Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մեզ հնարավոր չէ շեղել ճանապարհից, որովհետեւ մենք չգիտենք, թե ուր ենք գնում hraparak.am hraparak.am

time
Մեզ հնարավոր չէ շեղել ճանապարհից, որովհետեւ մենք չգիտենք, թե ուր ենք գնում

Հայաստանի իշխանությունը աշխարհաքաղաքական շպագատ է իջել. վարչապետի պաշտոնում աշխատող Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գնացել է Մոսկվա: Իսկ նրա մոտ ԱԳ նախարար աշխատող Արարատ Միրզոյանը, հաշվի չառնելով, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկիր չէ, ԱՄՆ-ում մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ կազմակերպված Տրանսատլանտյան ընթրիքին: Մի ոտքով՝ արեւելք, մյուս ոտքով` արեւմուտք: Ի՞նչ վատ բան կա դրանում՝ կասեք դուք. եթե ստացվում է, եթե կարողանում են երկու կողմի հետ էլ լավ հարաբերություններ պահպանել, երկու կողմի հետ ունեցած հարաբերություններից էլ օգտվել, նման քաղաքականությունը կարելի է միայն ողջունել: Դրա հետ կարելի կլիներ համաձայնել, եթե նման ճողված քաղաքականությունն իսկապես օգուտ տար երկրին եւ հասարակությանը, մինչդեռ նման քաղաքականության միակ իմաստը սեփական իշխանությունը պահելն է, բոլոր կողմերին ցույց տալն ու համոզելը, որ Փաշինյանը պատրաստ է կատարել բոլոր կողմերի պահանջները, միայն թե իրեն, իր իշխանությանը ձեռք չտան:

Փաշինյանը Մոսկվա է գնացել՝ մասնակցելու «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովին: Հայաստանն ատոմային էլեկտրակայան ունի, որը կառուցվել է Խորհրդային Միության տարիներին եւ շահագործվում է Ռուսաստանի «Ռոսատոմ» կորպորացիայի հետ համագործակցության արդյունքում: Գործող ատոմակայանի շահագործման ժամկետը մի քանի անգամ երկարացվել է, վերջնական կոնսերվացիան նախատեսվում է 2036 թվականին: Ենթադրվում է, որ դրանից առաջ Հայաստանում նոր ատոմակայան պետք է կառուցվի, որը պետք է փոխարինի գործողին: Սկզբում Փաշինյանը ձեւեր էր թափում, թե պատրաստվում է կառուցել փոքր հզորության ռեակտորներ, իբրեւ թե ԱՄՆ-ն նման նախագիծ է առաջարկում, որ Հայաստանն էներգետիկ անկախություն ստանա Ռուսաստանից: Հայաստանում անցյալ տարի ինչ-որ պետական հիմնարկ ստեղծեցին, որը պետք է որոշի, թե ինչպիսի ատոմակայան է պետք Հայաստանին կամ` որ երկրի հետ պետք է այդ ատոմակայանը կառուցվի: Բայց այստեղ են ասել` թող ԱՄՆ-ն էներգետիկ, ատոմային անկախություն ձեռք բերի Ռուսաստանից, նոր նման բան առաջարկի Հայաստանին: Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ ատոմային վառելիք` հարստացված ուրան է գնում Ռուսաստանից, մի պահ ուզում էին Ռուսաստանին պատժելու համար ատոմային վառելիքի ներմուծման արգելք սահմանել, բայց հասկացան, որ դրանով իրենց ավելի շատ պատժած կլինեն: ԱՄՆ-ի էներգետիկայի 20 տոկոսն արտադրվում է ատոմային էլեկտրակայանների կողմից. Հայաստանի ատոմակայանն արտադրում է մեր սպառած էլեկտրաէներգիայի 40 տոկոսը, մեր կախվածությունն ատոմակայանից ավելի մեծ է:

