Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պետություն՝ տարածաշրջանի իսլամադավան ժողովրդի համար. հետաքրքիր փաստեր ՀՀ հետ հարաբերություններ հաստատած Պակիստանի մասին aravot.am aravot.am

time
Պետություն՝ տարածաշրջանի իսլամադավան ժողովրդի համար. հետաքրքիր փաստեր ՀՀ հետ հարաբերություններ հաստատած Պակիստանի մասին

Հայաստանի նկատմամբ տասնամյակներ շարունակ թշնամաբար տրամադրված, Ադրբեջանից եւ Թուրքիայից «ավելի ադրբեջանամետ եւ թուրքամետ» Պակիստանի հետ հարաբերությունների հաստատումը այդ երկրի ուսումնասիրության առիթ է ստեղծել։

Համատեքստ

Օգոստոսի 29-ի հեռախոսազրույցից երկու օր անց Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Պակիստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Մոհամմադ Իսհաք Դարը ստորագրեցին համատեղ կոմյունիկե՝ ՀՀ-ի եւ Իսլամական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։

ԱԳՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Իսլամաբադն այդպիսով նաեւ ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը։ Մինչ դա Պակիստանն աշխարհի միակ պետությունն էր, որը համառորեն չէր ճանաչում ՀՀ անկախությունը։

Բնակչությամբ խոշորագույն հինգերորդ պետությունն աշխարհում

Պակիստանը, պաշտոնապես՝ Պակիստանի Իսլամական Հանրապետությունը, չորս նահանգից բաղկացած դաշնային պետություն է։ Տարածքի ընդհանուր մակերեսը 803,940 քկմ է, բայց տարբեր աղբյուրներ 800 հզր քկմ-ի շրջանում տարբեր թվեր են ներկայացնում։

Պակիստանյան եւ հնդկական պետությունների հիմնումից՝ 1947-ից ի վեր երկու երկրները հակամարտում են Ջամմու եւ Քաշմիրի նահանգների շուրջ: Հակամարտությունում ներգրավված է նաեւ Չինաստանն, ինչը լրացուցիչ բարդություն է հաղորդում 80-ամյա կոնֆլիկտի հանգուցալուծմանը։

Պակիստանի մշտական բնակչության թիվը 2024-ին 251 մլն 300 հազար մարդ էր։ Բնակչության մեծության թվով Պակիստանը եզրափակում է խոշորագույն հնգյակը՝ Հնդկաստանից, Չինաստանից, Միացյալ Նահանգներից եւ Ինդոնեզիայից հետո։

Պետական լեզուն ազգային ուրդու լեզուն է, ինչպես նաեւ անգլերենը։ Իսլամը Սահմանադրությամբ ամրագրված է որպես պետական կրոն, սակայն կրոնի ազատությունը նույնպես սահմանադրական երաշխիք է։ Պակիստանի բնակչության 90%-ից ավելին իսլամի՝ գերակշիռ մասը՝ սուննի իսլամի, հետեւորդ է։ Բնակչության թվով երկրի տասներորդ հորիզոնականում Իսլամաբադ քաղաքը՝ կառուցված 1960-ականներին, երկրի մայրաքաղաքն է։ Խոշորագույն քաղաքը Կարաչին է, որին հաջորդում են Լահորը եւ Ֆայսալաբադը։

Իսլամաբադի ժամային գոտին մեկ ժամ առաջ է երեւանյան ժամային գոտուց։

Պակիստանի պետությունը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի կողմից Հնդկաստանին անկախության շնորհման շրջանակներում՝ որպես երկրի իսլամադավան ժողովրդի հայրենիք։ Երկրի արեւելան հատվածում բնակվող բենգալյան ժողովրդի նկատմամբ պակիստանյան կառավարության իրականացրած էթնիկ բռնությունների եւ ցեղասպանության արդյունքում 1971 թվականին, հնդիկների ռազմական սատարմամբ, բենգալները պոկվեցին Պակիստանից եւ հիմնադրեցին Բանգլադեշ պետությունը։

Ի դեպ, Պակիստանում մեքենաները վարում են ճանապարհի ձախ կողմում, ինչպես Մեծ Բրիտանիայում է:

