Հայաստանի Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, «Հայկական աշխարհագրական նախագծի» (Armenian Geographic) խումբը վերելք է կատարել Սիս (3925 մ), իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 22-ին, կանգնել նաեւ Հայկական պար լեռնաշղթայի ամենագեղեցիկ լեռներից մեկի՝ Բարդողի (2562 մ) գագաթին:
Սահմանային գոտուն մոտ լինելու պատճառով Սիսը երկար տարիներ «փակ լեռ» է եղել եւ արշավականների համար հասանելի է դարձել միայն անցյալ տարի: Վերելքների, ինչպես նաեւ Սիսի եւ Բարդողի առանձնահատկությունների մասին Մեդիամաքսին պատմել է Armenian Geographic-ի ղեկավար Տիգրան Վարագը: «Ամբողջացնել» Արարատի վերելքն ու տեսնել Մասիսը Սիսից«Արարատ լեռ ասելիս միշտ պատկերացնում ենք ուրվագիծը, որին սովոր ենք՝ Սիսն ու Մասիսը միասին: Հիմա, բարձրանալով նաեւ Սիս, ասես, ամբողջացրեցինք Արարատի վերելքը», - ժպտալով ասում է Տիգրանը: Նրա եւ խմբի անդամների մեծ մասի համար սա առաջին վերելքն էր Սիս: «Այս գագաթը երկար ժամանակ փակ էր վերելքների համար: Սահմանին մոտ լինելու պատճառաբանությամբ Թուրքիայի իշխանությունները ոչ մի խմբի թույլ չէին տալիս բարձրանալ Սիս: Անցյալ տարվանից դա հնարավոր դարձավ՝ նախապես ստացվող թույլտվություններով ու պարտադիր տեղացի ուղեկցորդի մասնակցությամբ», - ասում է Տիգրան Վարագը: Սիսի վերելքը մեկօրյա է, ճանապարհին կանգառի կամ ճամբարների կարիք չկա. «Վերելքի արահետը շատ սիրուն էր, իսկ գագաթից դեպի Մասիս բացվող տեսարանը՝ չափազանց տպավորիչ»: Լեռանն ամենամոտ քաղաքն Իգդիրն է, բայց խումբը գիշերակացն անցկացրել է Բայազետում, որտեղից էլ մեքենաներով հասել մինչեւ թումբ, որով միանում են Սիսն ու Մասիսը: «Սիս վերելքի երթուղին սկսվում է այդ թմբից: Լեռան լանջը բավականին թեք է, ավելի, քան Մասիսի դեպքում է: Ռելիեֆը հիմնականում հողային է: Ստորոտին մոտ կա որոշակի բուսականություն, որը բարձրություն հավաքելուն զուգահեռ պակասում է: Սովորաբար սեպտեմբերին Սիսի գագաթին մոտ ձյուն չի լինում, բայց մեր վերելքը համընկավ եղանակի փոփոխության հետ: Արդյունքում շատ ցուրտ էր՝ ձյուն, ուժեղ քամի, վատ տեսանելիություն եւ կարելի է ասել՝ վերելքը ձմեռային ստացվեց», - պատմում է Տիգրանը: Գագաթից իջնելիս եղանակն, այնուամենայնիվ, «բացվել է»՝ հասանելի դարձնելով Մասիսի անմոռանալի եւ անկրկնելի տեսարանը. «Հայաստանի կողմից Մասիսին նայելիս այն մի քիչ փռված տեսք ունի՝ սահուն իջնող լանջերով: Սիսից Մասիսը շատ ավելի բարձր է թվում՝ կտրուկ լանջերով: Այս տեսարանն իսկապես շատ ազդեցիկ է: Սիսը Մասիսին նայելու լավագույն դիտակետերից է»: Բարդողը, որ հատկապես գեղեցիկ է Երեւանից՝ մայրամուտի ժամերին«Սիսից բացի, սեպտեմբերի 22-ին վերելք կատարեցինք Հայկական պար լեռնաշղթայի ամենասիրուն լեռներից մեկը՝ Բարդողը (2562 մ): Այն շատ լավ երեւում է Երեւանից եւ հատկապես տպավորիչ է մայրամուտի ժամերին», - ասում է Տիգրանը: Armenian Geographic-ի խումբն առաջին անգամ վերելք է կատարել Բարդող 2018թ.-ին՝ դառնալով հայկական առաջին խումբը, որ կանգնել է այս գագաթին.«Դեպի Բարդող ճանապարհի մի մասն անցնում է մեքենայով, իսկ բուն վերելքը տեւում է 1,5-2 ժամ: Թվում է՝ կարճ ժամանակ է, բայց այդ ընթացքում մարդիկ անփոխանցելի զգացողություններ են ունենում, քանի որ լեռան սուր, ժայռային վերելքը ստիպում է տեղ-տեղ բարձրանալ գրեթե մագլցելով: Երթուղին պետք է շատ լավ իմանալ, հակառակ դեպքում՝ կարող ես անանցանելի ժայռերի հանդիպել»: Տիգրան Վարագի խոսքով՝ այս գագաթից բացվող տեսարանը նույնպես շատ ազդեցիկ է. «Գագաթից լավ տեսանելի է Հայաստանն ու հատկապես տպավորիչ է վայրը, ուր միախառնվում են Ախուրյան եւ Արաքս գետերը»: Յանա Շախրամանյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test