Անգամ չօգտագործեց «գերի» բառը․ ընդդիմությունը՝ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում ելույթի մասին
sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախօրեին ՄԱԿ-ում ելույթ ունենալով, խուսափեց օգտագործել «գերի» բառը, չկար պահանջ Բաքվի բանտերում ապօրինի պահվող անձանց վերադարձի համար, և խոսք անգամ չկար Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ.կմ օկուպացիայի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իրենց էջերում գրում են ՀՀԿ գործադիր մարմնի անդամ
Էդուարդ Շարմազանովը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ
Իշխան Սաղաթելյանը։
«Փոխարենը խոսեց «երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց» մասին։ Սա պարզապես ամոթ է։ Սա վկայում է, որ Հայաստանի ղեկավարին արգելված է անգամ բարձրաձայնել այն փաստը, որ Ադրբեջանը դեռևս պահում է հայ ռազմագերիների։ Այս բառախաղերով Փաշինյանը մեղմացնում է իրականությունը և ծառայում Ադրբեջանի շահերին»,- գրել Իշխան Սաղաթելյանը։
Միաժամանակ, Փաշինյանը հրապարակային խոստովանեց վաշինգտոնյան պայմանավորվածությունների, իր խաղաղության օրակարգի ձախողումը և արձանագրեց, որ առկա է կոնֆլիկտային խոսույթ։
Սակայն անմիջապես դրանից հետո նույն Փաշինյանն է արձանագրում,որ «խաղաղությունն իր հետ բերում է հարցեր ու շարունակաբար հարցեր։ Հենց Փաշինյանն է արձանագրում, որ օգոստոսի 8-ից հետո էլ Ալիևը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Ավելին, հենց Փաշինյանն է նշում, որ Ալիևի նման խոսույթը «ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ-ից» ու «կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»։ Հարց Փաշինյանին. եթե «կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում», էլ ի՞նչ խաղաղության մասին ես խոսում»,- գրում Էդուարդ Շարմազանովը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ է հրապարակային խոստովանում, որ Ալիևը բացահայտում է իր իսկ ստորագրած փաստաթղթերի սնանկությունը։ Ըստ նրա՝ առաջինը եղավ ՇՀԿ գագաթաժողովում, երբ ստիպված էր ընդունել, որ Ադրբեջանի նախագահի խոսույթը չի տեղավորվում Վաշինգտոնում «համաձայնեցված տրամաբանության» մեջ։
Սաղաթելյանը հիշեցնում է՝ սրան զուգահեռ նույն ամբիոնից Ադրբեջանի նախագահը կրկին խոսեց Հայաստանի «ագրեսիայից» և «օկուպացիայից», Հայաստանի ղեկավարներին անվանեց պատերազմական հանցագործներ։
Եվ այս ամենը թվարկելուց հետո էլ Ալիևը շեշտեց, որ Հայաստանի հետ պայմանագրի բոլոր կետերի հեղինակն Ադրբեջանն է։
Ընդդիմության ներկայացուցիչները հարց են ուղղում իշխանությանը, թե այսքանից հետո ինչպես են շարունակելու մոլորեցնել հասարակությանն ու հեքիաթներ պատմելու հաստատված խաղաղության մասին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ելույթ ունեցավ ՄԱԿ–ի ԳԱ 80–րդ նստաշրջանում։ Նա հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից օգտագործվող «Զանգեզուրի միջանցք» տերմինը վաշինգոտնյան համաձայնություններում բացակայում է։ Նա նշեց, թե իմաստ ունի, որ Ալիևը պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ այն ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ–ի նկատմամբ և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։
Նա նաև ասաց, որ խաղաղությունն իրեն բավարար բերկրանք ու բավարարվածություն է պատճառում և ատելություն չի տածում ու տարածում հարևանների և որևէ մեկի նկատմամբ։ Նա հայտարարեց, որ Հայաստանը ոչ մի միլիմետր չի շեղվի ձեռք բերված խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից։