Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ի շուրջ 168.am 168.am

time
Ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ի շուրջ

Երկու ամիս առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հրամանով «ամենակարող» Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Այդ ընթացքում, թե ի՞նչ է արվել էներգամատակարարման հասանելիության բարելավման ու համակարգի հուսալիության բարձրացման ուղղությամբ, ինչի՞ պատրվակով իշխանությունները սկսեցին ՀԷՑ-ը խլելու գործընթացը, որ նախկինում չէր արվում, հայտնի չէ։

Նախկինում էլ կային հոսանքազրկումներ, հիմա էլ, նախկինում էլ լինում էին վթարներ, հիմա էլ, նախկինում էլ կային դժգոհություններ՝ հոսանքազրկումների հետ կապված, հիմա էլ։ Այդ ամենը հիմա գուցե ավելի շատ է, քան նախկինում։

Միակ բանը, որ փոխվել է, թերևս այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն այլևս այս ամենի մասին չեն խոսում։ Այլևս ՀԷՑ-ին չեն մեղադրում հոսանքազրկումների համար, չնայած աշխարհահռչակ ջութակահարի համերգի ժամանակ ֆիլհարմոնիկում կարող է 2 ժամ լույս չլինել, ու համերգն անցնի բացարձակ մթության մեջ։

Սա է կառավարության ժամանակավոր կառավարչի կառավարման որակը։

Անցած 2 ամսվա ընթացքում ՀԷՑ-ում այն է փոխվել, որ ժամանակավոր կառավարիչը, առանց հիմքերի, փոխել է ընկերության գրեթե ողջ ղեկավար անձնակազմը։ Պաշտոնների է նշանակել մարդկանց, որոնք բացարձակ կապ չունեն էներգետիկ համակարգի հետ. նրանք այդ պաշտոններով պարգևատրվել են բացառապես իրենց ՔՊ-ական լինելու համար ու ՀԷՑ-ի սեփականատիրոջ հաշվին բարձր աշխատավարձեր են ստանում։

Սեփականատիրոջ հաշվին բարձր աշխատավարձ է ստանում նաև ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը։

Հանրային տիրույթում առկա տեղեկատվության համաձայն՝ Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձը գերազանցում է 5 մլն դրամը։ Նախկինում նա կերազեր նման բարձր աշխատավարձ ստանալ։ Մինչև ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելը, որպես պետական վերահսկողության ծառայության ղեկավար, Ռոմանոս Պետրոսյանը ստանում էր ընդամենը 790 հազար դրամ աշխատավարձ՝ գրեթե 7 անգամ քիչ, քան ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի պաշտոնում ստանում է սեփականատիրոջ հաշվին։

Բարձր աշխատավարձն այն գինն է, որով Ռոմանաս Պետրոսյանը ստանձնել է ՀԷՑ-ը գործարար և բարերար Սամվել Կարապետյանից խլելու Նիկոլ Փաշինյանի սկսած ավանտյուրան ավարտին հասցնելու պարտավորությունը։ Այլ բան, թե դա նրան որքանո՞վ կհաջողվի։ Վերջին շրջանում ՀԷՑ-ի շուրջ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք չեն կարող չանհանգստացնել իշխանություններին։

Վերջապես Սահմանադրական դատարանը վարույթ ընդունեց դիմումը, որով վիճարկվում են ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով կատարված օրենսդրական փոփոխությունները։ Որքան էլ մեծ ակնկալիքներ չկան Նիկոլ Փաշինյանի իշխանության կամակատարը դարձած այս կառույցից, այնուհանդերձ այն հիմքը, որի վրա կառուցվեց ժամանակավոր կառավարման շինծու մոդելը, մազից է կախված։ Եթե ՍԴ-ն արձանագրի հակասահմանադրականություն, այս ամբողջ գործընթացը միանգամից փլվելու է։

Իր հերթին՝ ՀԷՑ-ի նախկին ղեկավարությունն է դիմել դատարան՝ մեղադրելով ՀԾԿՀ նախագահին, որ չարաշահել է իր պաշտոնական դիրքը և չի կատարել միջազգային արբիտրաժի պարտադիր կատարման ենթակա որոշումը։

Խոսքը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի վճռի մասին է, որի չկատարումը ոչ միայն իրավական խայտառակություն է, այլև ուղիղ հարված Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Ինչպե՞ս կարող է որևէ ներդրող վստահել մի երկրի, որտեղ միջազգային պարտավորությունները չեն հարգվում։

