Մոլդովայի ողջ եվրաինտեգրման ընթացքի մեջ ինձ ամենից ավելի հետաքրքրող ոլորտն անվտանգությունն էր։ Ինչո՞ւ։ Պարզ պատճառով․ որովհետեւ ԵՄ ընդլայնման ողջ պատմության ընթացքում՝ 1990-ականների շրջափուլերից սկսած, առաջին պետությունը Մոլդովան է, որի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները դեռ չմեկնարկած՝ ստորագրվել է Անվտանգային եւ պաշտպանական գործընկերության փաստաթուղթ (Security and Defense Partnership between the EU and the Republic of Moldova): Այդ փաստաթղթում հատկապես հետաքրքիրը 22-րդ հոդվածն է, որը նախատեսում է Մոլդովայի ընդգրկում ԵՄ PESCO ծրագրերում։ Սա անցյալ տասնամյակի վերջերին՝ 2017-ից հետո ստեղծված ծրագիր է (PESCO-ն հապավումն է, ամբողջական անվանումը՝ Permanent Structured Cooperation), որը կոչված է համադրելու ԵՄ անդամ պետությունների սպառազինության ռեսուրսները, ձեռք բերվող նոր միջոցները, զինուժերի համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը եւ այլն։ PESCO-ում ստանձնած պարտավորությունները պարտադիր ուժ ունեն, եւ PESCO-ի ծրագրերում ընդգրկվում են միայն ԵՄ անդամ երկրները, քանի որ PESCO-ում ընդգրկվել՝ նշանակում է ուղիղ ինտեգրվել ԵՄ պաշտպանական կառոււյցներին, դառնալ համակարգի մաս։ Ինձ հետաքրքիր էր, թե անցած մեկ տարում Մոլդովա-PESCO համագործակցություն արձանագրվե՞լ է։
Սակայն Մոլդովայում պարզվեց, որ նախ այդ երկիրը գործնականում բանակ չունի, զինված ուժերում ծառայողների ընդհանուր թիվը 5-6 հազար է (այդքան զինծառայող լինում է բազմաթիվ երկրների հենց միայն Պատվո պահակազորում կամ երեւի Ազգային գվարդիաներում, ոստիկանական եւ սահմանապահ զորքերում եւ այլն): Գումարած Մոլդովայի սահմանադրությունում, որքան հասկացա, ամրագրված է երկրի ռազմաքաղաքական չեզոքությունը, այն որեւէ ռազմաքաղաքական դաշինքի անդամակցել չի կարող։ Նույնիսկ պատմեցին, որ վերջերս Մոլդովան երկու-երեք տասնյակ անօդաչու թռչող սարք, թե դրանք խոցող տեխնիկա է ձեռք բերել, Մոսկվայից սկսել են աղմկել, թե, օ՜, սահմանադրություն է ոտնահարվում, Մոլդովան խախտում է չեզոքությունը, զինվում է...
Այսինքն, ներկա դրությամբ Մոլդովայում ո՛չ իրական բանակ գոյություն ունի, ո՛չ էլ այդ բանակը ԵՄ-ի կամ մի այլ դաշինքի պաշտպանական համակարգին ինտեգրելու իրավական հնարավորություն։ Թե ապագայում ինչ զարգացումներ կլինեն, Մոլդովայի եւ ԵՄ-ի պաշտպանական անվտանգությունն ինչպես կզարգանա, պետք է տեսնել։ Իսկ անվտանգային համագործակցության մասով կիբերանվտանգությունից մինչեւ տեղեկատվության փոխանակում, մասնագիտական վերապատրաստում եւ ուրիշ ինչ ասես կարող է անվտանգային համագործակցություն համարվել եւ զարգանալ ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ՝ շրջանցելով ՊՆ-ն։
Իսկ սեկտորալ ինտեգրման առումով ամենից բարդ ոլորտը Մոլդովայում ԵՄ պահանջ-չափանիշներին համապատասխանելու տեսակետից երեւի պետական կառավարման մարմինների, արդարադատության համակարգի վիճակն է։ Ես գիտեի, որ Մոլդովայի նախկին, պրոռուսական նախագահ Իգոր Դոդոնին Кремлёвич մականունն են տվել, բայց Մոլդովայում տեղեկացա, որ նա երկրորդ մականուն էլ է ունեցել՝ Кулёк: Այդ մականվանն արժանացել է այն պատճառով, որ նախագահական պաշտոնավարման ժամանակ համացանցում կադրեր են հայտնվել, թե ինչպես է երկրի հայտնի օլիգարխներից մեկը՝ Վլադիմիր Պլահոտնյուկը (Vladimir Plahotniuc) ճամպրուկով կաշառք տալիս Դոդոնին։ Հենց այդ կաշառակերության- հովանավորչության համատարած ու անպատժելի դրվածքն էլ դեր է կատարել, որ Մայա Սանդուն իշխանության համար պայքարի հայտ ներկայացնի։ «Սանդուն իշխանության է եկել երկու հիմնական կարգախոսով՝ պայքար կոռուպցիայի դեմ եւ եվրաինտեգրում։ Երկու ուղղությամբ էլ մեծ աշխատանք է տարվել, բայց կարգախոսները դեռ մնում են արդիական»,- ասում է Մայա Սանդուի խորհրդական եւ մամուլի խոսնակ Իգոր Զահարովը։
