«Նիկոլ Փաշինյանը հիմա Հայաստանին, հայ ժողովրդին հիշողությունից զրկելով է զբաղված՝ հայրենիքը մի քարտեզի, մի մակետի հասցնելով՝ 29 հազար 847 քառակուսի կիլոմետրով։ Սա, իհարկե, չի կարող ընդունելի լինել». «Առավոտի» զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
-Թեեւ իրավաբանորեն ամրագրումները չկան, բայց ընդունված է թվագրել Հայաստանի հանրապետությունները. եւ այսպես, Նիկոլ Փաշինյանը ավետեց ՔՊ-ի ռազմավարական ծրագիրը՝ լուծարել ՀՀ երրորդ հանրապետությունը եւ հռչակել չորրորդ հանրապետություն՝ իրենց տեսլականի՝ «իրական Հայաստանի» սահմաններում։ Ինչի՞ մասին է սա, ըստ Ձեզ։
-Անկեղծ ասած, մի փոքր տարակուսած եմ, որովհետեւ չգիտեմ, թե ո՞ր Նիկոլ Փաշինյանն է «ավետում» այդ մասին. ա՞յն Նիկոլ Փաշինյանը, որը Սարդարապատի գեներալիսիմուսն էր, որը 2020 թվականի ամռանը մեդալներ, հերոսի կոչումներ էր բաժանում այս ու այն կողմ՝ ընդամենը մեկ մարտական դիրքի հետ կապված գործողության համար, թե՞ այն Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ էության, ընդունում է Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր նախապայմանները եւ պատրաստ է կատարել նրանց բոլոր ցանկությունները։ Ամենայն հավանականությամբ, երկրորդ Նիկոլ Փաշինյանն է, որը փորձում է 44-օրյա պատերազմում պարտությունն, ըստ էության, մաքրագործել եւ փորձում է իր բաժին պատասխանատվությունը իրենից որոշակիորեն հեռացնել՝ ցույց տալով, որ իբրեւ թե նախորդ հանրապետությունը կենսունակ չէր, ինքը մեղավոր չէր, իր կառավարման համակարգի հետ կապված խնդիրներ չկային եւ այն, ինչ կատարվել է մինչեւ այսօր՝ պատրանքներ էին, իսկ հիմա լինելու է իրական Հայաստան, որտեղ Արարատ սար չի լինելու։ Ամենայն հավանականությամբ, «Ախթամար» կոնյակն էլ կվերացնեն, երգն էլ կարգելվի… հավանաբար, այդ շրջանակում ինքը փորձում է ցույց տալ, որ ինչ եղել է մինչ այժմ՝ սխալ է եղել, հիմա ինքը գալիս է, իբրեւ փրկիչ եւ Հայաստանում բնակվողներին այլեւս փրկելու է։
Միեւնույն ժամանակ, սա նաեւ նախընտրական խոսակցությունների նյութ է, բացի «խաղաղության» նախաստորագրված փաստաթղթից։ Ի դեպ, այդ փաստաթուղթը ոչինչ չի նշանակում ու դա բոլորի համար էլ ակնհայտ է։ Նույն Ադրբեջանը՝ հենց Իլհամ Ալիեւի օրոք, բազմաթիվ փաստաթղթեր է ստորագրել, որ Արցախի հարցի հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ բանակցային գործընթացի արդյունքում, բայց իր որեւէ ստորագրություն չի պահպանել։
Համենայնդեպս, այն, ինչ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, ամբողջովին հակասում է մեր ազգային եւ պետական շահերին ու բացառապես իշխանությունը պահպանելու խնդիր է լուծում։
– Ի դեպ, ՀՀ չորրորդ հանրապետության կոնցեպտը նոր չէ, այդ մասին նախկինում էլ է խոսվել։ Վերջին անգամ այդ մասին ասաց ՀՀ նախագահներից Արմեն Սարգսյանը՝ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանն արտառոց բան չի ասում, փաստորեն։
-Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն արտառոց բան է ասում, որովհետեւ այն իմաստով, ինչ իմաստով նախկինում ասվել է չորրորդ հանրապետությունը, բոլորովին այլ է եղել. «իրական Հայաստանի» կոնցեպտը չի եղել, այլ ընդամենը բարեփոխումներ իրականացնելու մասին է եղել։ Մինչ Արմեն Սարգսյանն էլ, ես հստակ հիշում եմ 2013 թվականի քարոզարշավի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս ասում էր չորրորդ հանրապետություն ստեղծելու անհրաժեշտության մասին, մեր դրոշին չորրորդ գույն ավելացնելու մասին էր ասում եւ դա ոչ թե այն էր, որ ինքն առաջարկում էր եռագույնը սարքել քառագույն կամ իրավական առումով չորրորդ հանրապետություն ստեղծել, այլ ինքը խոսում էր բարեփոխումների, փոփոխությունների անհրաժեշտության մասին, մեր ներքին փոփոխությունների մասին