Սա ուղերձ է այն մասին, որ Հայաստանում ներդրումները, անգամ խոշոր ներդրումները պաշտպանված չեն։

Ներդրումները չեն պաշտպանվում, բայց ուզում են, որ ՀԷՑ-ի սեփականատերը շարունակի ներդրումներ կատարել մի ընկերությունում, որն իշխանության լծակներն օգտագործելով՝ փորձում են խլել սեփականատիրոջից։

ՀԷՑ-ն ունի ներդրումային պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն սեփականատիրոջ միջոցներով կամ նրա ներգրաված ներդրումներով։ Բայց այսօր իշխանությունները ստեղծել են մի այնպիսի անհեթեթ իրավիճակ, որ ներդրումային գումարները պետք է տրամադրի սեփականատերը, իսկ ներդրումներն իրականացնի նրա փոխարեն իշխանությունների կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչը։ Ոչ մեկը չի ուզում պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ պիտի սեփականատերը վստահի իր միջոցները կառավարության բերած ինչ-որ պաշտոնյայի, որի լիազորությունները ժամանակավոր են, իսկ պատասխանատվությունը՝ զրոյական։ Ո՞ր խելամիտ գործարարը կներդնի իր միջոցները մի տեղ, որտեղ երաշխիք չկա, որ այդ գումարները կծառայեն իրենց նպատակին։

Սա աբսուրդային իրավիճակ է, որի մեջ, իրենց քաղաքական շահերից ելնելով՝ ներքաշել են էներգետիկ համակարգի այնպիսի կարևոր օղակի, ինչպիսին ՀԷՑ-ն է։ Զարմանալի չէ, որ օրերս միջազգային վարկանշային հայտնի ընկերություններից մեկը՝ Moody’s-ը, իջեցրեց ՀԷՑ-ի վարկանիշը։ Կանխատեսումը «կայունից» փոխեց «բացասականի»։

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու մտադրությունների մասին, իսկ ընկերության սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, հայտնի գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը, նրա ուղիղ հրահանգով, ձերբակալվեց, այսօր էլ շարունակում է պահվել կալանքի տակ։

«Վարկանիշի իջեցումն արտացոլում է ընկերության պետական ազդեցության և կարգավորող ռիսկերի նկատմամբ աճող խոցելիությունը՝ 2025 թվականի հուլիսին օրենսդրական փոփոխությունների ընդունման արդյունքում, որոնք թույլ են տալիս կառավարությանը ազգայնացնել ընկերությունը, իսկ կարգավորող մարմնին՝ որոշակի դեպքերում նախաձեռնել որոշակի վարչարարական վարույթներ»,- ասվում է Moody’s-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ՀԷՑ-ին տրված «բացասական» կանխատեսումն արտացոլում է կարգավորող և գործարար միջավայրի զարգացման շուրջ պահպանվող անորոշությունը, ներառյալ՝ ընկերության պոտենցիալ ազգայնացումը, ինչպես նաև վերջին իրադարձությունների ազդեցությունը ՀԷՑ-ի կառավարման, գործունեության, ներդրումային ծրագրի, ֆինանսական քաղաքականության, վարկային ցուցանիշների, իրացվելության և միջազգային ֆինանսավորման հասանելիության վրա։

Սա խիստ ահազանգ է, որը հնչեցնում է աշխարհում հայտնի միջազգային վարկանշային գործակալությունը։ Բաց տեքստով ասվում է, որ իշխանությունների ուղղակի միջամտության հետևանքով Հայաստանի էներգետիկ համակարգը կորցնում է վստահությունը, ռիսկերն աճում են։

Վարկանիշի այս իջեցումն ուղիղ կապ ունի ՀԷՑ-ի շուրջ սկսված պրոցեսների, անորոշության, օրենսդրական հրատապ նախաձեռնությունների և սեփականատիրոջ իրավունքների բացահայտ ոտնահարման հետ։ Փաստացի ունենք մի իրավիճակ, որ սեփականատիրոջից խլել են ՀԷՑ-ի կառավարման լծակները, խախտել են միջազգային պարտավորությունները, վանել ներդրողներին, համակարգը ներքաշել դատական գործընթացների, անորոշության ու քաոսի մեջ։

Սա իշխանության հերթական կազմակերպված դավադրությունն է, որի գինը բոլորս ենք վճարելու՝ անկախ նրանից, թե այս ամենն ինչով կավարտվի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test