2025թ․ սեպտեմբերի 28-ին Մոլդովայում նշանակված են խորհրդարանական ընտրություններ։ Խորհրդարանը Մոլդովայում ընտրվում է 4 տարի ժամկետով, ներկա խորհրդարանն ընտրվել է 2021-ին եւ ունի ամենապարզ կազմը, որը հնարավոր է ունենալ։ Այնտեղ կա միայն երկու ուժ՝ գործող նախագահ Մայա Սանդուի PAS կուսակցությունը (Party of Action and Solidaity) եւ նախկին նախագահ Իգոր Դոդոնի կողմից ղեկավարվող Կոմունիստների եւ սոցիալիստների բլոկը (Bloc of Communists and Socialists). մանդատների 60 տոկոսից ավելին (101 մանդատից 63-ը) իշխող PAS կուսակցության ձեռքում է։ Ոչ ոք չի կասկածում, որ PAS-ը եւ կոմունիստ-սոցիալիստները (այս անգամ՝ Patriotic Electoral Bloc անվանումով, դարձյալ Դոդոնի առաջնորդությամբ) կլինեն նաեւ հաջորդ խորհրդարանում։ Սակայն չկա վստահություն, թե Մայա Սանդուի կուսակցությունը կստանա ձայների 50 տոկոսից ավելին։
«Բոլոր սոցհարցումներն էլ, հասարակական տրամադրություններն էլ ցույց են տալիս, որ ամենից շատ ձայն կստանա PAS-ը։ Մայա Սանդուն երկրում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչն է, սակայն նրա կուսակցության վարկանիշն ավելի ցածր է»,- հուլիսին կայացած մեր խոսակցության ժամանակ բացատրում էր քաղաքական եւ անվտանգային հարցերի փորձագետ Անդրեյ Կուրարարուն. «Եթե անցյալ տարվա նախագահական ընտրություններում Սանդուի ստացած ձայները 45-55 տոկոսի միջակայքում էին, ապա սպասելի է, որ նրա առաջնորդած կուսակցությունն ավելի ցածր ցուցանիշ գրանցի»։
Պրն Կուրարարուն նաեւ նկատեց, որ նախագահ Սանդուի եւ PAS-ի կառավարման հնգամյա շրջանը համընկել է աննպաստ արտաքին զարգացումների, ֆորսմաժորային իրավիճակների հետ։ Նրանք իշխանության են եկել COVID-ի համաճարակի ժամանակ, հետո ռուս-ուկրաինական պատերազմն է սկսվել՝ Ուկրաինայից փախստականների մեծ ներհոսքով, սասանված անվտանգությամբ (Օդեսայից Մոլդովայի սահման 2-3 ժամվա հեռավորություն է), տնտեսության համար ավերիչ հետեւանքներով՝ դեպի Ուկրաինա արտահանումների ընդհատում, արտահանման ուղիների խափանում, սահմանային բնակավայրերում տնտեսական ակտիվության նվազում։ Հետո Մոսկվայի էներգետիկ շանտաժն ու ճգնաժամն են սկսվել, Մոլդովան հարկադրված է եղել ամբողջ էներգետիկ համակարգը վերապրոֆիլավորել Եվրոպայից էլեկտրաէներգիա ստանալուն։ «Երբ այդքան ճգնաժամերից ու փորձություններից հետո Սանդուն եւ PAS-ը դեռ ունեն ամենաբարձր վարկանիշը երկրում՝ լավ է,- ասում է պրն․ Կուրարարուն։ - Վատ է այն, որ այդպես էլ չձեւավորվեց քիչ թե շատ հեղինակություն վայելող երկրորդ պրոեվրոպական ուժ, որ մասնակցեր ընտրություններին։ Հայտնի պրոեվրոպական ֆիգուրներին իրենք հրավիրեցին PAS-ի նախընտրական ցուցակ։ Ընդգրկեցին նաեւ արվեստի, շոու բիզնեսի, սպորտի գործիչների։ Այսինքն՝ ընտրողին կանգնեցրին «եթե ԵՄ՝ ապա PAS» միակ ընտրության առջեւ»։
