21-րդ դարի թվային հեղափոխությունը մարդկանց համար բացեց անսահմանափակ հնարավորություններ․ այսօր մենք մի քանի վայրկյանում կարող ենք շփվել աշխարհի մյուս ծայրում գտնվող ընկերոջ հետ, կիսվել գաղափարներով, գիտելիքներով, անգամ ստեղծել ու զարգացնել բիզնես։ Սակայն թվային հարթակները, իրենց դրական կողմերի հետ մեկտեղ, ստեղծել են նաև վտանգավոր երևույթներ։
Այդպիսի ամենաաննկատ, բայց ամենահետաքննելի խնդիրը կիբերբուլինգն է։
Կիբերբուլինգը բռնության այն տեսակն է, երբ մարդուն վնասում կամ նվաստացնում են համացանցի միջոցով։ Այն տեղի է ունենում սոցիալական ցանցերում, առցանց խաղերում, մեսենջերներում, ֆորումներում և ցանկացած այլ թվային միջավայրում։ Եթե ավանդական բուլինգը սահմանափակվում էր դպրոցի բակում կամ աշխատավայրում, ապա կիբերբուլինգից խուսափել գրեթե անհնար է․ այն հասանելի է 24/7 և կարող է դառնալ զոհի ամեն քայլի «ուղեկիցը»։
Կիբերբուլինգը կարող է արտահայտվել տարբեր ձևերով՝
– Վիրավորական մեկնաբանություններ և ծաղրանքներ սոցիալական ցանցերում։
– Կեղծ լուրերի տարածում՝ մարդու մասին սուտ կամ խեղաթյուրված տեղեկություններ հրապարակելով։
– Սպառնալիքներ և ահաբեկումներ, որոնք ուղարկվում են նամակներով կամ հրապարակային։
– Անձնական տվյալների տարածում՝ լուսանկարներ, նամակներ, գաղտնի փաստաթղթեր։
– Առցանց մեկուսացում՝ դիտավորյալ չընդգրկել խմբային քննարկումներում, խաղերում կամ առցանց միջոցառումներում։
Այս ամենը հաճախ ուղեկցվում է անանունության մոլորությամբ․ բուլերը թաքնվում է կեղծ էջերի հետևում և իրեն անպատժելի է զգում։
Ովքե՞ր են դառնում զոհ
Կիբերբուլինգի զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից, սեռից կամ զբաղմունքից։ Սակայն մասնագետների դիտարկմամբ՝ ամենախոցելին դեռահասներն են․ նրանք ակտիվ են սոցիալական հարթակներում, ունեն դեռ չձևավորված ինքնագնահատական և ավելի զգայուն են արտաքին կարծիքների նկատմամբ։
Այսօր դեռահասների առօրյայի մեծ մասն անցնում է առցանց` TikTok, Instagram, Telegram-յան խմբեր, խաղային հարթակներ։ Այս հարթակները դարձել են ոչ միայն հաղորդակցության ու զվարճանքի վայր, այլև՝ վտանգավոր միջավայր, որտեղ տարածվում է կիբերբուլինգը։
Եթե անցյալում bullying-ը հիմնականում սահմանափակվում էր դպրոցի բակում կամ դասարանում, ապա այսօր այն տեղափոխվել է սմարթֆոնների էկրան։ Վիրավորանքներ, ծաղրանկարներ, սուտ լուրեր, գաղտնի լուսանկարների տարածում․ այս ամենը կարող է մի քանի րոպեում հասնել հարյուրավոր մարդկանց։ Դեռահասների համար դա դառնում է ոչ թե «կատակ», այլ ծանր հոգեբանական փորձություն։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ աշխարհի դեռահասների շուրջ 30%-ը գոնե մեկ անգամ ենթարկվել է կիբերբուլինգի։
Ամենատարածված հարթակները, որտեղ տեղի է ունենում կիբերբուլինգը, դեռահասների շրջանում TikTok-ն ու Instagram-ն են։
Կիբերբուլինգի աղմկոտ օրինակներ շատ կան ամբողջ աշխարհում, և դրանցից շատերը դարձել են մեծ քննարկման թեմա։ Դրանք հաճախ կապվում են դեռահասների ողբերգական պատմությունների հետ, որոնք ցույց են տալիս՝ որքան վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ թվային բռնությունը։
1. Ամանդա Թոդ (Կանադա, 2012)