նաեւ։ Այդ թվում, հիշում եմ նաեւ, Արագածոտնի մարզում քարոզարշավների ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը եւս խոսում էր մեր շատ գնահատված Արարատի կողքին Արագածը գնահատելու մասին։ Այսինքն, մեր ներքին բարեփոխումների խնդիրն էր առաջ քաշում՝ ասելով, որ Արարատն ու Արագածը դեմ-հանդիման են ու որպեսզի Արարատին հասնենք, Արագածն էլ պիտի գնահատենք։ Այսինքն, Հայաստանը պետք է իրական բարեփոխումների ենթարկվի, որպեսզի կարողանանք հասնել Արարատին։ Վերջապես, այն ազգը, երկիրը, պետությունը, որը տեսլական չունի ապագայի հետ կապված, հիշողություն չունի, անցյալ չունի, իր անցյալի հիշողություններից չի կարողանում համապատասխան հետեւություններ անել, բնականաբար, պատմության դառը դատաստանի առջեւ է կանգնում։
Իսկ Նիկոլ Փաշինյանը հիմա Հայաստանին, հայ ժողովրդին հիշողությունից զրկելով է զբաղված՝ հայրենիքը մի քարտեզի, մի մակետի հասցնելով՝ 29 հազար 847 քառակուսի կիլոմետրով։ Սա, իհարկե, չի կարող ընդունելի լինել։
– «ՏՊԼ-ն, ՍՔ-ն եւ ՌՍ-ն շարունակաբար պնդում են, թե ես Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։ ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ, բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018-ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորն ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս». ՀՀ նախկին նախագահներին նման մեղադրանք է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը։
-Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանն այնքան երիտասարդ չէ, որ չհիշի, թե ի՞նչ է տեղի ունեցել 1988 թվականից հետո. նկատի ունեմ, երբ Ստեփանակերտում եւ Երեւանում առաջին ցույցերը եղան՝ միացման պահանջով։ Իսկ տեղի ունեցավ Սումգայիթի ցեղասպանությունը, հետագայում՝ Բաքվի ջարդերը եղան, Կիրովաբադի ջարդերը եւ, ըստ էության, ամբողջ Ադրբեջանը դատարկվեց հայերից, որոնք հարյուր հազարներով եւ դարեր շարունակ էին բնակվել այդ տարածքում։ Հայեր մնացին միայն Արցախում։ Ու Արցախում եւ Հայաստանի սահմաններին Ադրբեջանը սկսեց միաժամանակ եւ տարատեսակ ռազմական գործողություններ՝ կրակոցներ, մարդկանց առեւանգումներ։ Դրա արդյունքում, ստիպված, հայ ժողովուրդն անցավ ինքնապաշտպանության։ Այս պարագայում խոսել այն ժամանակ զինվորների մասին, բացարձակ տեղին չէ. ընդամենը հայ տղամարդիկ եւ կանայք փորձեցին ինքնապաշտպանվել ու 20-րդ դարում նոր ֆիդայական շարժում առաջացավ։ Իսկ այն, ինչ կատարվում էր Արցախում, ամբողջովին տեղավորվում էր միջազգային եւ ԽՍՀՄ օրենսդրության շրջանակում։ Դրա համար խոսել, թե ի՞նչ գործ ուներ հայ զինվորը… Հայ զինվորը, հետագայում արդեն, գնացել էր պաշտպանելու հայ ազգի չցեղասպանվելու իրավունքը։ Նման եղանակով փորձել ինչ-որ մատնիչական, կեղծ զրպարտությամբ Ադրբեջանի համար Հայաստանի դեմ իրավական քայլեր իրականացնելու հնարավորություն ստեղծել, մեղմ ասած, ճիշտ չեմ համարում։
Մենք փորձել ենք խուսափել ցեղասպանությունից եւ շատ ճիշտ ենք արել, դա արդարացված է եւ իրավունքի, եւ բարոյականության տեսանկյունից։ Երբեւիցե ու որեւէ մեկը իր ժողովրդին, ՀՀ-ին չի մեղադրել իր ինքնապաշտպանության համար։ Որքան էլ ինքը փորձում է հաճոյանալ Ադրբեջանին, Ալիեւին, որպեսզի աջակցեն իրեն նախընտրական ժամանակահատվածում, որպեսզի կարողանա վերընտրվել, միեւնույն է՝ չի արդարացնում հակապետական, հակազգային որեւէ խոսույթ կամ քայլ։
-Ձեր վերլուծություններով, ԱՄՆ «քավորությամբ» Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղության, Թուրքիայի հետ հարաբերությունների իբրեւ կարգավորման այս գործընթացը ի՞նչ ընթացք կունենա, ո՞ւր կհասնենք։
-Այն, ինչ որ ստորագրվեց ԱՄՆ-ում, ըստ էության, բարի ցանկությունների մասին հուշագրեր էին եւ, փաստորեն, մանրամասները դեռեւս պարզ չեն. դա իշխանության ներկայացուցիչներն էլ են ասում՝ հիմա պետք է քննարկվի ամենը։ Այն, ինչ ներկայացնում կամ որոշակիորեն ասում է ՀՀ իշխանությունը, Ադրբեջանը, ԱՄՆ-ը՝ բոլորովին տարբեր բաների մասին են։ ՀՀ իշխանությունը խոսում է ընդամենը հինգ սկզբունքների մասին, որոնց շրջանակում են լինելու լուծումները, բայց Ադրբեջանը եւ ԱՄՆ-ը ավելի դետալացված են խոսում՝ եւ ժամկետների, եւ կարգավիճակի մասին ու խոսում են բաներ, որոնք ամբողջովին դուրս են մեր շահերի դաշտից։ Այդ պայմանագիրն ինքնին, որտեղ բառացիորեն Հայաստանում անցկացվող ճանապարհների մասին է, արդեն փաստում է, որ Հայաստանը, ցավոք, զիջել է իր ինքնիշխանությունն այդ հարցում։ Այդտեղ, իսկապես, միջանցքային տրամաբանության որոշակի տարրեր կան։ Անկախ նրանից, որ կոնսորցիումը կարող է լինել հայ-ամերիկյան եւ ԱՄՆ-ը որոշակիորեն մեծ դերակատարում է ունենալու, նաեւ մասնաբաժինների հետ կապված, Հայաստանը, չգիտես ինչու, ոչ միայն ԱՄՆ-ի հետ, այլ նաեւ երրորդ կողմերի հետ պետք է մասնահատում անի այդ ճանապարհից կամ երկաթուղուց ստացված օգուտից։ Սա, միանշանակ, այն մասին է, որ մենք այս դեպքում եւս ամբողջովին ընդունել ենք զիջողականությունը։
ԱՄՆ-ը, կարծում եմ, իր շահերն է այս դեպքում պաշտպանել եւ տեսնելով, որ ՀՀ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ըստ էության, շատ թույլ դիրքերում են գտնվում, զիջում են ՀՀ շահերն աջ ու ձախ, փորձել են գոնե իրենց շահերը պաշտպանել։ Թրամփյան ԱՄՆ-ը տարբերվում է նախորդ ադմինիստրացիաների ԱՄՆ-ից. այդ երկրում էլ մեծ բողոքի ալիքներ են լինում Թրամփի իրականացրած քայլերի դեմ ու այս դեպքում, Թրամփը փորձել է պաշտպանել իր երկրի շահերը՝ որոշակիորեն փորձելով վերահսկել այն տնտեսական հոսքերը, ճանապարհային ուղիները, որոնք կարող են Արեւելքն ու Արեւմուտքը միացնել։
Շատ դժվար է լինելու ցանկացած պարագայում այդ ճանապարհը տեսնել իրականացված, որովհետեւ, ըստ էության, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչը բոլորովին այլ մաքսային ռեժիմ է նախատեսելու։ Բացի այդ, ԱՄՆ-ն ինքն է ներդրումներ բերում դեպի երկիր ու հասկանալի չէ, թե այս դեպքում ինչպե՞ս է ներդրումներ անելու։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է ու այդ կառույցի կանոնադրությամբ արգելվում է այլ երկրների ԶՈՒ-ի կամ այլ զինված խմբերի ներկայությունը ՀԱՊԿ տարածքում. այս դեպքում ինչպե՞ս են կարգավորվելու այդ հարցերը, մանավանդ, Հայաստանում դեռ 102-րդ ռազմաբազան կա, ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին կան եւ այլն։ Այսինքն, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք թույլ չեն տալիս միանշանակ հիմնավորել, որ այդ ճանապարհն անպայման գոյություն կունենա։ Բայց, ցանկությունն ակնհայտ է եւ դա երեւում է այն հանգամանքից, որ իր շատ ծանր տնտեսական վիճակում, Թուրքիան միջոցներ է գտել, որպեսզի Իգդիրից-Նախիջեւան երկաթգիծ անցկացնի։ Բայց հետաքրքիրն այն է, որ, ըստ էության, այդ ճանապարհը զուգահեռ է լինելու Իգդիրով Ղարս գնացող Նախիջեւան-Գյումրի ճանապարհին եւ նորից մենք պետք է խոսենք այն մասին, որ թուրքական քաղաքականությունը՝ հայերին ու Հայաստանին հնարավորինս մեկուսացնելու, շարունակվում է։ Եթե կա գործող ճանապարհը, որը ավելի նվազ գումարներով վերանորոգելով կարող էին սպասարկել, միայն հայկական գործոնը մեկուսացնելու նպատակով է, որ Թուրքիան գնում է նման բազմամիլիարդանոց ներդրում իրականացնելուն։ Կարծում եմ, ժամանակը ցույց կտա, թե մենք ի՞նչ կունենանք։ Ամեն դեպքում, կարծում եմ այս համաձայնագրերով, Հայաստանը եւս մի քանի քայլ ու շատ մեծ զիջումների գնաց։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ 26.09.2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test