նախաձեռնություն։ Գործող կանոններով` ինքնավար կայան ունեցող սպառողը «Էլցանցի» հետ հաշվեկշռում է ստացված և տրված էներգիայի արժեքները։ Տարին մեկ ցանցը հաշվարկում է, թե որքան հոսանք է սպառողը ցանցից ստացել, որքան` տվել։ Սա թույլ է տալիս ամռան ամիսների արտադրած էներգիայի հաշվին ձմռանը ավելի քիչ հոսանք գնել։ Այսինքն` այդ կայանները որպես անվճար կուտակիչ օգտագործում են էլցանցը։ Մեսրոպյանը նշում է, որ դա խնդիր չէր, քանի դեռ հզորությունները մեծ չէին, սակայն հիմա դրանք ստեղծում են վերը նկարագրված խնդիրները, ուստի հանձնաժողովն առաջարկում է տարեկան հաշվեշռից անցնել ամսականի, ինչն այլևս թույլ չի տա կատարել «ամառ–ձմեռ ռեժիմով» կուտակում։
«Սա ինքնավարների սեփականատերերի համար անուղղակի ազդակ կստեղծի` տեղադրել կուտակիչներ։ Արդյունքում, եթե հիմա իրենք սեփական էներգիան սպառում են օրական 4-5 ժամ, դա կհասցնեն 10-12 ժամի», – ասում է Մեսրոպյանը։
ՀԾԿՀ ղեկավարն արդեն հանդիպել է կուտակիչների մատակարարների հետ, այդ թվում` մի քանի տեղական սպասարկողների, ինչպես նաև չինական BYD ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչների հետ։ Քննարկվում են տարբեր բիզնես–մոդելներ. այդ ընկերությունները կարող են ոչ միայն մարտկոցներ մատակարարել կայաններին, այլև նրանցից հոսանք գնել և վերավաճառել։ Հավելենք` տատանվում են նաև գնային առաջարկները, որոնք մեծապես կախված են պահանջարկի ծավալից։