Հետկեսօրին Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղը նման է մեծ գեղանկարի։ Գյուղ տանող ճանապարհի աջ կողմում հացահատիկի դաշտերն են, որոնք հիմնականում հնձած են։ Հեռվում երեւացող տրակտորն աշխատում է, բայց դրա ձայնը չի հասնում մեզ։ Իսկ գյուղի ներսում մեղմ քամուց օրորվող բարդիներն են։
Այս ամենը հովերգական պատկեր կհիշեցներ, եթե չլիներ իրականությունը։ Արփունքը Հայաստանի այն գյուղերից է, որտեղ չկա գազ, արդեն 8 տարի՝ խանութ, իսկ գյուղ տանող ճանապարհն էլ վերանորոգման կարիք ունի։
Գյուղն ընդգրկված է Վարդենիս խոշորացված համայնքի կազմում: Վարդենիսից Արփունք ճանապարհն անցնում է Փոքր Մասրիկ գյուղով: Այստեղից մինչեւ Արփունք ընդամենը 3 կմ է, բայց ճանապարհով անցնող մեքենաները հաճախ են վնասվում։ Գյուղի վարչական ղեկավար Մայիս Դանիելյանն ասում է, որ ամիսը 1-2 անգամ իր մեքենան վերանորոգման է տանում։ Ճանապարհի վերանորոգումը համարում է իր երազանքը։
Արփունքի սկզբնամասում գյուղապետարանի շենքն է, հարեւանությամբ՝ անցյալից մնացած խանութը, որի մասին միայն գրությունն է հիշեցնում։ Գյուղում 7-8 տարի առաջ է խանութ եղել։ Հիմա բնակիչները մեծ գնումների համար հասնում են Վարդենիս՝ գյուղից 15 կմ հեռու, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները ձեռք են բերում Փոքր Մասրիկից։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշում է, որ Արփունքում խանութ բացելու հարցով պետք է շահարգրգռված լինի մասնավորը։ Ասում է՝ համայնքի անելիքները շատ չեն այստեղ, այլ բան, եթե, օրինակ, մասնավոր հատվածին հարկերից ազատելու կամ խրախուսական ծրագիր իրականացնելու թեմա լիներ։
Մ. Դանիելյանի փոխանցմամբ՝ ներկայում 90 ընտանիք է ապրում Արփունքում, որից 35-40-ը կարիքավոր են։
Գյուղն ունի 950 հա վարելահող։ Վարչական ղեկավարի խոսքով՝ միայն մոտ 10 հա-ն է, որ քարքարոտ կամ ոչ պիտանի լինելու պատճառով չի մշակվում։ Հիմնական մշակաբույսերն են գարին, ցորենը եւ կորնգանը։
Արփունքի բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագոծությունն է։ Դանիելյանն ասում է, որ 3 տարի առաջ գյուղում խոշոր եղջերավորների թիվը 270 էր, հիմա՝ 200, իսկ մանր եղջերավորների թիվը մնացել է նույնը՝ մոտ 2000։
Գյուղում կան նաեւ արտագնա աշխատանքի մեկնողներ, հիմնական ուղղությունը Ռուսաստանն է։ Վերջին երկու տարիներին, ըստ մեր զրուցակցի, ներգնա աշխատանքի գնացողներն են շատացել։ «Արդեն երկու տարի է՝ Հայաստանի ներսում են աշխատում: Որ շատացել է շինարարությունը, էդտեղ են, բայց մեկ է՝ հիմնական ուղղությունը Ռուսաստանն է»,- ասում է վարչական ղեկավարը։
Արփունքում նոր կրթահամալիր է կառուցվում, շինարարությունը նախատեսվում է ավարտել 2027-ին։ Մարզպետ Կարեն Սարգսյանի փոխանցմամբ՝ Գեղարքունիքում հաստատվել է 10 կրթահամալիրի կառուցման ծրագիր։ Արփունքն այն գյուղերից է, որն ընդգրկված է ծրագրում։ Այստեղի կրթահամալիրը ծառայելու է նաեւ հարեւան բնակավայրերին։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ կրթահամալիրի համար ընտրել են հարմար դիրք։
Ըստ Սարգսյանի՝ քանի որ կրթահամալիրի շինարարության համար օգտագործվում է ծանր տեխնիկա, ճանապարհն առայժմ չեն վերանորոգում։ Երբ ծանր տեխնիկայի աշխատանքն ավարտվի, բարեկարգելու են ոչ միայն Արփունքի, այլեւ հարեւան գյուղերի ճանապարհները, որոնցով երեխաները կկարողանան հաճախել Արփունքի կրթահամալիր։
