ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել են խորհրդարանական լսումներ: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
«Արցախի ժողովրդի շրջանում աղքատությունն ավելի քան 80 տոկոս է, այն դեպքում, երբ ՀՀ-ում միջին աղքատությունը շուրջ 23 տոկոս է։ Եվ գնալով խորանում է այդ աղքատության ցուցանիշը, քանի որ մեր ժողովուրդը շարունակում է վարձով ապրել։ Ամռանը մենք ունեցել ենք արտագաղթի լրացուցիչ ալիք, որովհետեւ մարդիկ ցանկանում են արժանապատիվ ու կայուն կեցությամբ ապրել մայր Հայաստանում, բայց չեն կարողանում։ Եվ արտագաղթը գնալով մեծանալու է արցախցիների շրջանում»,- իր ելույթում ասաց Արցախ միության նախագահ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, կառվարության՝ արցախցիների համար նախատեսված երկու առանցքային ծրագրերը ձախողվել են, խոսքը բնակապահովման եւ զբաղվածության ծրագրերի մասին է։ Ըստ Բեգլարյանի՝ բնակապահովման ծրագիրն ընդունվել է զրո ներառականության պայմաններում։ «Ընդունեցին, 7-8 ամիս շարունակ տեսան, որ ոչ ոք չի դիմում, մարդիկ չէին էլ կարողանում ընթացակարգային առումով դիմել, ստանալ վկայականը։ Ստիպված որոշ տեխնիկական բարելավումներ արեցին, հետո մենք սկսեցինք փողոց դուրս գալ, բողոքել, կիսատ-պռատ մեզ հետ ձեւական սկսեցին բանակցել, պայմաններ թելադրել, հետո մարել փողոցային պայքարը։ Բայց մեր առաջարկությունների մեծամասնությունը չընդունեցին, արդյունքում՝ 1,5 տարի անց բնակարանային ծրագրից օգտվել է, եթե չեմ սխալվում, 500-600 ընտանիք, այն դեպքում, երբ շահառուների թիվը 25-30 հազար է»,- ասաց նա։
Արտակ Բեգլարյանը նշեց, որ հենց այս իշխանությունների քաղաքականության պատճառով ենք Արցախը ժամանակավոր կորցրել։ Նա ասաց, որ Արցախի ժողովուրդը ՀՀ գործող իշխանությունների կողմից չի ընդունվում որպես հավաքական միավոր, որպես ժողովուրդ, նույնիսկ անհատական առումով մարդիկ, որոնք իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենի տուն, իրենց հողեր։ Եվ սա ՀՀ իշխանությունները ներկայացնում են որպես սպառնալիք ՀՀ ազգային անվտանգությանը։ Այն դեպքում, երբ ՀՀ-ն ներպետական օրենսդրությամբ, միջազգային դատական ակտերով, նույնիսկ գործող կառավարության գործող ծրագրով հստակորեն պարտավորություն է ստանձնել Արցախի ժողովրդի քաղաքական իրավունքների համար։ «Էլ չասեմ՝ ինքնորոշման իրավունք, էլ չասեմ՝ Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա կամ Արցախի Հանրապետության ճանաչում՝ «Ճանաչում՝ հանուն փրկության» սկզբունքի հիման վրա։ Բայց գոնե վերադարձի իրավունքը, գոնե անհատական մակարդակով նրանք ժխտում են։ Դա այն դեպքում, երբ հենց իրենց դիմումի հիման վրա աշխարհի ամենաբարձր դատարանը՝ Արդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ Արցախի տեղահանված ժողովուրդն ունի վերադարձի իրավունք։ Հետեւաբար, ՀՀ-ն հենց այդ դիմումով ստանձնել է լրացուցիչ միջազգային պարտավորություն՝ հետամուտ լինելու մեր վերադարձի իրավունքի իրացմանը։ Բացի դրանից, ՀՀ-ն՝ որպես փախստականներին ընդունող պետություն, պարտավոր է բոլոր քայլերը կատարել նույն փախստականների վերադարձն ապահովելու համար։ Փոխանակ ինքն Ադրբեջանի հետ բանակցի, պայմաններ թելադրի, որ մենք վերադառնանք մեր հայրենիք, եւ միջազգային երաշխիքներ ապահովի, դրա փոխարեն ուղղակի ստորագրում է համաձանագիր, որի մեջ որեւէ խոսք չկա ոչ բռնի տեղահանման մասին, ոչ իրենց տերմիններով ասած էթնիկ զտման մասին, ոչ էլ մեր վերադարձի մասին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում.
Արտակ Բեգլարյանն անդրադարձավ նաեւ արցախցիների հասցեին հնչող ատելության խոսքին, ասաց, որ երբ արցախցիներն իրենց ձայնը բարձրացնում են, ատելության տարափ է սկսվում նրանց դեմ․ «Հենց այս ելույթից հետո կտեսնեք, թե իմ դեմ ինչ արշավ են սկսում։ Բայց խնդիրն այն է, որ երբ մենք ՀՀ օրենսդրությամբ դիմում ենք դատախազությանը, քննչական մարմնին եւ պատշաճ հաղորդում ենք տալիս հանցագործության մասին, ոչ մի հանցագործության հիմքով վարույթ չի սկսվում, բայց երբ իրենց է վերաբերում ատելության խոսքը, լավ էլ գործերը կարում են»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test