«2020-ից հետո ունեցել ենք իրավիճակ, երբ Ադրբեջանին փոխանցվել են շրջաններ Արցախի շուրջ, փոխանցվել են ռազմական մեծ նշանակություն ունեցող դիրքեր, Ստեփանակերտի վերևում՝ Շուշիում, տեղակայված էին ադրբեջանական զորքերը։ Այս իրավիճակում ասել՝ մնայինք, պայքարեիք, ես լուրջ չեմ համարում»,- Եռաբլուրում հայտարարել է Սամվել Շահրամանյանը: Նրա խոսքը մեջբերել է «Առավոտը»:
Սամվել Շահրամանյանը քառասունչորսօրյա պատերազմի փուլում զբաղեցրել է Արցախի ռազմա-հայրենասիրական դաստիարակության և սպորտի նախարարի, իսկ մինչ այդ՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը: Մի իրավիճակում, որ ինքն է արդարացիորեն պատկերել, երբ ադրբեջանական բանակը դիրքեր ուներ Ստեփանակերտից ուղիղ գծով առավելագույնը մեկ-մեկուկես կիլոմետր հեռավորության վրա, նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ 2023թ. սեպտեմբերի 9-ին ԱԺ 22 պատգամավորի կողմից ընտրվել նախագահ, պաշտոնն ստանձնելիս երդվել, որ «Արցախը կունենա կարգավիճակ և Հայաստանի հետ ցամաքային ուղղակի հաղորդակցություն»:
Քառասունչորսօրյա պատերազմից՝ հինգ, Արցախի ամբողջական օկուպացիայից, նրա պետականության լուծարումից և բնակչության ամբողջական բռնատեղահանությունից երկու տարի անց Սամվել Շահրամանյանն իրավիճակը բնութագրում է այնպես, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախում ոչ միայն պայքարելու, այլև մնալու հնարավորություն չի եղել:
Եթե իրավիճակը գնահատենք «լայնքով, երկայնքով և խորքով»,ապա պիտի ընդունենք, որ նա ճիշտ է ասում: Պարտությունից հետո Արցախում այլևս անհնար էր ապրել այնպես, ինչպես՝ նախընթաց ավելի քան քսանհինգ տարիներին:
Թե ինչո՞ւ այդ գնահատականը չի ձևակերպվել եւ չի ներկայացվել նոյեմբերի 10-ից հետո ՌԴ խաղաղապահ զորախմբի անվտանգության երաշխիքներին հավատացած և Արցախ վերադարձած հարյուր քսան հազար մարդու,- այս հարցի հասցեատերն, անշուշտ, միայն Սամվել Շահրամանյանը չէ, բայց որ նա որոշում կայացնողների քաղաքական թիմի անդամ, իսկ ամենավերջում ճակատագրական վճիռ կայացնողն է եղել, դա էլ անառարկելի ճշմարտություն է:
Այս իրողությունից ելնելով, թվում է, նա մի օր պետք է ասի, թե ո՞վ եւ ինչո՞ւ է 2022 թվականի ամռանը Ստեփանակերտում Արցախը հռչակել Սարդարապատ: Եթե ի սկզբանե բոլորն էլ գիտեին և համոզված էին, որ երբ Շուշիում ադրբեջանական զորք է կանգնած, Ստեփանակերտը չի կարող անկախ Արցախի մայրաքաղաք լինել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test