Ազգային ժողովի նախորդ ընտրությունների նախաշեմին, Նիկոլ Փաշինյանը սենսացիա էր խոստանում ընտրողներին՝ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված։ Ասում էր՝ առաջիկայում սպասվում է, թերևս, մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը՝ վերջին 60 տարվա ընթացքում։ Ու դեռևս չիրականացած այդ փաստը մատուցում էր՝ որպես ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք։
Նիկոլ Փաշինյանի ասած՝ մեր ժամանակների ամենամեծ սենսացիաներից մեկն այդպես էլ տեղի չունեցավ։ Փոխարենը՝ դրանից 4 տարի հետո ունենք այն, որ Սևանա լճի մակարդակն անհամեմատ ավելի ցածր է, քան 2021թ. էր, նույնիսկ դրանից շատ առաջ։
Սևանի մակարդակը ՔՊ-ականների իշխանության 7-8 տարիներին ոչ միայն չի բարձրացել, այլև նվազել է։ Բայց դա չի խանգերել, որպեսզի ժամանակին սեփական քաղաքական խաղերում շահարկեն անգամ այս թեման։
Այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ Սևանի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա, ինչն ավելի քան 10 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված նիշից։
Մեկ տարում լճի մակարդակը հասցրել են իջեցնել 10 սանտիմետրով։ 10 սանտիմետրը շուրջ 100 մլն խորանարդ մետր ջուր է։ Այդքանով 1 տարում պակասեցրել են լճի ջրային պաշարները։ Բայց դա էլ ամբողջը չէ։
Վերջին տասնամյակում Սևանի ամենաբարձր նիշը գրանցվել է իշխանազավթումից առաջ, նախկին իշխանությունների ժամանակ՝ 2017թ. կեսերին, երբ լճի մակարդակը հասել էր 1900.91 մետրի։ Մինչև հիմա այս ցուցանիշը շարունակում է մնալ անգերազանցելի։
Այսօր ունենք այն, որ Սևանի մակարդակը գրեթե 40 սմ-ով ավելի ցածր է, քան նախկինների ժամանակ։
Երբ Նիկոլ Փաշինյանը Սևանի մակարդակի սենսացիոն բարձրացման մասին էր խոսում, դա փորձում էր հիմնավորել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմամբ։ Իբր նախկինները ջուրը վատ էին կառավարում, գողանում էին, փող էին աշխատում դրա վրա, իրենք սկսել են ավելի լավ կառավարել։ Ու այդ «լավ կառավարման» արդյունքում ունենք այն, որ հիմա Սևանի մակարդակն ավելի ցածր է, քան տարիներ առաջ։
Սպասվում է, որ առաջիկայում ավելի ցածր կլինի։ Իշխանություններն այս տարի էլ Սևանից ավելի շատ ջուր կվերցնեն, քան թույլատրվում է օրենքով։
Երաշտի պատճառաբանությամբ՝ 30 միլիոն խորանարդով կավելացնեն ջրառը։ Արդյունքում՝ թույլատրվող 170 միլիոնը կհասցնեն 200 մլն խորանարդի։
«Երկարատև շոգ ու չոր եղանակի պատճառով Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերի ջրի հոսքը կտրուկ նվազել է։ Ջրի պահանջարկը բավարարելու համար նախատեսվածից շատ ջրային բացթողումներ են իրականացվել ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից»,- հավելյալ ջրի բացթողումը շոգով ու երաշտով է փորձում արդարացնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։
Իսկ որ տարիներ շարունակ խոստացած ջրամբարաշինության ծրագրերը տապալել են, ոչ մի խոսք չկա։ Ջրամբարներ կառուցելու փոխարեն, որոնք պիտի նվազեցնեին լճի ծանրաբեռնվածությունը, ոռոգման նպատակով ջուրը կրկին Սևանից են վերցնում՝ այս անգամ էլ ավելի, քան թույլատրելի է։
