Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրաչյա Աճառյանի անտիպ ժառանգությունը․ Հայարձան» aravot.am aravot.am

time
«Հրաչյա Աճառյանի անտիպ ժառանգությունը․ Հայարձան»

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շրջանակում տեղի ունեցավ վիմագրության և միջնադարյան հնագիտության բաժինների կողմից կազմակերպված սեմինարը։ «Հրաչյա Աճառյանի անտիպ ժառանգությունը․ Հայարձան» բանախոսությունը ներկայացրեց վիմագրության բաժնի գիտաշխատող, պ. գ. թ. Սուսաննա Ադամյանը։

Բանախոսությանը ներկա էին ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը, տարբեր բաժիների աշխատակիցներ, հյուրեր։ Բանախոսին ներկայացրեց վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.թ Արսեն Հարությունյանը։ Ասաց նաև՝ 2025թ․աշնանային շրջափուլի առաջին սեմինարն է։ Կարևորելով ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հր․ Աճառյանի (1876, Կ․ Պալիս-1953թթ․Երևան) այս կոթողային աշխատությունը, նշեց՝ ժամանակին անդրադարձել են շատ վիմագրագետներ՝ սկսած Սեդրակ Բարխուդարյանից։ Սկսելով բանախոսությունը՝ Ս․ Ադամյանը նախ ներկայացրեց Հր․ Աճառյանի որոշ կենսագրական տվյալներ։ Ծնվել է Կ․ Պոլսում, կոշկակարի ընտանիքում։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում։ Բարձրագույն կրթություն ստացել Փարիզի Սորբոնի համալսարանում՝ աշակերտելով Անտուան Մեյեին։

1898 թվականին Աճառյանը գալիս է Կովկաս, նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքին։ Աճառյանը շրջել է պատմական Հայաստանի շատ վայրերում, ուսումնասիրել է մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ և զանազան նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։

Սուսաննա Ադամյանը կարևորեց հայ մեծանուն լեզվաբան Հր․ Աճառյանի դերը՝ նշելով, որ ցանկացած ազգ կերազեր՝ ունենալ Աճառյանի նման գիտնական։ Ծանոթանալով Աճառյանի կենսագրությանը՝ բանախոսն իր համար կարևոր բացահայտում է համարում «Հայարձան» աշխատությունը, որը հայերեն վիմագրերի հավաքածու է՝ բաղկացած 2000 վիմագրերից, ձեռագիր 1753 թերթից․ ընդգրկում է Կ․ Պոլսից մինչև Աղվանք։ Պատահաբար է իմացել աշխատության մասին․ նրան ուղղություն է տվել Երևանի Մատենադարանի աշխատակից Հասմիկ Գալստյանը։

Նշեց նաև՝ Աճառյանի կենսագիրներից ոչ ոք չի անդրադարձել այս աշխատության գոյությանը։ Լավ է՝ արդեն վիմագրագետներն անդրադարձել են։ Աշխատության ուսումնասիրությանն օժանդակել են Երևանի գրականության և արվեստի թանգարանում։ Իսկ Աճառյանի կողմից աշխատությունը գրելու նպատակը եղել է 1912թ․ Մոսկվայի Լազարյան ճեմարանի հայտարարած մրցանակաբաշխությունը, ըստ որի՝ առաջին մրցանակը տրվելու էր հայկական հնագույն (վաղ շրջանից մինչև Ռ-1551թ ընկած ժամանակաշրջան) վիմագրություններին նվիրված աշխատությունը։ Եվ Աճառյանն սկսել է աշխատանքը․ «Ուզելով մասնակցել այս մրցանակին՝ ես նախ հավաքեցի բոլոր այն հայ արձանագրությունները, որ այլևայլ գրքերում ու թերթերում հրատարակված էին մինչև այն ժամանակ՝ սկսած հնագույնից մինչև Ռ-1551 թիվը», -գրել է Աճառյանը։

«Հանդես ամսօրեա» ամսագրի միջոցով կոչ է հղել իր ընկերներին, որ այս հարցում իրեն օգնեն՝ տրամադրեն վիմագրեր Հայաստանի տարբեր շրջաններից։ Ըստ Լազարյան ճեմարանի հայտարարության՝ վիմագրերը պետք է լինեին Հայաստանի՝ Ռուսաստանի կազմում եղած տարածքներից։ Եվ սկզբնական շրջանում մոտ 1500 վիմագիր արձանագրություն է ներառում աշխատության մեջ՝ հետագայում հասցնելով 2000-ի՝ արդեն անդրադառնալով Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերի, Կ․ Պոլսի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի՝ Օդեսա, Նոր Նախիջևան և այլ վայրերի հայկական հուշարձաններին վիմագրերին։

Օրինակ՝ 1912թ․ ապրիլի 12-ին Ամասիայի Սուրբ Աստվածածին, Սուրբ Նիկողայոս եկեղեցիների վիմագրերը նամակով ուղարկել է Կարապետ Գազազյանը։ Դավրա-Սեբաստիայի տաճարի վիմագրերը 1912 թ․ ուղարկել է Կարապետ Գաբիկյանը և այլն։ Բանախոսը տեղեկացրեց նաև՝ այդ ժամանակ նույն հայտարարության հետ կապված աշխատություն է գրել Կարապետ Կոստանյանը, ով եղել է Գևորգյան վարժարանի տեսուչ (1894-1899 թթ., 1902-1905 թթ.) և վատ հարաբերությունների մեջ Հր․ Աճառյանի հետ։ Նշեց նաև՝ Աճառյանը մանրակրկիտ աշխատել է վիմագրերի վրա, ճշտել ժամանակաշրջաններ՝ համեմատելով անձնանունների հետ։

Աճառյանն արձանագրությունները գրառել է ըստ սկզբունքների․ դասավորել է այբբենական կարգով՝ ըստ բնակավայրերի, նշել՝ հուշարձանի որ հատվածում է արձանագրությունը, նույնությամբ արտագրել այն վիմագրերը, որոնք չի տեսել։ Աշխատությունում վիմագրերի լուսանկարներ ու գրչագրեր չկան։ Նույն ժամանակ աշխատել է տարբեր բառարանների, այդ թվում նաև «Արմատական բառարան»-ի, «Հայոց անձնանունների բառարան»-ի վրա։ Ավարտում է ծավալուն աշխատանքը, սակայն չի հրատարակում․ պատճառները հայտնի չեն։

1944թ. Հր․ Աճառյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում, և նրա ուսանողներից՝ վիմագրագետ, հնագետ-պատմաբան Կարո Ղաֆադարյանն առաջարկում է հրատարակել գիրքը, բայց դա չի իրականանում։ Աճառյանը չի նշել՝ ինչն է պատճառը, գրել է․ «Սակայն․․․»։ Ստալինյան բռնություններին ենթարկված գիտնականի աշխատությունն այդ ժամանակ հրատարակելը երևի չի թույլատրվել։ Բանախոսության վերջում եղավ քննարկում, ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, հավելյալ տեղեկություններ տրվեցին Աճառյան-գիտնականի մասին։ Կարևորվեց նաև այս աշխատության հրատարակումը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test