Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Արցախցիների վերադարձի իրավունքը չի կարող պայմանավորված լինել որեւէ վարչապետի անձնական ընկալմամբ, այդ իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներով» aravot.am aravot.am

time
«Արցախցիների վերադարձի իրավունքը չի կարող պայմանավորված լինել որեւէ վարչապետի անձնական ընկալմամբ, այդ իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներով»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել են խորհրդարանական լսումներ: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր ելույթում ասաց, որ արդեն երկու տարի է անցել այն արհավիրքից, երբ Արցախի ավելի քան 120 հազար բնակիչ ենթարկվեց պլանավորված էթնիկ զտման եւ բռնի տեղահանվեց իր պատմական հայրենիքից։ Սակայն նույնքան վտանգավոր եւ ողբերգական է այն, ինչ կատարվեց դրանից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության մակարդակով եւ ներկայումս շարունակվում է։ Այսօր ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն չի իրականացնում որեւէ նպատակային քաղաքականություն արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ, այլ նաեւ բացահայտորեն փորձում է փակել Արցախի հարցը՝ հայտարարելով, որ այն լուծված է։

«Սա կատարյալ անարգանք է ոչ միայն արցախահայության միջազգային անքակտելի իրավունքի նկատմամբ, այլ նաեւ Հայաստանի՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի կարգավիճակի նկատմամբ։ Այսօր միջազգային հարթակներում երբեւէ բարձրացվե՞լ է արցախահայության վերադարձի օրակարգը՝ որպես իրավական պահանջ։ Արդյոք ՀՀ ղեկավարությանը երբեւէ պահանջե՞լ է միջազգային դիտորդների, երաշխավորների մուտք Արցախի տարածք, որպեսզի ապահովվեն հնարավոր վերադարձի իրավական եւ անվտանգ հիմքերը։ Ոչ, չի արվել։ Եվ չանելու պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար Արցախն այլեւս գոյություն չունի՝ ոչ տարածքային, ոչ քաղաքական, ոչ նույնիսկ մարդասիրական տեսանկյունից։ Երբ պետության ղեկավարը լեգիտիմացնում է էթնիկ զտումը իր հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ, դա այլեւս պարզապես սխալ չէ, դա հանցավոր ոտնձգություն է ազգի իրավունքների նկատմամբ»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ ՀՀ գործող իշխանությունը հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, ոչ միայն լուռ հետեւել է արցախցիների բռնի տեղահանմանը, այլ նաեւ հետեւողականորեն խեղաթյուրել է իրականությունը, ոչնչացրել է բանակցային ողջ ժառանգությունը։ Իսկ այժմ փորձում է պատմության էջից ջնջել Արցախը՝ որպես ազգային քաղաքական միավոր։

«Սակայն Արցախը չի մոռացվելու, արցախահայության վերադարձի իրավունքը չի կարող պայմանավորված լինել որեւէ վարչապետի անձնական ընկալմամբ կամ քաղաքական հարմարավետությամբ։ Այդ իրավունքը երաշախվորված է միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներով, մարդուն իր բնակության վայր վերադարձնելու իրավունքով, էթնիկ զտումների արգելքով, ինքնորոշման իրավունքով եւ սեփական հայրենիքում անվտանգ եւ արժանապատվորեն ապրելու իրավունքով։ Այսօր բռնի տեղահանված արցախահայությունը ոչ միայն զրկված է հայրենիքից, այլ նաեւ սոցիալապես լքված է, իրավաբանորեն անորոշ վիճակում է՝ առանց պետության կողմից առաջարկվող հեռանկարի։ Եթե պատերազմը կարելի էր վերագրել արտաքին ագրեսիային, ապա այս ամենից հետո տեղահանված մարդկանց հանդեպ անտարբերության եւ համակարգային անգործության մթնոլորտն արդեն ներքին քաղաքական հանցանք է։ Այս պահին ավելի քան 160 հազար բռնի տեղահանված արցախցի մերժված եւ մոռացված են։ Նրանց ճնշող մեծամասնությունը չունի կայուն ապրուստի միջոց, մնում է ժամանակավոր կացարաններում, շատերը գոյության կռիվ են տալիս։ Սոցիալական աջակցության մեխանիզմները ոչ միայն թերի են, բյուրոկրատիկ, խեղաթյուրված եւ արժանապատվությունը նվաստացնող, այլեւ հանդիսանում են արցախցիների նկատմամբ Հայաստանից արտագաղթի ծրագրի մաս։ Աշխատանքի եւ կրության հնարավորությունը գրեթե բացակայում է։ Մարդիկ, ովքեր Արցախում եղել են պետական ծառայողներ, մասնագետներ, այսօր աշխատաշուկայում անպաշտպան են, չունեն նույն իրավաբանական կարգավիճակը, եւ իրենց ամբողջ կենսագրությունը կարծես ջնջվել է։ Իրավական առումով արցախցիներն այսօր կախվածության մեջ են մի համակարգից, որը նրանց չի ճանաչում որպես ամբողջակաան քաղաքացիներ՝ իրենց պատմությամբ, տարածքով ու անցած ճանապարհով։ Նրանք այլեւս ոչ Արցախում են, ոչ էլ ամբողջությամբ Հայաստանում։ Այս իրավական անորոշությունը մարդկանց դարձրել է ստվերային, գոյատեւող խավ՝ առանց ապագայի հստակ տեսլականի։ Այս ամենը պետական հանցավոր քաղաքականության հետեւանք է»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նա նշեց, որ հասել ենք մի կետի, երբ այլեւս չենք կարող սպասել, Հայաստանի կառավարություը չի պաշտապանում արցախցիներին, այլ փորձում է մոռացության մատնել նրանց գոյությունը՝ փակելով Արցախի էջը։ «Մենք՝ Արցախի Ազգային ժողովի պատգամավորները, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը եւ արցախյան բազմաթիվ կառույցներ պայքարում ենք Արցախի հարցը չփակելու, նրա պետական ինստիտուտները պահպանելու, ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Բայց ցավոք ներկայիս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ջլատում են մեր ջանքերը, ճնշում են արցախյան կառույցներին, խոչընդոտում են նրանց գործունեությունը՝ խորացնելով ճգնաժամը եւ վտանգելով մեր ապագան։ Հայաստանն ու Արցախն այլեւս հնարավորություն չունեն սպասելու, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը ոչ միայն բերելու է նոր կորուստներ, այլ նաեւ անհնար է դարձնելու հետ բերել կորցրածը։ Եվ եթե այս ամենը բավարար չէ կառավարության հրաժարականի հիմք հանդիսանալու համար, ապա ի՞նչն է բավարար լինելու։ Պետք փաստել՝ այս քաղաքական ղեկավարությունն այլեւս չունի մեր ժողովրդի վստահությունը եւ իրավունք չունի ղեկավարելու պետությունը, որը կանգնած է իր գոյության ճակատագրական մարտահրավերների առջեւ։ Ուստի՝ այսօր հայկական օրակարգում պետք է լինի մեկ հարց՝ կանգնեցնել շարունակվող անկումը եւ վերականգնել վստահությունը պետության, նրա ապագայի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը պետք է լինի հայկական օրակարգի առաջնահերթ հարցը»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test