Ժամանակին Նիկոլ Փաշինյանը նախկիններին մեղադրում էր Սևանի ջրառի վրա փող աշխատելու մեջ։ Ասում էր՝ եթե դուք էներգետիկ համակարգի իրազեկ ներկայացուցիչների հետ խոսեք, նրանք կասեն, որ կա օդում պտտվող այսպիսի խոսակցություն, որ Սևանա լճի 1 սմ ջուրը 1 մլն դոլար է, որովհետև, երբ դա բաց է թողնվում համակարգ և դառնում է էլեկտրական էներգիա, այդքանով մնացած գործողությունները տեղի են ունենում։
Հիմա, երբ Սևանից ավել ջուր են վերցնում, ո՞ւմ գրպանն են գնում այդ գումարները։
Այս հարցի պատասխանը գուցե՞ գիտի Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ այլևս այդ մասին չի խոսում։
Հայտնի է, որ կա հատուկ ֆոնդ, որտեղ պետք է կուտակվեն էներգետիկ համակարգում, սակագներում չներառված, այդ և այլ պայմաններում ձևավորվող հավելյալ գումարները։ Դրանք հետո պիտի ուղղվեն համակարգի խնդիրները լուծելուն։ Ի դեպ, այդ ֆոնդը նախկին «թալանչիներն» են ստեղծել, որոնք Նիկոլ Փաշինյանի ասելով՝ Սևանի հավելյալ ջրառի վրա փող էին աշխատում։ Սևանի վրա փող էին աշխատում, բայց հատուկ ֆոնդ էին ստեղծել, որտեղ պիտի կուտակվեին ավել բաց թողնված ջրից էներգետիկ համակարգում գոյացող գումարները։
Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու արդյունքում միլիոնավոր դոլարներ են գոյանում։ Իսկ գուցե՞ հիմա էներգետիկ համակարգն այդ գումարների կարիքն ունի, դրա համար են որոշել Սևանից հավելյալ ջրառ կատարել։
Խնդիրն այն է, որ ՀԷՑ-ը խլելու այս գործընթացում, երբ համակարգում իսկական կառավարման քաոս են ստեղծել, մեծացել է ճնշումը հոսանքի սակագների վրա։ Նախկինում Սամվել Կարապետյանը, երբեմն՝ նաև սեփական միջոցների հաշվին, կարողանում էր զսպել սակագների բարձրացումը։ Հազարավոր աշխատողների վճարում էր սեփական միջոցներից։
Հիմա, երբ խլել են ընկերության կառավարումը՝ համակարգում ֆինանսական խնդիրները սրվել են։ Մեծացել է ճնշումը սակագների վրա։ Ստիպված են լինելու գնալ սակագների վերանայման, ինչը պետք է անեն մինչև հաջորդ տարվա փետրվար։
Բայց ընտրությունների նախաշեմին սակագների բարձրացումը լուրջ հարված կարող է լինել իշխանություններին։ Ուստի չի բացառվում, որ սակագների բարձրացում թույլ չտալու համար էլ որոշել են Սևանից հավելյալ ջրառ իրականացնել։ Մի կողմից՝ կլուծեն ոռոգման խնդիրները, մյուս կողմից էլ՝ պայմաններ կստեղծեն հոսանքի սակագների բարձրացումը զսպելու համար։ Ոչինչ, որ դրա հետևանքով Սևանի մակարդակը մի քանի սանտիմետրով էլ կիջնի։ Ու խոստացված բարձրացման փոխարեն՝ կշարունակի նվազել։
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր 10 միլիոն խորանարդ մետր ջրառը համարժեք է Սևանի մակարդակը 1 սանտիմետրով իջեցնելուն։ Դժվար չէ հաշվել, թե հավելյալ 30 մլն խորանարդ մետր ջրառի պարագայում դեռ ինչքան կնվազի լճի մակարդակը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test