«Համապարփակ ամոթ բոլորիս»,- այսօր հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ամբողջովին համաձայն եմ նրա հետ: Ամոթ մեզ, որ անկախություն ձեռք բերելուց հետո մտածեցինք ոչ թե հայրենիքի հզորացման ու մեր երկրում բարեկեցիկ կյանք կառուցելու, այլ հարստութուն կուտակելու և իշխանություն պահելու մասին՝ ով էլ դա լիներ մեզանից:
Ամոթ մեզ, որ աչքի առաջ ունենալով հրեաների օրինակը՝ մեր հայրենակիցների նկատմամբ մենք մեզ (ովքեր էլ լինեին դրանք) պահեցինք հարևան վայրի ցեղի նման: Ինչը բերեց կա՛մ հայրենիքը լքելուն և կա՛մ իշխանության դեմ պայքարին: Եվ երկրորդ դեպքում հրապարակ բերվեց նիկոլանման մեկը, ում ընկալեցինք որպես տեղական փրկչի: Ով իրականում ոչ թե փրկիչ էր, այլ առնվազն թշնամական գործակալի գործառույթ իրականացնող՝ եթե ավելի խիստ բնորոշում չտամ: Կամ էլ չարիք, ով ԱԱԾ պետին հրահանգում էր քաղաքում փնտրե ու գտնել սատանաների: Պատկերացնո՞ւմ եք՝ չարիքն ընդդեմ սատանաների: Այնպես որ, ամոթ մեզ բոլորիս:
Ամոթ մեզ, որ ամբողջ 44 օր երբեմնի «դուխով» Նիկոլը մեզ հիմարի տեղ դրեց իր «հաղթում ենք» (կամ «հաղթելու ենք») ֆեյսբուքյան հեշթեգով: Որովհետև ինչպես 2018-ին համարյա ազգովի իշխանություն նվիրեցինք «դուխովին», այնպես էլ 2020-ին 44 օր դուրս չեկանք այդ կարգախոսի ազդեցությունից: Կամ գոնե վիրտուալ այդ հարթակում չփորձեցինք փնտրել պատերազմի ընթացքի վերաբերյալ այլընտրանքային աղբյուրներ կամ գոնե մեկը: Որպեսզի գոնե հասկանայինք, թե ինչ է տեղի ունենում արցախյան ռազմաճակատում: Ես գտել էի ռուսախոս ուկրաինացի բլոգերի, որին արդեն չորրորդ տարին լսում կամ կարդում եմ համարյա ամեն օր, բայց, անկեղծ ասած, չհամարձակվեցի հակաճառել իմ ընկերներից մեկին, ով մեղադրեց նրան զուտ ադրբեջանական աղբյուրներից տեղեկատվություն քաղելու մեջ:
Չնայած վերջինս ասում էր (կամ գրում), որ հայկական պաշտոնական աղբյուրն ամբողջական չէ, չնայած, առանց մեզ վիրավորելու վախի, հանգիստ կարող էր հայտարարել, որ նաև կեղծ է: Ճիշտ է, դրանից այստեղ ոչինչ չէր փոխվելու, բայց իրականությունն իմացողների քանակը գոնե մի քիչ ավելին կլիներ:
Ասվածի համատեքստում չեմ կարող չանդրադառնալ արցախցիների արժանապատիվ ու անվտանգ վերադարձի խնդրին:
Թուրքիան դրան, բնականաբար, դեմ է՝ էլ չասած Ադրբեջանի մասին: Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ինչը նշանակում է, որ դրան դեմ են արևմտյան համարյա բոլոր երկրները, քանի որ դրանք ՆԱՏՕ-ի անդամ են: Ինչի առումով «շնորհավորում» եմ արևմտամետներին՝ եթե նրանց շարքերում կան իրական հայրենասերներ: Որովհետև ոչ իրական հայրենասերի համար Արցախը եղել է բեռ կամ հիվանդություն հայոց օրգանիզմի վրա:
Ինչևէ, վերադարձի մասին առժամանակ պետք է մոռանանք:
Չէ, դեմ չեմ, որպեսզի բազմատեսակ միջոցառումներով և հայտարարություններով օրակարգային պահվի այդ խնդիրը: Բայց մեր մեջ պետք է գիտակցենք, որ ոչ մի երկիր հանուն արցախցիների վերադարձի պատերազմ չի հայտարարի Ադրբեջանին: Իսկ այդ երկրի ղեկավարությունն էլ այլ տարբերակով չի ընդառաջի խնդրի լուծմանը: Եվ եթե մենք իսկապես ցանկանում ենք վերադարձնել ու պահպանել մեր հայրենիքի այդ գողտրիկ անկյունը՝ պետք է հզորանանք:
Այլ տարբերակ բնության մեջ գոյություն չունի: Իսկ նախքան հզորանալը պետք է վերացնենք այն խոչընդոտը, որն առկա է դրա առջև: Այն է՝ վարչապետի պաշտոնից կառչած անձին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test