Վերջին շրջանում իշխանությունները բացահայտ տնտեսական տեռոր են իրականացնում բիզնեսի նկատմամբ, երբեմն՝ ակնհայտ քաղաքական երանգներով։ ՀԷՑ-ը դրա վառ օրինակներից մեկն է։ Բայց ՀԷՑ-ը բոլորովին էլ եզակի չէ։ ՀԷՑ-ի պարագան ավելի շատ քաղաքական է, չնայած քաղաքականի տակ նաև տնտեսական բաղադրիչ կա։ ՀԷՑ-ը ոչ միայն քաղաքական նպատակով են ուզում խլել, այլև մտադիր են տիրանալ դրան։ Իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր աչք ունեն ՀԷՑ-ի վրա։
Բայց ՀԷՑ-ը միակ օրինակը չէ։
Բիզնեսը Հայաստանում ուժեղ ճնշման տակ է, չեն թողնում աշխատել, անհամաչափ հարկային բեռ են դնում, հարկերով, տուգանքներով խեղդում են։ Երբեմն էլ դա միտումնավոր են անում, որպեսզի վաճառեն բիզնեսը՝ իշխանությանը սերտաճած նորօրյա օլիգարխներին։
Զարմանալի չէ, որ բիզնեսը Հայաստանում վատ օրեր է ապրում, ապագա չի տեսնում։ Մեծ քանակությամբ կազմակերպություններ այս տարվա ընթացքում հասցրել են փակվել, դադարեցնել են իրենց գործունեությունը։
Ընկերությունների փակվելն օրինչափ է, օրինաչափ չէ, երբ դրանց փոխարեն նորերը չեն ստեղծվում։ Շատ վաղուց այնպես չի եղել, որ գործող կազմակերպությունների թիվը տարվա ընթացքում ավելանալու փոխարեն՝ նվազի։ Բայց հիմա այդպես էլ կա։ Բազմաթիվ կազմակերպություններ փակվել են, իսկ դրանց փոխարեն նորերը չեն բացվել։
Պաշտոնական տվյալներով, վերջին 1 տարում Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների քանակը 3767-ով կրճատվել է։
Անցած տարվա հուլիսին 69 հազար 488 կազմակերպություն կար գրանցված Հայաստանում, այս տարվա հուլիսին մնացել է 65 հազար 721-ը։
Գրանցված կազմակերպությունների քանակը 1 տարում 5.4 տոկոսով նվազել է։
Հայաստանում այսօր ավելի քիչ ընկերություններ են գործում ոչ միայն նախորդ, այլև 2023թ. համեմատ։ Երկու տարվա կտրվածքով ևս գործող ընկերությունների քանակի նվազումը փոքր չէ. Այս տարվա հուլիսին ավելի քան 1600-ով պակաս ընկերություններ են եղել Հայաստանում, քան 2 տարի առաջ։
Սա աննախադեպ իրավիճակ է, որին բախվել է բիզնեսը։ Բախվել է իշխանությունների կողմից իրականացվող հարկային, վարկային, տնտեսական ու ոչ տնտեսական քաղաքականության հետևանքով։ Պետական մահակն առած՝ ընկել են բիզնեսի ու հատկապես՝ ոչ ցանկալի բիզնեսի հետևից։
Բիզնեսը Հայաստանում պաշտպանված չէ իշխանությունների կամայականություններից։ Վաղուց արդեն գաղտնիք չէ, թե ինչպես են իշխանությանը սերտաճած նախկին ու ներկա օլիգարխները խլում սրա-նրա ունեցվածքը։ Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ հաջողակ գործող բիզնեսին հարկայինի միջոցով սնանկացրել են, իսկ նրան պատկանող առևտրի ցանցերը ձեռք է բերել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի անվան հետ կապվող հայտնի սուպերմարկետների ցանցի սեփականատերը։
Բիզնեսի համար գործելու աննախադեպ պայմաններ ստեղծելուց են խոսում, իսկ բիզնեսը գոյատևելու խնդիր ունի։ Բոլորովին էլ լավ պայմաններից չէ, որ բիզնեսը փակվում է։ Բայց այդ մասին իշխանությունները երբեք չեն խոսում։ Իրականությունը կեղծելու ու այդ իրականությունից անտեղյակ քաղաքացիներին թյուրիմացության մեջ պահելու համար՝ վաղուց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը վարժվել են ամեն ինչ վառ գույներով ներկայացնել։ Նույնիսկ ձախողումներն ու սարսափելի աղետներն են որպես մեծագույն ձեռքբերում մատուցում։ Չի բացառվում, որ վաղն էլ հազարավոր ընկերությունների փակումը համարեն ձեռքբերում։ Ոչինչ, որ դրա հետևում հազարավոր մարդիկ են կանգնած՝ իրենց սոցիալական խնդիրներով։
