ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 25-ին Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ կայացած դատական նիստում քննվեց նախկին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի և նախկին քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Կարեն Դավթյանի գործը (թիվ՝ ՀԿԴ/0256/01/23): Ինչպես հաղորդում է Iravaban.net-ը հակակոռուպցիոն դատարանից, գործով դատական նիստը, որը մեկնարկեց կես ժամ ուշացումով, հետաձգվեց, քանի որ դատարան չէին ներկայացել վկաները: Նախատեսված էր հարցաքննել ՀՀ նոտարական պալատի նոտար Նունե Սարգսյանին և մյուս վկային՝ Գագիկ Պետրոսյանին:
Դատարանը տեղեկացրեց, որ նոտարական պալատի նոտար Նունե Սարգսյանը ծանուցում էր ուղարկել իր արձակուրդի մեջ գտնվելու վերաբերյալ: Ինչ վերաբերում էր երկրորդ վկա Գագիկ Պետրոսյանին, նրա հարցով արդեն իսկ կայացվել էր հարկադրաբար դատարան ներկայացնելու մասին որոշում, սակայն այն չէր կատարվել:
Նիստի ընթացքում հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանն առաջարկեց նոտար Նունե Սարգսյանին կրկին ծանուցել, այն պատճառաբանությամբ, որ «ըստ էության արձակուրդում գտվելը կարծես թե ավելի աշխատանքային առումով ազատ ժամանակ է»: Դատարանը որոշեց վկային ևս մեկ անգամ ծանուցել՝ չարձանագրելով, որ վերջինս իր պարտականությունները կատարելուց չարամտորեն էր խուսափում:
Երվանդ Զախարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), իսկ Կարեն Դավթյանին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելը):
Համաձայն մեղադրանքի՝ Երվանդ Զախարյանը 2004թ. հունվարի 16-ին, առանց համապատասխան իրավական հիմքերի, որոշում էր կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին օտարել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ հողամասը (նախկին երիտասարդական պալատի շենքի տարածքը):
Գործով առկա է մոտ 750 միլիոն ՀՀ դրամի գույքային հայց: 2024թ. մայիսի 24-ի դատական նիստի ընթացքում դատարանը «Բացակայելու արգելքին» համակցված որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել էր գրավը՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով:
Նշենք, որ գործը մեկնարկել է 2023թ. նոյեմբերի 15-ին, և մինչ այժմ կայացել է 10 հիմնական դատալսում, իսկ 4-ը հետաձգվել են տարբեր պատճառներով (պաշտպանի վատառողջություն, արձակուրդ, աշխատանքային ծանրաբեռնվածություն, որակավորման քննություններ, վկաների ծանուցված չլինելու պատճառներով):
Հաջորդ նիստին նախատեսվում է, որ գործով վկաները, այդ թվում նոտար Նունե Սարգսյանը, կհարցաքննվեն:
Մանրամասները՝ դատական նիստի ձայնագրությունում։
Նոտար Նունե Սարգսյանի լուսանկարը՝ ՀՀ նոտարական պալատի կայքից։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test