Երեկ Աղվերանում Հայաստանի բոլոր մարզերից ժամանած մեծ թվով երիտասարդների, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ու տարբեր պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, երիտասարդական աշխատողների, երիտասարդական ՀԿ-ների ու Հայաստանում մի քանի միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեծ հանդիսավորությամբ մեկնարկեց «Ամենամյա երիտասարդական ֆորում 2025-ը»։
Այն եռօրյա է, իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության» և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» կողմից։
Օրակարգում ինչպես վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի քննարկումն է․ ակնկալիքներն՝ այս փաստաթղթից, այնպես էլ երիտասարդներին հուզող տարաբնույթ հարցերը․ «երիտասարդական աշխատողի» մասնագիտությունից ու կամավոր աշխատանքից մինչև տնտեսական խոչընդոտներն ու երիտասարդների զբաղվածությունը, զրոյից երազանքի բիզնեսի ստեղծումը, սթրեսի կառավարումն ու հոգեկան առողջության պահպանումը, երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը։
Եռօրյա ֆորումն անցկացվում է պանելային քննարկումներով, աշխատարաններով, մշակութային միջոցառումներով՝ համերգներով, ազգային երգ ու պարով, խարույկի շուրջ ակտիվ զրույցներով, ժամանցային, կրթական ու զարգացման խաղերի երեկոներով։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը բացման խոսքում ֆորումն անվանեց մի հարթակ, որտեղ քննարկվում են մեր երկրի երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներ ու դրանց լուծման ուղիները։
«Մեզ համար՝ որպես կազմակերպիչների, շատ ոգևորիչ է տեսնել բավականին մեծ թվով դիմորդներ ու հետաքրքրվողներ։ Շուրջ 600 երիտասարդներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից հետաքրքրություն են ցուցաբերել՝ մաս դառնալու այս կարևոր միջոցառմանը։
Սա մեզ համար իրական ազդակ և նշանակություն է, որը խոսում է մարզաբնակ, և ոչ միայն մարզաբնակ երիտասարդության անտարբեր չլինելու և իրենց համայնքներում դրական փոփոխություն բերելու գործընթացում իրենց լուման ունենալու մասին։ Սա մեզ համար, իհարկե, կրկնակի ոգևորող և պարտավորեցնող է», -ասաց Արթուր Նաջարյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ֆորումը որակեց որպես երիտասարդների ձայնը լսելու դարձնելու ու նրանց հետ երկխոսելու հարթակ։
Նախարարն իր ողջույնի խոսքում ասաց․« Ֆորումն առաջին հերթին ձեր հետ խոսակցության հարթակ է, ձեզ լսելու և ձեր հետ միասին վաղվա օրվա մեր աշխատանքը կազմակերպելու հարթակ է։
Ես շատ ուրախ եմ, որ այստեղ մենք ունենք ներկայացուցչական կազմ մեր բոլոր մարզերից, Երևանից, տարբեր համայնքներից ներկայացուցիչներ կան, այստեղ էլ խնդիրները տարբեր են, և շատ կարևոր է, որպեսզի երիտասարդության մի խմբի հետ աշխատանքը մենք չշփոթենք երիտասարդության կարծիքի և աշխատանքի հետ։ Եվ շատ կարևոր է, որ դուք այստեղ լինելով՝ ունենաք այն հանձնառությունը ու պատասխանատվությունը, որ մասնակից լինելով այս հարթակին՝ կարողանաք ձեր տարեկիցների ու ձեր շրջակա միջավայրում բնակվող այլ երիտասարդների ձայնը հասանելի դարձնել։ Կարծում եմ, այստեղ լինելով՝ այդ հանձնառությունը ձեր վրա վերցրել եք։
Մարդկային մի բան ասեմ․ երիտասարդության շրջանը վախերի շրջան է, մտահոգությունների, տարբեր բաներ մտածելու շրջան է, և նաև սեփական կողմից այդ ամենը իրականացնելու հնարավորությունների մասին մտահոգվելու շրջան է։ Այնպես չէ,որ բոլոր երիտասարդներն այդ վախերը հեշտությամբ են հաղթահարում, այնպես չէ, որ բոլոր երիտասարդները կարողանում են շրջանակը ստեղծել, ինքնադրսևորվել, ինքնարտահայտվել։
Դուք այստեղ եք, որովհետև կարողացել եք անել, բայց ձեր շուրջը հաստատ կան մարդիկ, ովքեր իրենց այդքան վստահ չեն զգում, ովքեր գուցե շատ բան ունեն ասելու, բայց սովորաբար չեն խոսում, և կարևոր է, որ մենք միասին այնպես անենք, որ այս գործընթացը դառնա ավելի ներառական, ավելի մասնակցային»։
Ելույթ ունեցավ նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Վացլավ Ստերբանը, որն անդրադառնալով «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի ընդունմանը, նշեց՝ հիանալի, որ երիտասարդների առաջարկությունները հաշվի են առել ու ընդունել օրենսդրական մակարդակում։
«Հիանալի արդյունք է ձեզ համար, և ես կհամարձակվեմ ասել, որ սա նաև քաղաքական գործիչների համար է շատ դրական արդյունք։ Սա թերևս միայն սկիզբն է, ամեն ինչ սկսվում է օրենքից հետո՝ իրականացումից։
Թանկագին ընկերներ, իրականացումն անչափ կարևոր է, կարևոր է ձեր ակտիվ մասնակցությունն այս գործընթացին»,-ասաց բանախոսը։
