Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում խոսեց Նիկոլ Փաշինյանի կողմից 2019թ. մերժված Արցախյան հարցի կարգավորման պլանի հրապարակման անհրաժեշտության մասին:
«Փաշինյանի առաջ մեր կողմից դրվում է մի հարց, որի պատասխանը նա չունի․ 2019թ.-ին իր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից դրվել էր կարգավորման տեքստ, մի փայլուն պլան, որը սերունդներ շարունակ կապահովեր կայունություն ու խաղաղություն, բայց Փաշինյանն այն ժամանակ չէր մտածում սնուցող մայրերի, ժողովրդի խաղաղության մասին։ Հակառակը, այդ ժամանակ նա սադրեց տավուշյան ավանտյուրան ու Ստեփանակերտի հրապարակից կատարեց իր սադրանքը՝ որոշ հայտարարություններ անելով։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մերժել է բանակցությունը, և դա արել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա բնական պահանջ է, չէ՞, որ ազգովի ուզում ենք, որպեսզի նա հրապարակի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված 2019թ․ կարգավորման տեքստը։ 2019թ․ ապրիլի և հունիսի 2 գրավոր առաջարկ կա, հրապարակի՛ր, Նիկոլ Փաշինյան»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ Լևոն Զուրաբյանն այս մասին բազմիցս հայտարարել է և գրառումներ է կատարել, որոնցից մեկում ասվում էր.
«Իշխանավոր խաբեբաների շքերթը շարունակվում է: Անամոթաբար խաբում են, որ իբր
– պլանը միայն նախատեսում էր 5 շրջանի վերադարձ, լռության մատնելով այն դրույթը, ըստ որի՝ Հայաստանը պահպանում էր վերահսկողությունը ոչ միայն ամբողջ Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի նկատմամբ (անժամկետ), այլ նաև ամբողջ Լաչինի և Քելբաջարի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ արդեն կնքված խաղաղության պայմաններում Հայաստանն ու Ադրբեջանը չեն պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, այսինքն, ըստ էության, անժամկետ,
– որ իրենք չեն մերժել առաջարկված պլանը, չնայած Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 23-ի ելույթում խոստովանեց, որ մերժել են:
– որ իրենք այդ պլանը չեն թաքցրել ժողովրդից, մինչդեռ Փաշինյանը 2019-2020 թվականներին հերքում էր որևէ նոր բանակցային փաստաթղթի գոյությունն անգամ,
– որ 2016 թվականից բանակցությունների սեղանի վրա եղել է նույն փաստաթուղթը, մինչդեռ Փաշինյանի օրոք փաստաթուղթն էապես փոփոխվել էր…
Հրապարակեք պլանը, ստախոսներ, հրապարակե´ք: Տեքստը, ոչ թե ձեր ստերն այդ տեքստի մասին: Այո, պահանջում ենք հրապարակել 2019 թվականի հուլիսին ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից ներկայացված խաղաղության պլանը, որով նախատեսվում էր «ռուսների մուտք ԼՂ»,- գրել էր նա:
«Փաշինյանն առաջարկի այդ տեքստը չի հրապարակում, որովհետև դա պայթեցնելու է իր իշխանությունը, որովհետև կա մի հրեշավոր գաղտնիք, որի մասին ինքը չի ուզում, որ մեր ժողովուրդն իմանա։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրել ես, էլ խնդիր չի, հրապարակի՛ր։
Իշխանությունը որ փոխվի, պետք է կոնդիցիոներները լավ ստուգել, միգուցե այնտեղ է պահում։ Ինքն ամենաշատը վախենում է այդ պլանի հրապարակումից, և մենք ազգովի պետք է պահանջենք հրապարակել դա, որովհետև այդտեղ է գտնվում իր դավաճանության գլխավոր ապացույցը։ Իր գլխավոր սարսափը դա է։ Ինքը շատ լավ գիտի, որ պայթեցրել է այս ազգին, ու էդ գաղտնիքն ինքը կյանքի գնով պահելու է։ Ժողովուրդը պետք է իմանա՝ ինչ են արել, ինչու և ինչպես են այդքան տղաներ զոհվել և այդքան կորուստներ եղել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր օգուտն այն էր, որ նրա համանախագահությունն ապահովում էր բանակցային ֆորմատ։ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն էր, որը հրաժարվեց դրանից։ Քանի դեռ Մինսկի խմբում Հայաստանն ակտիվորեն և կառուցողական բանակցում էր, միջազգային հանրությունը ստիպում ու ճնշում էր Ադրբեջանին, որ կա բանակցային պրոցես, ու հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանը, պատրվակ բերելով, որ Լեռնային Ղարաբաղը պիտի մասնակցի բանակցություններին, հրաժարվում է բանակցություններից։
Միջազգային հանրությունն ու Ադրբեջանն ի՞նչ պիտի հասկանային, երբ դու ասում ես՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», Շուշիում պարում ես, սադրում ես Տավուշյան ավանտյուրան… Այն, որ Հայաստանն այլևս բանակցություններ չի ուզում։ Դու ես հրահրել այդ պատերազմը։ Եթե դու հրաժարվում ես բանակցություններից, դու բերել ես պատերազմ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test