Նախագահի խորհրդականը՝ Իգոր Զահարովը, համամիտ էր, որ պրոեվրոպական ուղեգծի կողմնակիցներն այլընտրանք չունեն, քվեաթերթիկում միայն PAS-ն է։ Բայց նա չէր ընդունում, թե իրերի նման դրության համար PAS-ն է մեղավոր կամ պատասխանատու։ «Ի՞նչ է, PAS-ում ուրախ չէի՞ն լինի, եթե երկրորդ պրոեվրոպական ուժ մասնակցեր ընտրություններին եւ անցներ խորհրդարան։ Այդպես պրոեվրոպական ուղեգծի հաղթանակին ոչինչ չէր սպառնա, այն երաշխավորված կլիներ, որովհետեւ Մոլդովայի ժողովուրդը գերակշիռ մեծամասնությամբ ԵՄ ինտեգրման կողմնակից է։ Սակայն, ցավալիորեն, երկրորդ ազդեցիկ պրոեվրոպական ուժ Մոլդովայի քաղաքական դաշտում այդպես էլ չձեւավորվեց։ Իսկ պրոեվրոպական ուղեգծի առանձին գործիչներ հրավիրվեցին PAS-ի ընտրական ցուցակ, ուղղակի՝ որովհետեւ բոլոր սոցհարցումներով նրանց կուսակցությունները 2 տոկոսից ավելի ձայն չէին ստանում։ Նրանք հրավիրվեցին PAS-ի ցուցակ, որ գոնե անհատապես մուտք գործեն խորհրդարան, եւ պրոեվրոպական ճամբարի ավելի մեծ կոնսոլիդացիա ապահովվի»։
Ընտրություններից հետո հաշվի են նստում իրականության հետ
Մոլդովայի քաղաքական քարտեզի վրա կա ազգությամբ հրեա, ՌԴ տարածքում հաստատված, 2017-ից Մոլդովայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող քրեաօլիգարխիկ մի անձ՝ Իլոն Շորը (Ilon Shor), որը պարբերաբար կուսակցություններ է հիմնադրում (դրանք ընդհանրական կոչվում են Շորի կուսակցություններ), եւ իր կարողությունների չափով միջամտում է Մոլդովայի ընտրություններին՝ ընտրակաշառք բաժանելով, ձայներ գնելով եւ այլն։ 2024-ի նախագահական ընտրություններին Շորը նույնիսկ միջազգային երթուղիներ էր գործարկել, որոնցով ճամպրուկներով դոլար էր տեղափոխվում Մոլդովա եւ բաժանվում որպես ընտրակաշառք։ Առաքման ուղիներից մեկն էլ Երեւան-Քիշնեւ թռիչքներն էին։ Իգոր Զահարովն ասաց, որ Մոլդովան դիմել է Հայաստանի իշխանություններին, եւ մերոնք միջոցներ են ձեռնարկել` այդ երթուղին փակել են։ Սակայն, հակառակ այդքան ջանքերին, Շորի կուսակցություններն անցողիկ շեմը չեն հաղթահարել։
Պրոռուսական ուժերից Իգոր Դոդոնի առաջնորդած կոմունիստ-սոցիալիստներն են անցել խորհրդարան, բայց քվեների մեծամասնության հավակնությամբ։ Արդյունքում, ինչպես համարյա բոլոր զրուցակիցներս էին կարծում, եւ սոցհարցումներն են ցույց տալիս, սեպտեմբերի 28-ին Մոլդովայի խորհրդարան կանցնի, հավանաբար, երեք ուժ։ Երրորդը՝ Քիշնեւի քաղաքապետ Իոն Չեբանի առաջնորդած Alternative դաշինքն է։ Չեբանի ազգանունը թուրքերեն «չոբան» (հովիվ) բառից է։ Քաղաքական հետագծով այս անձն ուղղակի քամելեոն է։ Իրեն հայտարարում է պրոեվրոպական գործիչ, բայց կարիերան սկսել է կոմունիստ-սոցիալիստների միջավայրից եւ Ռումինիայի կողմից էլ այս ամռանը հայտարարվել է persona non grata, ինչով արգելափակվել է նրա մուտքը ԵՄ։ Ավելի ուշագրավը՝ Չեբանը հիպերակտիվ է եւ ուղի է գտել անգամ պետական միջոցներով իրեն գովազդելու։ Քիշնեւի քաղաքային բյուջեից ամենամեծ հատկացումները տրվում են մշակույթին, որի ներքո ամիսը մեկ-երկու համերգ ու հանդիսություն են կազմակերպվում՝ երեւացող քաղաքապետարանով ու քաղաքապետով։ Իմ՝ Մոլդովայում գտնվելու օրերին եռօրյա տոնախմբություն էր՝ Te salut, Chisinau (Ողջույն, Քիշնեւ) խորագրով։
Սպասենք Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որից հետո կամփոփենք թե՛ այդ արդյունքները, թե՛ Մոլդովայից, հայության ու հայկական համայնքի մասին իմ տպավորությունները։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test