Դիմելով երիտասարդներին՝ նա հիշատակեց ու մեջբերեց ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու հետևյալ խոսքերը․«Մի հարցրեք ձեր երկիրն ինչ կարող է անել ձեր համար, հարցրեք ձեզ՝ ի՞նչ կարող եք անել ձեր երկրի համար»։
Ըստ բանախոսի, կառավարությունը չի կարող միայնակ գործել, նրան օգնելու է քաղհասարակությունը։
Նա երիտասարդներին խորհուրդ տվեց վստահել այն քաղաքական գործիչներին, որոնք իրենց ներառում են քաղաքականության մշակման հարցում, այլ ոչ թե նրանց, որոնց պատկերացմամբ՝ ժողովրդավարությունը մի քանի տարին մեկ քվե ստանալու միջոց է։
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերն էլ, ֆորումը համարելով կարևոր իրադարձություն ու հիանալի հնարավորություն, երիտասարդներին անվանեց ապագայի կերտողներ, կարևորեց երկրում անվտանգությունը, բարեկեցությունն ու խաղաղությունը։
Նա ասաց՝ գուցե կան երիտասարդներ, որոնք սահմանամերձ վայրերից են եկել, այնպիսի տեղանքներից, որոնք անվտանգ չեն, հետևաբար կարևոր է հասարակայնության բևեռեցման նվազեցումը, համայնքների ներառականությունը, սոցիալական կապի անքակտելի լինելը։
Անդրադառնալով Հայաստանում «Երիտասարդական քաղաքականության մասին»օրենքի ստեղծմանն՝ արձանագրեց․ «Երիտասարդությունն իսկապես քաղաքականություն է կերտում ձեր երկրում»։
Նա հայերենով մեջբերեց Եղիշե Չարենցի խոսքերը․ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
Ըստ բանախոսի, հավաքական ուժը դահլիճում նստած երիտասարդներն են, երիտասարդական աշխատողներն ու երիտասարդական կառույցների ներկայացուցիչները։
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ, «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման ու առաջնորդության խթանման» ծրագրի ղեկավար Անի Թորոսյանն էլ խոսեց գործընկերների հետ համատեղ երիտասարդների կարողությունները զարգացնելու ու քաղաքացիական ակտիվությունը խթանելու մասին։
Նա ասաց․ «Ուրախ եմ փաստելու, որ նախորդ 2,5 տարիների ընթացքում մեզ հաջողվել է հասնել ավել քան 6000 շահառուի, այդ թվում երիտասարդներ, աշակերտներ, ուսանողներ, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ մեր կողմից տրվող ֆինանսական աջակցության բաղադրիչի շրջանակներում կարողացել ենք ֆինանսավորել 147 նախագիծ, թիրախավորել Հայաստանի բոլոր մարզերը»։
Նա երիտասարդներին խորհուրդ տվեց․ «Մի վախեցեք լսելի դարձնել ձեր ձայնը, մի վախեցեք գործել և ամենակարևորը՝ մի վախեցեք երազել, այսօր ձեր ժամանակն է համախմբվելու ու նպաստելու փոփոխություններին, իսկ մենք այստեղ ենք ձեզ պարզապես աջակցելու, որպեսզի ձեր գաղափարը դառնա գործ, ձեր ձայնը դառնա քաղաքականություն, իսկ ձեր ներուժը՝ ապագա»,- ասաց Անի Թորոսյանը։
Նա իր խոսքն ավարտեց ՄԱԿ-ի 7-րդ գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խոսքերով « Դուք երբեք չափազանց երիտասարդ չեք՝ առաջնորդելու համար և չափազանց մեծ չեք՝ սովորելու համար»։
«Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ նորաստեղծ օրենքին անդրադարձ կատարեց նաև ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։
Նա ասաց, որ այս փաստաթղթում հստակեցված են պետական կառավարման մարմինների՝ այդ թվում ԿԳՄՍ դերը՝ որպես երիտասարդության ոլորտը համակարգող նախարարության, և մյուս պետական գերատեսչությունների, նաև տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն ու իրավասությունները։
Փոխնախարարը նշեց, որ ըստ օրենքի՝ համայնքները պիտի ունենան երիտասարդական կենտրոններ, տարածքներ և հաստիքացուցակում առնվազն մեկ երիտասարդական աշխատող։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ պանելային քննարկման ժամանակ նշեց, որ օրենքը միջավայր է ձևավորել ու մտածողություն փոխել, այն թելադրել է նոր բառապաշար և նոր ծառայությունների՝ երիտասարդական ծառայությունների ստեղծման հիմք հանդիսացել։
Ըստ Արթուր Նաջարյանի, դրանք նախկինում համայնքի լիազորությունների ու պարտականությունների մեջ չեն եղել, իսկ այսօր համայնքապետերն ու ավագանու անդամները սկսել են քննարկել՝ ինչ է երիտասարդական աշխատանքը, ինչպես պիտի իրականացնեն այն։
Ֆորումը կեզրափակվի վաղը․ երիտասարդները կներկայացնեն իրենց առաջարկությունները։
Նշենք, որ երիտասարդական ֆորումն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության GIZ-ի «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի կառավարության կողմից, ինչպես նաև ԵՄ-ի ու «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի աջակցությամբ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test