2018-ի գարնանային կամ ամառային օր էր, «դուխով» Նիկոլն էլ դեռ նոր էր կարգվել վարչապետ, երբ տեղի ունեցավ ինչ-որ սպանություն: Բարկացած վարչապետը հայտարարեց, որ այսուհետ Հայաստանում չպետք է տեղի ունենան հանցագործություններ: Հայտարարությունը մարդիկ իրար էին փոխանցում՝ ոմանք հույսով, մյուսները կասկածով: Անձամբ եմ ականատես եղել նման խոսակցությանը՝ միջամտելով, որ հանցագործություններին վերջ դնել հնարավոր չէ, բայց դրանց քանակը ժողովրդավարության պայմաններում հնարավոր է հասցնել հնարավորս նվազագույնի: Համոզվածությանս հիմքն ամերիկյան վավերագրական մեկուկես ժամանոց կինոնկարն էր, որը դիտել էի կարծեմ հենց այդ ժամանակահատվածում: Որում խոսվում էր զենքի ազատ վաճառքը սահմանափակելու անհրաժեշտության մասին: Դրա դրդապատճառն էլ ինչ-որ ժամանակ առաջ ԱՄՆ-ի քաղաքներից մեկի ավագ դպրոցներից մեկում հրազենի օգտագործմամբ սպանդն էր: Ինչն այդ ժամանակ ԱՄՆ-ում արդեն դարձել էր սովորական երևույթ:
Կինոնկարի հեղինակը հարցազրույց էր վերցրել գերմանական մեծ քաղաքներից մեկի ոստիկանապետից, ով այդ ժամանակ ԱՄՆ-ում էր: Վերջինս հայտնել էր, որ իր քաղաքում մեկ տարում նույնքան սպանություն է կատարվում, որքան այդ քաղաքում մեկ ամսում (թե՞ մեկ շաբաթում): Հայտնել էր նաև, որ սկանդինավյան երկրներում այդ քանակն ավելի պակաս է: Նույն իրավիճակն էր նաև Կանադայում, ուր այցելել էր նկարահանող խումբը: Ի դեպ, թե՛ Կանադայում և թե՛ եվրոպական պետություններում խիստ կանոնակարգված էր զենքի վաճառքը: Ու գնալով ավելի է խստացվում: Մի խոսքով, ինչ մեղքս թաքցնեմ, ինձ թվում էր, թե հեղափոխությունից հետո նույն իրավիճակն է հաստատվելու մեր երկրում: Բայց հետո եղավ «դուխով» վարչապետի կողմից դրդված պատերազմը, վերջինիս թաքնվելը բունկերում ու այդտեղից մարդկանց վրա հաթաթա տալը: Հետո էլ եղավ հայրենիքի զգացողությունից զուրկ ու կիսագրագետ զանգվածների կողմից «ջաքուջը» թափահարող Նիկոլի վերընտրությունն ու ոստիկանական «պեսպրեդելը»: Բնական է, որ Նիկոլի կոչով ասֆալտին փռելու գործողությունն ու պատին ծեփելու հրահանգը չէին կարող չվատթարացնել քրեածին իրավիճակը երկրում:
Որպես դրա արդյունք՝ պետք է ավելանար հանցագործությունների՝ հատկապես ծանր, քանակը: Ու մարդասպանությունը վերածվեր հարց լուծելու ոչ թե անընդունելի, այլ պրակտիկորեն ամենից ավելի տարածված եղանակի: Եվ դա այն հասարակությունում, որտեղ որպես արժեք էր դիտարկվում ամեն մի առանձին անհատի կյանքը: Էր դիտարկվում, քանի որ «մեծարգոյի» վարչապետության շնորհիվ բազմաթիվ բացասական փոփոխությունների հետ մեկտեղ տեղի ունեցավ նաև կյանքի արժեզրկումը: Ինչին նպաստեցին թե՛ կորոնավիրուսային համավարակը և թե՛ 44-օրյա պատերազմը: Եվ եթե առաջինն իշխանության ապաշնորհության պատճառով էր, երկրորդում դրան ավելացավ մարդկային մեծ կորուստներով պատերազմի միջոցով Արցախը թշնամուն հանձնելու մտադրությունը: Որպեսզի կյանքի կոչվեր 2018-ի հոկտեմբերին Երևան այցելած ԱՄՆ նախագահի Անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի խորհուրդը «կարծրատիպերից ազատվելու» վերաբերյալ:
Ի դեպ, «մեծարգոյի» վարչապետության անբարոյական հետևանքներից մեկն էլ ընդդիմության անպաշտպան վիճակն է: Արևմտյան իրական ժողովրդավարություններում ընդդիմության ներկայացուցիչները պաշտպանված են իրենց կարգավիճաով: Հայկական «ժողովրդավարության բաստիոնում» ընդդիմության ներկայացուցիչներն առաջնային հարված տակ են հենց իրենց կարգավիճակի պատճառով: Ինչին նպաստել են ընդդիմադիրների նկատմամբ ոստիկանական և խուլիգանական բռնություններն ու նույնիսկ սպանությունները: Իհարկե, դրանք՝ թեկուզ շատ ավելի պակաս չափով, առկա էին նաև նախկինների օրոք: Բայց 2018-ի գարնանը մարդիկ դուրս եկան փողոց հենց դրանք վերացնելու նպատակադրությամբ: Սակայն արդյունքում ստացան ավելի դաժան պատկեր, քան առաջներում էր: Հենց այս պրիզմայի ներքո պետք է դիտարկվի ընդդիմադիր քաղաքական գործիչ, Փարաքարի խոշորացված համայնքի ընտրված ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը: Ում հետ նույն ժամին ու նույն տեղում հայտնվելու անպատեհությունն է ունեցել նրա ընկերը՝ ոստիկան Կարեն Աբրահամյանը, ով ևս սպանվել է:
Իսկ այն հանգամանքը, որ Գրիգորյանը հակամարտության մեջ էր Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հետ… Եվ որ սպանության պատճառ կարող է լինել այս տարվա փետրվարին Ախտոյանի ազգականի սպանության համար վրեժ լուծելը… Այդ ամենը որևէ ձևով չի արժեզրկում երևույթի պատճառահետևանքային կապը. երիտասարդների սպանության (երրորդը վիրավոր է) իրական մեղավորը «մեծարգո վարչապետի» օրոք Հայաստանում հաստատված հակամարդկային մթնոլորտն է: Իսկ սպանություն կատարողն ընդամենը գործիք է դրա «ձեռքում»: Մթնոլոտի ճարտարապետն էլ, բնականաբար, «մեծարգոն» է: Եվ եթե պատասխանատվություն խնդիր է առաջանում, ապա դա չի կարող շրջանցել նման մթնոլորտ գեներացնողին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test