Իսլամադավան լինելը՝ վարչապետ ընտրվելու նախապայման

Պակիստանը խորհրդարանական հանրապետություն է։ Պառլամենտը երկպալատ է՝ բաղկացած Սենատից եւ Ազգային ժողովից։

Գործադիր մարմինը նախարարական կաբինետն է, որը գլխավորում է վարչապետը։ Վարչապետը Ազգային ժողովի պատգամավոր է եւ պաշտոնավարելու համար պետք է վայելի ԱԺ մեծամասնության վստահությունը։

2024-ի սկզբին անցկացված ընդհանուր ընտրություններից հետո՝ մարտի չորսից, վարչապետի պաշտոնում Շեհբազ Շարիֆն է։ Նախկինում նա որպես վարչապետ պաշտոնավարել էր 2022-2023 թվականներին, երբ Պառլամենտը վարչապետ Իմրան Խանին անվստահություն հայտնեց՝ նրան փոխարինելով 2018-ից ընդդիմության ղեկավար Շարիֆի հետ։

Պետության գլուխը նախագահն է։ Նրան ընտրում է ընտրիչների կոլեգիան

2024 թվականի մարտի 10-ից երկրի արարողակարգային ղեկավարի պաշտոնում Ասիֆ Ալի Զարդարին է։ Նա երկրի առաջին նախագահն է, որը ոչ անընդմեջ երկրորդ անգամ է նախագահ ընտրվել։ Զարդարիի առաջին պաշտոնավարումը 2008-2013 թթ. է տեղի ունեցել։

Իսլամադավան լինելը վարչապետ եւ նախագահ ընտրվելու նախապայման է։

Պակիստանի Բարձր դատարանը Գերագույն դատարանն է։ Այն քննում է օրենքների սահմանադրականությունը։ Գործում է նաեւ Շարիաթի դաշնային դատարան, որը քննում է օրենքների համապատասխանությունը Սուրբ Ղուրանին եւ իսլամի սկզբունքներին։

Մնացյալ դատարանները եռաստիճան են։

Պակիստան-Ադրբեջան. անբեկ եղբայրություն

90-ականներից մինչ նախորդ ամիս դիվանագիտական հարաբերությունների կնքումը Պակիստանն աչքի է ընկել իր ընդգծված հակահայկական կեցվածքով՝ անպաճույճ քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին Արցախի եւ Հայաստանի դեմ իր պատերազմներում։

Մայիսի 28-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Պակիստանի վարչապետ Շարիֆի մասնակցությամբ Լաչինի միջազգային օդանավակայանի բացման միջոցառմանը Ադրբեջանի նախագահ Ալիեւը երախտիքի խոսքեր էր ձոնել թուրք եւ պակիստանցի առաջնորդների հասցեին՝ Ղարաբաղի գրավման ագրեսիայում Բաքվին սատար կանգնելու համար։

«Շատ խորհրդանշական է, որ մենք միասին ենք այս տարածաշրջանում, Լաչին քաղաքում, որը 30 տարի գտնվում էր օկուպացիայի տակ։ Որովհետեւ 44-օրյա Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Թուրքիան եւ Պակիստանը աջակցել են մեզ։ Թուրքիայի եւ Պակիստանի աջակցությունը ոգեշնչել է մեզ, լրացուցիչ ուժ տվել։ Մենք միշտ շնորհակալ ենք եղբայրական երկրների եւ ժողովուրդների ղեկավարներին այս մեծ քաղաքական եւ բարոյական աջակցության համար»,-հայտարարել էր Իլհամ Ալիեւը։

Երեք երկրները միասին կամ երկկողմ ձեւաչափում հաճախ զորավարժություններ են անցկացնում:

Ավանդաբար, Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակին հակազդել է Երեւանի եւ Նյու Դելիի ջերմությունը, որին վերջին տարիներին հաղորդվել է նաեւ ռազմական բաղադրիչ։