15-ամյա Ամանդան ինքնասպանություն գործեց այն բանից հետո, երբ համացանցում տարածվեցին նրա անձնական լուսանկարները։ Նա մինչ մահը YouTube-ում թողել էր հուզիչ տեսանյութ, որտեղ պատմում էրկիբերբուլինգի մասին։ Նրա պատմությունը մեծ աղմուկ բարձրացրեց և դարձավ կիբերբուլինգի դեմ պայքարի միջազգային խորհրդանիշ։
2. Մեգան Մայեր (ԱՄՆ, 2006)
13-ամյա Մեգանը ինքնասպան եղավ MySpace-ում ստացած նվաստացնող հաղորդագրություններից հետո։ Հետաքննությամբ պարզվեց, որ կեղծ պրոֆիլը ստեղծել էր հարևանի ընտանիքը՝ «կատակելու» նպատակով։ Այս դեպքն ԱՄՆ-ում մեծ հանրային վեճ առաջացրեց և արագացրեց հակակիբերբուլինգային օրենքների ընդունումը։
3. Դոլմա Ցեֆուն (Հնդկաստան, 2020)
20-ամյա ուսանողուհին կյանքին վերջտվեց TikTok-ում և Instagram-ում ստացած անդադար վիրավորանքների ու ծաղրանքների պատճառով։ Նրա մահվան գործը դարձավ Հնդկաստանում կիբերբուլինգի դեմ հասարակական շարժման պատճառ։
4. «Gamergate» սկանդալը (ԱՄՆ, 2014)
Թվային բուլինգի թիրախ դարձան կին խաղերի մշակողներն ու լրագրողները։ Նրանք ենթարկվեցին զանգվածային սպառնալիքների, վիրավորանքների ու հալածանքների Twitter-ում ու Reddit-ում։
Դեպքը միջազգային մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց։
Այս աղմկոտ պատմությունները ցույց են տալիս, որ կիբերբուլինգն «աննշան առցանց կատակ» չէ։ Այն կարող է խլել կյանքեր և դառնալ հասարակական ճգնաժամ։ Հենց այդ պատճառով էլ բազմաթիվ երկրներում օրենսդրական և կրթական ծրագրեր են մշակվում՝ կանխելու համար նման ողբերգությունները։
Կիբերբուլինգը պարզապես ինտերնետում թողած վիրավորական մեկնաբանություն չէ․ այն կարող է լրջագույն հետևանքներ ունենալ։
– Հոգեբանական խնդիրներ՝ դեպրեսիա, անհանգստություն, ինքնավստահության կորուստ։
– Սոցիալական մեկուսացում և ուսման կամ աշխատանքի նկատմամբ հետաքրքրության նվազում։
– Ծանրագույն դեպքերում՝ ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ։
Հոգեբանների խոսքով՝ կիբերբուլինգի ազդեցությունը երբեմն ավելի ծանր է, քան ֆիզիկական բռնությունը, քանի որ զոհը չի կարող «փախչել»․ համացանցը հետապնդում է ամենուր։
Ինչպե՞ս պաշտպանվել
Մասնագետները խորհուրդ են տալիս կիբերբուլինգի դեմ պայքարի հետևյալ մեթոդները՝
1. Չպատասխանել բուլերին․ ցանկացած հակազդեցություն կարող է նրան ուժեղացնել։
2. Պահպանել ապացույցները՝ սքրինշոթեր, նամակներ, մեկնաբանություններ։
3. Արգելափակել․ գրեթե բոլոր հարթակները հնարավորություն են տալիս բողոքել և արգելափակել օգտատիրոջը։
4. Խոսել վստահելի մեծահասակի հետ՝ ծնող, ուսուցիչ, հոգեբան։
5. Օգտվել իրավական միջոցներից․ շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, կիբերբուլինգը կարող է համարվել իրավախախտում։
Թվային դարաշրջանը մեզ տվել է խոսքի ազատության նոր հարթակ, բայց դրա հետ մեկտեղ՝ նաև պատասխանատվություն։ Կիբերբուլինգը ոչ միայն առցանց «խաղ» է, այլ իրական վտանգ՝ մարդու հոգեբանական և երբեմն՝ ֆիզիկական առողջության համար։
Հասարակության յուրաքանչյուր անդամի պարտականությունն է պայքարել դրա դեմ՝ սկսած ծնողներից ու ուսուցիչներից՝ մինչև մեդիա կազմակերպություններ և պետական կառույցներ։
Սիրարփի Աղաբաբյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test