Փաշինյանը պատրաստվում է մեկնել ատոմային էներգետիկային նվիրված միջազգային միջոցառման ու դրանից առաջ մի տգետագույն հայտարարություն է անում. կառավարության նիստի ժամանակ ասում է, թե վերջին մի քանի տարիներին Հայաստանում երկու ատոմակայան է կառուցվել: Իբրեւ թե դա ասում է փոխաբերական իմաստով` նկատի ունենալով, որ կառուցված արեւային ֆոտովոլտային կայանների հզորությունը երկու անգամ գերազանցում է ատոմակայանի հզորությանը: Նման բան ասելու համար նախ կատարյալ տգետ պետք է լինել` մեկ, եւ երկրորդ` պետք է շրջապատված լինես բացարձակ տգետներով ու վախկոտ նապաստակներով, որ որեւէ մեկը չասի, թե չի կարելի նման հիմարագույն համեմատություն անել, որ արեւային կայաններն էլեկտրաէներգա են արտադրում միայն ցերեկային ժամերին, երբ կա լուսավորություն, դրանց արտադրած էլեկտրաէներգիան կայուն չէ` առավոտյան մի քանակ են արտադրում, ցերեկային ժամերին` մեկ այլ, երեկոյան` լրիվ ուրիշ, գիշերը` ընդհանրապես, ամպամած օրերին չեն արտադրում, աշնանը, ձմռանը արտադրում են շատ քիչ: Իսկ ատոմակայանի համար գիշեր-ցերեկ, ամառ-ձմեռ չկա, ոնց 1980 թվականին էր արտադրում, այնպես էլ դրանից 45 տարի հետո՝ 2025 թվականին, մինչդեռ արեւային կայանների դրվածքային հզորությունը տարեցտարի նվազում է: Բայց ո՞վ ասի, կամ ո՞ւմ ասեն, երբ այդ մարդն ամեն ինչ գիտի, իսկ իրականում բացարձակ ոչինչ չգիտի, իսկ շրջապատում էլ ստրուկներ են:

Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես է վարվում որեւէ երկիր, որն իսկապես ուզում է ատոմային էներգետիկա զարգացնել` տեսեք, թե ինչ է անում Իրանը: Այդ երկրի Ատոմային էներգետիկայի զարգացման գործակալության ղեկավար Մոհոմադ Էսլամին, որը երկրի փոխնախագահն է, հինգ օր առաջ հայտարարեց, որ մտադիր են Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել՝ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու մասին: Այդ համաձայնագրերը ստորագրվելու են «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորհրդաժողովի շրջանակներում: Երկիրն ուզում է իր տարածքում ատոմային էներգաբլոկներ կառուցել, իրական գործողություններ է իրականացնում՝ դրանք կառուցելու համար, որովհետեւ ունի ինքնիշխանություն` որոշում կայացնելու իրավազորություն: Մարդիկ միջազգային համաժողով են գնում ոչ թե գնալու համար, այլ` կոնկրետ խնդիր լուծելու:

Փաշինյանի իշխանությունը զրկված է որոշում կայացնելու իրավազորությունից. նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու համար պետք է ԱՄՆ-ի թույլտվությունը, պետք է Թուրքիայի եւ Ադրբեջանի թույլտվությունը, իսկ այդ երկրները երբեք Հայաստանին նոր ատոմակայան կառուցելու թույլտվություն չեն տա, այն էլ՝ Ռուսաստանի մասնակցությամբ: Այ, այդ թեմայով դատարկ խոսել կամ ատոմային էներգետիկային նվիրված համաժողովների մասնակցելու թույլտվություն դեռեւս տալիս են: Դրանից Հայաստանը որեւէ իրական օգուտ չունի, բայց Փաշինյանը դրանով իր լոյալությունն է ցույց տալիս Ռուսաստանի իշխանություններին՝ դա փորձելով փոխանակել իր իշխանության նկատմամբ Ռուսաստանի լոյալությամբ: Եթե այս ամենը տեղի չունենար մեր երկրի եւ մեզ հետ, գուցե այդքան խորությամբ չընկալեինք դրա ողջ ողբերգականությունը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test