Հարաբերությունների հաստատման մասին լուրի տարածման հաջորդ օրն իսկ մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ Իսլամաբադն արգելափակել է Հայաստանի անդամությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Տեղեկությունը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ռուսական TACC գործակալության հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ «այս փուլում չեն մանրամասնի գործընթացը»։

Պակիստանը՝ միջուկային տերություն

Պակիստանը միջուկային տերություն է եւ չի միացել Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրին։ Մարտագլխիկների քանակի մասին տեղեկությունները տատանվում են 120-ից 170-ի շրջանում։

Այս պետությունն ամենաանվտանգներից չէ: Իսլամական ահաբեկչական կազմակերպություններն, ինչպիսին է «Իսլամական պետություն» խմբավորումը, այստեղ շարունակում են գործել:

«Իսլամիստ վարձկանները պետության դեմ իրականացրել են ահաբեկչական արշավներ։ Նրանք որոշակի պարբերականությամբ հարձակումներ են գործում կրոնական փոքրամասնությունների եւ որպես հակառակորդ ընկալվող այլ խմբերի դեմ»,- ընթացիկ տարում գրել է Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը։

Չմոռանանք նաեւ, որ Ամերիկայի դեմ սեպտեմբերտասնմեկյան ահաբեկչությունից հետո դրա գլխավոր կազմակերպիչ, Ալ-Կաիդա ջիհադիստ խմբավորման պարագլուխ Ուսումա բեն Լադենը գրեթե 10 տարի թաքնվել էր Պակիստանի Իսլամական Հանրապետությունում։ Ամերիկյան ուժերի կողմից 2011 թվականին նրա հայտնաբերումն ու ոչնչացումը տեղի ունեցավ հենց Պակիստանում։

Ծայրահեղ աղքատությունն աճում է

Պակիստանի ազգային արժույթը պակիստանյան ռուփին է: Մեկ ամերիկյան դոլարը սեպտեմբերի 24-ի դրությամբ փոխանակվում է 283.57 պակիստանյան ռուփիի հետ։

2024 թվականին Իսլամական Հանրապետության ՀՆԱ-ն կազմել է 373 մլրդ 100 մլն ԱՄՆ դոլար։

Դա նշանակում է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գրեթե 1.500 ԱՄՆ դոլար է։ 14 անգամ պակաս ՀՆԱ ունեցող ՀՀ-ի (25 մլրդ 790 մլն ԱՄՆ դոլար) մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն (8.500 ԱՄՆ դոլար) գրեթե վեց անգամ գերազանցում է Պակիստանի նույն ցուցանիշին։

Բնակչության աղքատության ցուցանիշը շարունակ աճում է։ Հունիսի տվյալներով՝ բնակիչների ավելի քան 44%-ը աղքատ է ապրում։

Ըստ Համաշխարհային բանկի՝ Պակիստանը միջինից ցածր եկամուտ վաստակող երկիր է։ Նվազագույն սպառողական զամբյուղի գինը օրական կտրվածքով կազմում է 4.20 ԱՄՆ դոլար։ Այնուամենայնիվ, պակիստանցի բնակչության 16,5%-ից ավելին այդ արժեքից պակաս է վաստակում, եւ, հետեւաբար, բնակչության 16,5%-ը ծայրահեղ աղքատության ներքո է կենսագործունեություն ծավալում։

Առջեւում՝ կնճռոտ մարտահրավերներ

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ հաղորդագրություններում նշվում է, որ Հայաստանի եւ Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության հնարավորությունները։

Իհարկե, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ցանկացած պետության հետ մեկ քայլ առաջ է։ Սակայն, ակնհայտ է, որ Իսլամաբադը Երեւանի հետ հարաբերությունները կկարգավորի եւ կզարգացնի այնքան, որքան Բաքուն դրան չի դիմադրի։ Պնդման լավագույն ապացույցն այն է, որ մինչեւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Պակիստանը ոչ միայն հարաբերություններ չէր հաստատում Հայաստանի հետ, այլեւ ընդհանրապես չէր ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։

Իսլամաբադի հետ հարաբերությունների կառուցման ճանապարհը, հետեւապես, հայկական դիվանագիտության համար լեցուն կլինի կնճռոտ մարտահրավերներով։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 25.09.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test