2025 թվականի օգոստոսին 80-ամյակը բոլորած Deep Purple-ի վոկալիստ Իեն Գիլանը u3a ամսագրին տված հարցազրույցում խոսել է կարիերայի, համոզմունքների եւ կյանքի հանդեպ իր հաստատուն, դրական մոտեցման մասին։ Ներկայացնում հատվածներ հարցազրույցից:- Ինչպիսի՞ն էիք երիտասարդ տարիքում։- Չափից դուրս անկայուն բնավորություն ունեի, շուտ բռնկվող էի եւ ոչ մի տեղ չէի հարմարվում։ Մայրս իր ողջ կարողությունը ծախսեց՝ ինձ մասնավոր դպրոց ուղարկելու համար։ Լավ կրթություն եմ ստացել, բայց մնացել էի երկու աշխարհների միջեւ։ Դպրոցում ինձ անվանում էին «արգելոցի երեխա», իսկ մեր բազմաբնակարան շենքում բոլորից տարբերվում էի իմ բաց կապույտ, գծավոր համազգեստով։ Զգում էի, որ ոչ մի տեղ չեմ պատկանում։ Ամեն ինչ տեղն ընկավ միայն այն ժամանակ, երբ գտա իմ «հանցախումբը»։ Մենք մտերմացանք երաժշտության՝ հիմնականում Էլվիս Փրեսլիի շնորհիվ, եւ դա կյանքիս իմաստ հաղորդեց։- Ի՞նչ եք կարծում, վստահությունն աճու՞մ է տարիքի հետ։- Այո, բայց դա տեղի է ունենում ամբողջ կյանքի ընթացքում, ամեն ինչ հավասարակշռության մեջ է։ Դեռահասության տարիքում փորձում ես գտնել ինքդ քեզ, այդ պատճառով էլ մարդիկ ժամանակ են անցկացնում խմբերով։ Երբ երիտասարդ էինք, վստահությունը գալիս էր այն փաստից, որ միասին ենք, որ նվաճում ենք աշխարհը։
Ժամանակին այսպիսի տողեր եմ գրել․ «Իսկապես նուրբ գիծ կա կործանարար խրախճանքի եւ հրաշալի ժամանակ անցկացնելու միջեւ»։ Երիտասարդությունը անմահության այդ զգացողությունն է տալիս, եւ մարդիկ հաճախ վստահությունը շփոթում են գոռոզության հետ։ Անհարթ եզրերը հարթվում են փորձի շնորհիվ։- Ինչպե՞ս է փոխվել կյանքի հանդեպ ձեր մոտեցումը տարիների ընթացքում։- Մի երգ եմ գրել՝ «Պատասխանատու չեմ» (Not Responsible), որը բնութագրում է ինձ փիլիսոփայական տեսանկյունից։ Մի ասացվածք կա. «Բարեգործությունը սկսվում է տնից», եւ ես հավատում եմ դրան։ Եթե դու լավ չես, ոչ մեկին օգնել չես կարող։ Տուր, երբ կարող ես, այլ ոչ թե երբ դա քեզ կոտրում է: Այնպես որ ես հետեւում եմ իմ բնազդներին եւ նախ հոգ եմ տանում ինքս ինձ մասին։Ընդհանուր առմամբ ես ուրախ մարդ եմ։ Կարծում եմ, որ երջանիկ լինելու համար մարդուն երկու բան է անհրաժեշտ՝ նպատակի եւ պատկանելության զգացում։ Եթե դրանք ունես, կարող ես հաղթահարել կյանքի վերելքներն ու վայրէջքները։ Փորձում եմ իմ հուզական հաճախականությունը պահել ցածր նշաձողի վրա։ Որոշ մարդիկ անընդհատ վերելքներ եւ վայրէջքներ են ապրում, ես նախընտրում եմ չափավոր գոհունակությունը եւ չափավոր հիասթափությունը. դա կյանքն ավելի հանդարտ է դարձնում։ Զսպվածության կողմնակից եմ:- Ի՞նչն է ձեզ խաղաղություն բերում։- Զգացմունքներս կառավարելու համար 20 տարեկան հասակում սկսեցի զբաղվել մեդիտացիայով։ Ժամանակի ընթացքում դա ավելի շատ նմանվեց մտորումների։ Նպատակը մշտական հանգստության վիճակում լինելն է՝ ոչ թե որպես ծես, այլ որպես ապրելակերպ․ ամեն ինչ պարզ դարձնել եւ վերացնել շփոթմունքը։ Ինչպես մնացած ամեն ինչ, դա նույնպես կյանքի փորձ է պահանջում․ նախքան օգուտները զգալը պետք է տիրապետես հիմունքներին։- Ինչպե՞ս է Deep Purple-ը այդքան արդիական մնում։- Արդիականությունը մի բան է, ինչին բոլորն են ձգտում այս բնագավառում՝ փորձելով անել այնպես, որպեսզի ոճի կամ նորաձեւության տեսանկյունից ընդունելի լինեն։ Մեր խումբը միշտ խուսափել է դրանից։ Մենք որոշել ենք նորաձեւ չլինել. միտումների հետեւից ընկնելը քեզ «բիզնեսի մեջ» է պահում միայն կարճ ժամանակ, ինչը շատ հաճախ տեսնում ենք փոփ երաժշտության մեջ։ Մեր երաժշտությունն ավելի դժվար է սահմանել, բայց գլխավորն այն է, որ ինքներս մեզ հավատարիմ մնանք։ Պետք է արտահայտենք այն, ինչ մեր ներսում է, այլ ոչ թե հետեւենք թրենդներին։ Deep Purple-ը հինգ շատ տարբեր մարդկանցից բաղկացած խումբ է, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ երաժշտական եւ ստեղծագործական ազդեցությունները, սակայն այս միասնությունը մեզ տվել է լայն երաժշտական գունապնակ, եւ մենք ընդունել ենք մեր տարբերությունները։ Պետք է խոստովանեմ, որ նորաձեւության համար մրցանակներ չենք ստացել, բայց մեր անկեղծությունն ու մեր միջեւ կապը ստիպել են մեզ անընդհատ առաջ շարժվել։ Այսպիսով, արդիական մնալը նշանակում է անկեղծ լինել ինքդ քեզ հետ։ Եթե դա համընկնում է հանդիսատեսի ճաշակի հետ, ապա հավելյալ «բոնուս» է մեզ համար։- Երբ սկսվում է ձայնագրությունը, դա ոգեշնչու՞մ է ձեզ երգեր գրել։- Ես ամեն օր գրում եմ, դարակներս լի են նոթատետրերով։ Ես դա անվանում եմ «գունագեղ եւ սեւագիր անհեթեթություն»։ Ամեն ինչ գրի եմ առնում՝ ինչ էին մարդիկ խմում, ինչպես էր փչում քամին, այն ամենն, ինչ մանրուքներ է ավելացնում։ Հիշում եմ, թե ինչպես Բոբ Դիլանի երգը լսելուց առաջ տեսա «իսպանական կաշվե կոշիկներ» արտահայտությունը, եւ դա պարզապես ինչ-որ բան արթնացրեց իմ մեջ։ Լավ գրելու համար պետք է կարողանալ զգացմունքները փոխանցել ընդամենը մի քանի բառով, յուրաքանչյուր բառը արժեքավոր դարձնել, ասես գրում ես իմպրեսիոնիստների պես, եւ դա շարունակական գործընթաց է։Թարգմանությունը՝ Լիլիթ ԽաչատրյանիԱյս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test