Վերջին 1 տարում միայն մանր ու միջին բիզնեսի ոլորտում գործող կազմակերպությունների քանակը կրճատվել է ավելի քան 4.5 հազարով։ Անցած տարի 58.4 հազարից ավելի նման ընկերություն կար, այս տարվա հուլիսին մնացել է 53.9 հազարը։
Այս պրոցեսը սկսվեց հատկապես այն բանից հետո, երբ իշխանությունները որոշեցին կտրուկ ավելացնել փոքր բիզնեսի հարկային բեռը։ Մի մասի պարագայում դա տեղի ունեցավ անցած տարվա կեսերին, մյուս մասինը՝ այս տարվա սկզբից։ Հարկային անհամաչափ բեռի ավելացումը շատերին ստիպեց դադարեցնել գործունեությունը։
Այսօր փոքր բիզնեսի ոլորտում 2.7 հազարով ավելի քիչ կազմակերպություն կա, քան անգամ 2023թ.։
Նվազել է նաև այստեղ զբաղված քաղաքացիների քանակը։ Փոքր բիզնեսում ընդհանուր առմամբ 146 հազար աշխատող կա գրանցված, որոնք համեստ աշխատավարձ են ստանում, բայց դա էլ շռայլություն են համարում նրանց համար։ Թույլ չեն տալիս աշխատել, աշխատածի դիմաց էլ ստիպում են ավելի շատ հարկեր վճարել։
Վերջին 1 տարում միջին աշխատավարձը փոքր բիզնեսում ավելացել է ընդամենը 3.5 տոկոսով։ Ավելի քիչ, քան պաշտոնապես արձանագրվող գնաճն է։ Սննդամթերքի ու ընդհանրապես պարենային, առաջնային անհրաժեշտության ապրանքների, գյուղմթերքների գնաճի մասին չենք խոսում։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հիմա մարդիկ Հայաստանում 50 տոկոսով ավելի լավ են ապրում, գոնե գիտի՞, թե այս համատարած թանկացումների պայմաններում ինչքանո՞վ են վատացել այս մարդկանց ապրելու պայմանները։ Խոսքը՝ ոչ ավել, ոչ պակաս, գրեթե 146 հազար աշխատող մարդու մասին է։
Հարկային անհամաչափ բեռ դնելով՝ փոքր բիզնեսը դուրս են մղում տնտեսական գործունեության դաշտից, որպեսզի նրանց տեղը խոշորները գրավեն։ Չնայած խոշոր բիզնեսն էլ Հայաստանում լավ օրեր չի ապրում։ Այս տարվա առաջին 7 ամիսներին խոշոր բիզնեսի դաշտում գործող կազմակերպությունների քանակն էլ է կրճատվել։ Անցած տարվա վերջին 50-ից ավելի աշխատող ունեցող 2454 գործող կազմակերպություն կար, այս տարվա հուլիսին մնացել է 2447-ը։ Դրանցում հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, նաև աշխատողների թվի նվազում է գրանցվել։
Եվ ընդհանրապես Հայաստանում գրանցված աշխատողների քանակն է հուլիսին կրճատվել։ Նախորդ ամսվանից գրեթե 700-ով աշխատատեղերը պակասել են։ Բայց, բնականաբար, այդ մասին ոչ Նիկոլ Փաշինյանն է խոսում, ոչ էլ ուրիշները։ Իրենց պարտքն են համարում աշխատատեղերի ավելացումների մասին պարտաճանաչ տեղեկացնել «սիրելի» քաղաքացիներին, իսկ կրճատումները թաքցնում են։ Նույնն անում են մյուս դեպքերում։ Երբևէ լսած կա՞ք, որ Նիկոլ Փաշինյանը, էկոնոմիկայի նախարարը, որը վերջին շրջանում դարձել է իշխանության տնտեսական հաջողությունները փառաբանող քարոզիչներից մեկը, կամ որևէ այլ պաշտոնյա խոսի այն մասին, թե վերջին 1 տարում քանի՞ հազար բիզնես է Հայաստանում փակվել կամ ինչո՞ւ է փակվել։ Չեք լսել, չեք էլ լսելու։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test