Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանը՝ ՄԱԿ–ում․ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ–ից panarmenian.net panarmenian.net

time
Փաշինյանը՝ ՄԱԿ–ում․ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ–ից

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից` ։

Նա ընդգծել է, որ թեև Վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատված է, դեռևս առկա են լուրջ անելիքներ, իսկ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը հակասում է խաղաղության կառուցման տրամաբանությանը, հայտնում է «Ազատությունը»։

«Խաղաղությունը այսպիսով հաստատված է, բայց խաղաղությունն արձակուրդ չէ, այլ աշխատանք, ամենօրյա աշխատանք։ Խաղաղությունը ամենօրյա խնամք է պահանջում նորածին մանուկի նման իրեն պաշտպանելու վարակից, ցրտից ու շոգից, անտարբերությունից ու հոռետեսությունից»,- ասել է վարչապետը՝ միաժամանակ շեշտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերն այս գործընթացում։

Մեկ օր առաջ նույն ամբիոնից Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը հասել է իր նպատակներին ու նոր փուլ է սկսել իր պատմության մեջ։ Ալիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ պնդելով, թե վերջինս իրականացրել է «էթնիկ զտումներ, ռազմական հանցագործություններ և մերժել է խաղաղ կարգավորման տարբերակները»։

Վարչապետը կարևորել է անհետ կորածների ճակատագրի բացահայտումը և երկարատև հակամարտության հետևանքով ազատազրկված անձանց հարցի լուծումը՝ նշելով, որ դրանք շարունակական աշխատանք են պահանջում կառավարությունից։

«Զանգեզուրի միջանցք» արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա»,-ասել է Փաշինյանը։

Նա անդրադարձել է նաև «TRIP ուղի» ենթակառուցվածքային նախաձեռնությանը՝ նշելով, որ այն գործելու է Հայաստանի տարածքով՝ ԱՄՆ-Հայաստան համաձայնեցված բիզնես մոդելով և ունենալու է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ նշանակություն։

Փաշինյանը ընդգծել է, որ նման մասշտաբի նախագծի պարագայում անհրաժեշտ է պահպանել խաղաղամետ ու համաձայնեցված խոսույթ, մինչդեռ Ադրբեջանի նախագահը, ով ևս ստորագրել է Վաշինգտոնյան հռչակագիրը, բազմիցս, այդ թվում ՄԱԿ-ի ամբիոնից, շարունակել է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

«Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Կարծում եմ, որ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ նման հայտարարությունները չեն խթանում խաղաղության նկատմամբ մարդկանց վստահությունը և հակասում են արդեն ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ճիշտն ասած չեմ հասկանում՝ որն է ահռելի, պոզիտիվ բովանդակության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Մի՞թե խաղաղությունը բավարար բերկրանք և բավարարվածություն չի պատճառում։ Ինձ, օրինակ, պատճառում է։ Ինձ բավարար բերկրանք է պատճառում նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը տպավորիչ տեմպերով զարգացող, անկախ, ինքնիշխան, սեփական ապագան այսօր կառուցող ժողովրդավարական պետություն է և ատելություն չի տածում ու չի տարածում հարևաններից և որևէ մեկի նկատմամբ», - նշել է վարչապետը։

Նա միջազգային հանրությանը հորդորել է նկատի ունենալ, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն ու նմանատիպ հռետորաբանությունը որևէ կապ չունեն համաձայնեցված պայմանավորվածությունների հետ և ընկալվում են որպես սպառնալիք ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությանը՝ հակասելով ընդունված հռչակագրին։

«Բայց սա, իհարկե, մեզ ոչ մի միլիմետր չի շեղի խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից ․․․ Ադրբեջանցի գործընկերոջոս առաջարկում եմ կենտրոնանալ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտափույթ և ճշգրիտ կյանքի կոչելու վրա, ինչի համար էական է լեգիտիմ խոսույթների կիրառումը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ Վաշինգտոնյան հռչակագրի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը պետք է իրականացվի՝ հիմնվելով երկկողմ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության փոխադարձ հարգանքի վրա։

Փաշինյանը նշել է, որ «TRIP ուղի» նախագծի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է զարգացնել Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող երկաթուղային, ավտոճանապարհային, խողովակաշարային և էներգահաղորդման ենթակառուցվածքները։

«Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության աճող մակարդակով։ Սա մի ձեռքբերում է, որը ես չափազանց բարձր եմ գնահատում և համոզված եմ, որ տեսանելի ապագայում բերելու է դրական արդյունքների, այն է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական սահմանի լիարժեք բացման»,- ասել է նա։

Փաշինյանը նաև խոսել է Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնման մասին՝ հիշատակելով Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ վերջերս հաստատված հարաբերությունները։

«Հավասարակշված արտաքին քաղաքականությունը նոր հորիզոններ է բացում մեր առաջ։ Մենք ակտիվացնում ենք մեր հարաբերությունները Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ», - ընդգծել է վարչապետը։

Նա անդրադարձել է նաև Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքին, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից այս տարվա մարտին՝ դա համարելով Հայաստանի օրակարգի առանցքային մասը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ձգտում է ինստիտուցիոնալ մակարդակով համապատասխանել ԵՄ չափանիշներին, ինչն անհրաժեշտ է անդամակցության համար։ Այդ համապատասխանությունից հետո, ըստ նրա, ԵՄ-ն կընդունի կամ կմերժի Հայաստանի անդամակցությունը, սակայն ցանկացած դեպքում գործընթացը կունենա դրական արդյունք։

«Եթե կընդունեն՝ լավ է, եթե՝ ոչ, ապա մենք լուծած կլինենք մեր առաջ դրված մի կարևորագույն խնդիր։ Հայաստանը կլինի ժամանակակից, առաջավոր ստանդարտներին համապատասխանող երկիր»,- նշել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ նպատակ ունի ժողովրդավարության ոլորտում արված բարեփոխումները ամրապնդել նոր Սահմանադրության միջոցով, որի ընդունման համար 2026-ին նախատեսվում է սահմանադրական հանրաքվե։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test