Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Եռակողմ հայտարարությունից մինչև Խաղաղության նախաստորագրում․ ի՞նչ փոխվեց հինգ տարում azatutyun.am azatutyun.am

time
Եռակողմ հայտարարությունից մինչև Խաղաղության նախաստորագրում․ ի՞նչ փոխվեց հինգ տարում

Եթե անցած հինգ տարիներին ամեն ինչ ընթանար ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այսօր Երևանն ու Բաքուն պետք է հայտնեին, համաձայն են, որ ռուս խաղաղապահները ևս հինգ տարի մնան Ղարաբաղում։ Բայց հինգ տարի անց այդ փաստաթղթի մասին երբեմն-երբեմն հիշում են միայն Մոսկվայում, հավաստիացնելով, որ Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվածություններն ուժի մեջ են։ Արցախում էլ ոչ հայ է մնացել, ոչ էլ ռուս խաղաղապահ։

Եռակողմ հայտարարության իններորդ կետն էլ, որ անգամ Ղարաբաղի հայաթափումից հետո դեռ քննարկվում էր, այսօր դրվել է դարակում։ Ճանապարհների ապաշրջափակումը, Հայաստանի տարածքով Ադրբեջանի անխոչընդոտ կապը Նախիջևանի հետ հիմա քննարկվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ։

Պաշտոնական տվյալներով հազարավոր կյանքեր խլած պատերազմից Հայաստանի տարածքն օկուպացնելուց, Արցախի հայաթափումից հետո Երևանն ու Բաքուն հայտարարում են, թե հաստատել են խաղաղություն, բայց ինչի՞ գնով։ 44-օրյայի ավարտին, երբ հայտարարվեց Մոսկվայի միջնորդությամբ կնքված հրադադարի մասին, արցախցիները տուն էին վերադառնում, վարչապետ Փաշինյանը խոսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։

«Ցավոք, այս հակամարտությունը մինչ օրս կարգավորված չէ, իհարկե, մեզ հաջողվեց ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռ մնում են շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ամենը վստահություն է ներշնչում, որ ինչպես մի անգամ ասել է Վլադիմիր Վլադիմիրովիչը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում և մենք պետք է մտածենք ապագայի մասին, ինչպես ապրել միասին, հարևանությամբ», - նշել է Իլհամ Ալիևը։

Հարևանությունը չէր ստացվում, ընդամենը երկու տարի անց Նիկոլ Փաշինյանը իջեցրեց նշաձողը. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»։

Չէր հաջողվում նաև միջազգային կոնսոլիդացիան, ճիշտ հակառակը՝ տարին տարվա վրա դրությունը վատթարանում էր, օղակը սեղմվում ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի շուրջ։ Ադրբեջանի զինուժի ուղիղ թիրախում էր Հայաստանը՝ մեկը մյուսին հաջորդած հարձակումներից հետո, մինչև օրս օկուպացված է շուրջ 200 քառակուսի կիլոմետր՝ Վարդենիսից մինչև Ջերմուկ։

Ադրբեջանցիները ոչ միայն հետ չքաշվեցին, այլ ճիշտ հակառակը, ըստ ականատեսների, ամրացել են գրավված դիրքերում։ Բաքվից էլ որևէ ակնարկ չի հնչել, որ Հայաստանի հողեր են օկուպացրել։ Դաշնակից Ռուսաստանը չէր միջամտում, ՀԱՊԿ-ում վստահ չէին, որ դա Հայաստանի տարածք է։

Երևանը ապավինեց արևմտյան միջնորդությանը՝ Պրահայում Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահների ներկայությամբ Փաշինյանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Հայկական կողմը պնդում էր, որ Ղարաբաղյան բանակցությունների առանցքը պետք է դառնա Արցախցիների իրավունքների հարցը, սակայն դա էլ մնաց անարձագանք։

Փոխարենը Ադրբեջանը տևական շրջափակման ու սովի մատնեց հայերին՝ մերժելով շարունակել բանակցությունները Եվրոպական հարթակում։ Ավելին, հրաժարվելով ղարաբաղցիներին որևէ կարգավիճակ տալ, Իլհամ Ալիևը զուգահեռ զարգացնում էր Ադրբեջանցիների իրավունքների թեման, այն էլ Հայաստանի տարածքում։

Հայաստանի սահմաններին տեղակայվեցին եվրոպական դիտորդներ։ Ադրբեջանը մեծացրեց ճնշումը Արցախի նկատմամբ։ Մի կողմից հավաստիացնելով, որ Ադրբեջանի անձնագիր ստանալով հայերը կինտեգրվեն, մյուս կողմից խորացնելով սովն ու հուսալքությունը, Ադրբեջանն ի վերջո հարձակվեց Ղարաբաղի վրա։100 հազար մարդու ստիպելով մի քանի օրում լքել հայրենիքը:

Ամիսներ անց պիտի պարզվեր, որ այսքանից հետո էլ պատերազմի սպառնալիքը դեռ կախված է Հայաստանի գլխին։ Ադրբեջանը պահանջում է Տավուշի չորս գյուղերը։

Ստանալով գյուղերը, Ադրբեջանը հիմա չի շտապում շարունակել սահմանագծումը։

Ի վերջո հինգ տարում ոչ թե ստորագրման, այլ նախաստորագրման է հասնում խաղաղության մի պայմանագիր, որտեղ ոչ մի խոսք չկա արցախահայերի վերադարձի ու գերիների մասին, միաժամանակ ամրագրված են Ադրբեջանի վերջին երկու պահանջները՝ երրորդ ուժեր չտեղակայել համատեղ սահմանին, հետ կանչել միմյանց դեմ հայցերը միջազգային ատյաններ։

Իսկ թե ինչո՞ւ ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ հայտարարվեց խաղաղություն, բայց դա հավաստող փաստաթուղթը միայն նախաստորագրվեց, պարզ դարձավ հաշված ժամեր անց, երբ նախագահ Ալիևը վերահաստատեց նախապայմանը՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը։Բայց դա Հայաստանի ղեկավարին չի խանգարում խաղաղության դարաշրջանը բացված համարել։

Արցախի ղեկավարները շարունակում են ծանր մեղադրանքներով դատվել Բաքվում, մյուս գերիների հնարավոր վերադարձի մասին դեռ չի հաղորդվում, իսկ Արցախում ամենօրյա ռեժիմով վերածվում է հայկական ժառանգությունը։ Հայերի վերադարձի թեման փակ է պաշտոնապես:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test