Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

44-օրյայի քննիչ հանձնաժողովից լուրջ հետաքննություն սպասելն անիմաստ է․ քաղաքագետ sputnik sputnik

time
44-օրյայի քննիչ հանձնաժողովից լուրջ հետաքննություն սպասելն անիմաստ է․ քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik․ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովից լուրջ հետաքննություն սպասելն անիմաստ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ պատերազմը սկսելու և նման ընթացք ունենալու պատասխանատուն քաղաքական իշխանությունն է, որը հիմա խորհրդարանում մեծամասնություն է, հանձնաժողովն էլ, այսպես ասած, իրենց հանձնաժողովն է։
«Հանձնաժողովի ղեկավարները և հիմնական կազմը գործող իշխանության անդամներն են, և այս առումով, իհարկե, որևէ լուրջ հետաքննության, հետազոտության սպասելն անիմաստ է։ Զեկույցի հիմքում պետք է դրված լինի քաղաքական պատասխանատվության, հետագայում էլ քրեական պատասխանատվության հարցը՝ ծանրագույն հոդվածներում։ Հիմա այն մարդիկ, որոնք էդ պատասխանատվությունը կրում են այս կամ այն չափով, արդյոք շահագրգռված կլինե՞ն օբյեկտիվ հետաքննություն անցկացնել։ Իհարկե, ոչ»,- կարծում է քաղաքագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե պատերազմից 5 տարի անց ի՞նչ դասեր ենք քաղել կամ հետևություններ արել կատարվածից՝ Դանիելյանը նշում է՝ «ոչ մի»։ Նրա կարծիքով՝ այն ցավալի պարտությունը, որ կրեցինք, առաջին հերթին մտքի պարտություն էր՝ քաղաքական, պետական, ռազմական, տնտեսագիտական։ Երբ պետական մարմինը, օրինակ՝ ԱԳՆ, ՊՆ, որևէ լուրջ որոշում է կայացնում, ապա դրա հիմքում պետք է լինեն մտքի կենտրոնների կատարած վերլուծություններ, և որոշում կայացնողն էլ պետք է հասկանա, որ ինքը պատասխանատու է դրա համար։ Սա այն է, ինչ չի արվել ու չի արվում։
«5 տարի անցել է, և ոչ ոք չի քննարկում, թե ինչո՞ւ պատերազմը տեղի ունեցավ, որո՞նք էին պատերազմի պատճառները, ինչո՞ւ տարբեր երկրներ նման դիրքորոշում ընդունեցին, արդյոք հնարավո՞ր էր պատերազմից խուսափել, եթե հնարավոր էր, ի՞նչ պետք էր անել։ Պարզ էր, չէ՞, որ էդ պատերազմը լինելու է, այլ հարց է, թե պետական պատասխանատուները ի՞նչ քայլեր են արել դրանից խուսափելու համար։ Այս հարցերի պատասխանը գոյություն չունի»,- նշեց քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ ռազմական գործիչներն էլ պետք է իրենց հիմնավորումը ներկայացնեն, թե արդյոք պատերազմի ելքը կարող էր այլ լինել։ Այս հարցին պատասխանելու համար կարևոր է նաև հստակ ունենալ այն հարցի պատասխանը, թե որտեղից էր պատերազմը կառավարվում՝ ՀՀ գլխավոր շտաբից, Արցախի ՊԲ-ից, արդյոք եղե՞լ է ստվերային կառավարում, թե՞ ոչ։ Քաղաքագետի ընկալմամբ՝ այս հարցերի պատասխանները չունեն անգամ շատ զինվորականներ, որոնք պատերազմի ժամանակ բարձր պաշտոններ են զբաղեցրել։
Պատերազմի պատճառները, ըստ քաղաքագետի, շատ են՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական, և՛ աշխարհաքաղաքական։ Հայաստանը մնացել էր մենակ, իսկ հակառակ կողմում իր դեմ գործող տարբեր երկրներից կազմված կոալիցիան էր։ Նրա խոսքով՝ օտարերկրյա մի շարք ռազմական գործիչների կարծիքով՝ 44-օրյան ժամանակակից պատերազմի հիմքը դարձավ։
«Փորձարկվում էին նոր զենքեր, դրոնների դերը մեծացավ դրանից հետո։ Մեր դեմ վարվում էր ժամանակակից պատերազմ, իսկ մենք, երևի, 80-ականների պատերազմ էինք վարում։ Այսինքն՝ հին պատերազմը պարտվեց ժամանակակից պատերազմին, ժամանակակից տեխնիկային, ժամանակակից պատերազմ մղելու կանոններին»,- նշեց Դանիելյանը։
Նրա կարծիքով՝ Արցախյան պատերազմից հետո տեղի ունեցած մյուս պատերազմներն ու կոնֆլիկտները շատ առումներով հենց այս տրամաբանության տակ են վարվել։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Արցախի ամբողջական կորուստն ու հայաթափումն արդյոք այս պատերազմում պարտությա՞ն հետևանք էին․ Դանիելյանի խոսքով՝ առաջին հերթին դա քաղաքական պարտություն էր։
«Աշխարհաքաղաքական փոփոխություններ էին տեղի ունենում, որը քաղաքական ղեկավարությունը կա՛մ չէր հասկանում, կա՛մ երևի հասկանում էր, բայց իրենք այլ խաղ էին խաղում, ու էդ խաղը հայկական խաղ չէր, այլ շահերի վրա էր հիմնված»,- նշեց քաղաքագետը։
Նրա համար անհեթեթ է նաև իշխանությունների այն տեսակետը, թե պատերազմն ու Արցախի կորուստը ինչ-որ առումով բերեցին խաղաղության, Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններ ունենալուն և այլն։ Հռետորական հարց է ուղղում․ եթե խաղաղություն էր բերել, ապա ինչու՞ մինչև վերջերս էլ ՀՀ իշխանության ներկայացուցիչները հրապարակային խոսքում, հարցազրույցներում շարունակում էին ասել, որ պատերազմի վտանգը պահպանվում է և այլն։
Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության գործով նախաքննությունը դեռ շարունակվում է. ՔԿ
Հիշեցնում է նաև, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո էլ իշխանական շրջանակներից սկսեցին հայտարարություններ հնչել, թե պատերազմի հավանականությունը 100 տարով հետաձգվել է։ Ընդգծում է՝ սա նշանակում է, որ պատերազմը հետաձգվել է արտաքին միջամտության, այլ ոչ թե իշխանության վարած քաղաքականության շնորհիվ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին Քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման, հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test