Իսկ մինչ այդ Արփունքի միջնակարգ դպրոցում սովորում է 43 երեխա։ Դպրոցի շենքում գործում է նաեւ նախակրթարան, ուր հաճախում է 6 երեխա։
Մայիս Դանիելյանը, ճանապարհից բացի, առանձնացնում է գազիֆիկացման հարցը: Նկատում է, որ Վարդենիս համայնքում՝ Մեծ Մասրիկից մինչեւ Ծափաթաղ, գազիֆիկացում չկա։
Մարզպետ Սարգսյանն էլ, անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերում հանրային տրանսպորտին, ասում է, որ ամբողջ Գեղարքունիքում կա նման խնդիր։
«Նախորդ տարի փորձեցինք մեկ օպերատորի տրամադրել, որ ամբողջ մարզը մեկ օպերատոր սպասարկի՝ հաշվի առնելով, որ, օրինակ, Վարդենիսի սահմանամերձ բնակավայրը սպասարկելը քիչ եկատմաբեր է կամ եկամտաբեր չէ, իսկ, օրինակ, Վարդենիս-Երեւան կամ Մարտունի-Երեւան տրանսպորտը սպասարկելը եկամտաբեր է։ Փորձեցինք բալանսավորել, որ եւ՛ ներհամայնքային տրանսպորտը սպասարկի, եւ՛ միջմարզային ուղեւորափոխադրումներն իրականացնի։ Ցավոք, երկու անգամ մրցույթ հայտարարելուց հետո չունեցանք օպերատոր»,- պարզաբանում է Կ. Սարգսյանը։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մասնավորը չի ցանկանում մեծ ներդրում անել փոքր եկամտաբերություն ունեցող բիզնեսում։
Մարզպետի աշխատակազմում 5 անգամ հանդիպում է եղել համայնքային աշխատողների, ներդրողների եւ այս պահին հանրային տրանսպորտի սպասարկումն իրականացնողների միջեւ։ Փոփոխել են երթուղիները, փորձել են հարմար լուծումներ գտնել ու, Սարգսյանի ասելով, ստացել են տեսանելի տարբերակ, որը քննարկել են համայնքների հետ։ Մարզպետն ասում է՝ այս տարբերակն էլ ներկայացրել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, եւ առաջիկայում 2 լոտով մրցույթ կհայտարարվի։ Կա նաեւ Երեւանի տրանսպորտի օրինակը, երբ համայնքային ՓԲԸ-ները կստանձնեն իրենց համայնքի սպասարկումը, թեկուզ վնասով։
«Առաջիկայում կստեղծենք ՓԲԸ-ներ, բայց ոչ թե երփուղիները մասնավորի ձեռքից կվերցնենք, այլ մրցույթ կհայտարարվի, որին կարող են մասնակցել նաեւ համայնքային ՓԲԸ-ները: Եթե մասնավորի հետաքրքվածություն լինի, առաջնահերթությունը կտանք մասնավորին, որ չխանագրենք իր բիզնեսն իրականացնել, բայց եթե հետաքրքրութուն չլինի, համայնքը կսպասարկի, իսկ հետագայում հնարավորություն կունենա հավատարմագրային կառավարման հանձնել այն կազմակերպությանը, որն ավելի մասնագիտացած է նմանատիպ ծառայության մեջ»,- ասում է մարզպետ Կարեն Սարգսյանը։
Ըստ նրա՝ հնարավորություն կա մեքենաները ձեռք բերել սուբվենցիոն ծրագրով՝ համայնք-Կառավարություն համաֆինանսավորմամբ՝ 50-50 տարբերակով։ Իսկ որպեսզի համայնքի բեռը թեթեւանա, կխնդրեն Կառավարությանը մեքենաները ներկրելիս ազատել մաքսատուրքից։
Մինչ Արփունքի խնդիրները լուծում կստանան, 9-ամյա Արմանը գյուղի մի ծայրից մյուսն է վազում: Հանգստանալու րոպե էլ գրեթե չունի՝ անընդհատ շարժման մեջ է: Տան դիմացի փոքրիկ բլրակով է սահում, հետո հին դպրոցի բակի երկաթյա աստիճաններին է մագլցում ու ժպտում:
Մայրամուտին քայլում ենք գյուղի փողոցով: Ձախում գտնվող փոքրիկ այգում արեւածաղիկների գլուխները փաթաթել են շորով: Արմանը հպանցիկ նայում է դրանց: Որոշել է ոստիկան դառնալ, որ գյուղից բերք գողացողներին բռնի:
ՀԳ. Գազիֆիկացմանը եւ սահմանային վիճակին կանդրադառնանք հաջորդիվ:
Նյութը պատրաստվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ, UNFPA) հայաստանյան գրասենյակի կազմակերպած շրջայցի շրջանակներում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test