Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գավառական շուստրիություն է. քաղաքագետը` ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին sputnik sputnik

time
Գավառական շուստրիություն է. քաղաքագետը` ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, հնարավոր է` հասկացել են կամ էլ նրանց հասկացրել են, որ Հայաստանը Եվրոպական Միությանն անդամակցելու իրական հնարավորություն չունի, միայն պատրանքներ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արման Գրիգորյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի՝ օրերս արած հայտարարությունը։
Ելույթ ունենալով «Ժողովրդավարության ֆորում»-ում՝ Փաշինյանն ասել էր, թե ՀՀ կառավարության գերխնդիրն է հասնել Եվրամիության ստանդարտներին բոլոր բնագավառներում, միաժամանակ իշխանությունը հասկանում է՝ դրանից հետո էլ Հայաստանը կարող է չդառնալ ԵՄ անդամ։
«Հասկացել են, որ Հայաստանը Եվրոպական միության անդամության իրական շանս չուներ, և իմ կարծիքով՝ այս հայտարարությունը հերթական ձախողումն արդարացնող մի բան էր, ուրիշ ոչինչ»,- նշեց քաղաքագետը։
Գրիգորյանի համար անհասկանալի է, թե ինչն է խանգարում պետությանը բարձր չափանիշներ սահմանել և գնալ դրանց ուղղությամբ՝ չլինելով ԵՄ անդամ կամ անդամության թեկնածու։ Հիշեցնում է՝ աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք ունեն ամուր ժողովրդավարություն, տնտեսական լավ կառավարում, կոռուպցիայի շատ ցածր մակարդակ, բայց Եվրոպական միության անդամ չեն։ Այսինքն՝ ԵՄ անդամությունն անհեթեթ է դիտարկել միայն հռչակված չափանիշներին հասնելու ձգտման համար։ Այլ բան է, որ ԵՄ անդամ երկրներն ունեն որոշակի առավելություններ տնտեսական հարաբերություններում, հետևաբար՝ անդամ չես, չունես այդ առավելությունները։
Քաղաքագետը հիշեցնում է՝ անգամ այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը, եվրոպացի պաշտոնյաները շատ զգուշավոր և դիվանագիտորեն էին արտահայտվում, նաև խուսափողական պատասխաններ տալիս՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն ունի։
«Պարզ հասկացվում էր, որ Եվրոպական միությունը Հայաստանին ինտեգրելու մտադրություն չունի, և գուցե հիմա ինչ-որ եզրակացության են եկել, չնայած Փաշինյանի ու նրա թիմի պարագայում խոսել եզրակացությունների, հետևությունների, կոնկրետ քաղաքական վերանայումների, նոր ստրատեգիայի մշակման մասին, երևի իմաստ չունի։ Այս մարդիկ ամեն օր կարող են փոխել իրենց դիրքորոշումները, հակասող հայտարարություններ անել։ Սա կատարյալ քաոս է, և սրանով Հայաստանն անլուրջ գործընկերոջ համբավ է ձեռք բերում, եթե արդեն ձեռք չի բերել»,- նշեց քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը վերծանելի չէ թե՛ Եվրոպական միության, թե՛ մյուս գործընկերների համար։ Հայաստանը կանխատեսելի գործընկեր չէ։
Քաղաքագետը չի բացառում, որ Փաշինյանի հայտարարության ու նրա՝ Մոսկվա կատարած այցի միջև կապ կա (Փաշինյանը մասնակցում է «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին, նախատեսված է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` խմբ․)։
«Չեմ բացառում, որ կապված է, ու դրա համար էլ ինչ-որ մեղմացնող բան է ասել, որովհետև գիտենք՝ ԵԱՏՄ և ԵՄ անդամակցությունն անհամատեղելի են։ Եթե Եվրոպական միությունից մերժել են կամ հասկացրել են, որ նման մտադրություններն անիմաստ են Հայաստանի համար, հնարավոր է՝ Ռուսաստան գնալուց առաջ ինչ-որ հայտարարություն է արել, բայց սա ավելի շատ գավառական շուստրիության տպավորություն է թողնում»,- կարծիք հայտնեց Արման Գրիգորյանը։
Հիշեցնում է՝ նախկինում էլ են նման դեպքեր եղել՝ Մոսկվա գնալուց առաջ այլ բովանդակությամբ, երբեմն ռուսներին սիրաշահող հայտարարություն է արվել, իսկ վերադառնալուց հետո՝ հակառակը, խոսվել է Արևմուտքի հետ ինտեգրացիայի կամ Ռուսաստանից Հայաստանն ազատագրելու մասին։
«Արդեն վարժվել ենք սրան, և ինձ թվում է՝ այդ հայտարարությունների մեջ լուրջ, երկարաժամկետ ստրատեգիական միտք փնտրելն անշնորհակալ գործ է»,- ասաց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հայտարարություններին «բալանսավորված քաղաքականության» մասին, քաղաքագետը շեշտեց՝ բալանսավորված քաղաքականություն գոյություն չունի։ Տևական ժամանակ է՝ Հայաստանը փորձում են դուրս բերել ռուսական ազդեցության ծիրից ու ինտեգրել Արևմուտքին՝ չհասկանալով, որ դա միակողմանի ցանկության արդյունք չի կարող լինել։
«Եվրոպացիները ոչ թե Հայաստանին պաշտպանելու, ինտեգրելու երաշխիքներ տալու մտադրություններ են ունեցել, այլ զուտ հետաքրքրված են եղել Հայաստանը Ռուսաստանից պոկելու կամ Ռուսաստանի համար գլխացավանք դարձնելու հարցում։ Թե Հայաստանն ի՞նչ գին կվճարի դրա համար, առանձնապես ո՛չ եվրոպացիներին, ո՛չ ամերիկացիներին չի հետաքրքրել, բայց մերոնք առանց աջ ու ձախ նայելու՝ լծվել են այդ կառքին»,- ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ այս քաղաքականությունը Հայաստանին արդեն բազմաթիվ փորձանքներ է բերել և շարունակելու է բերել, եթե նույն ոգով շարունակեն կամ եթե այս իշխանությունը շարունակի իշխանության մնալ և վերարտադրվի գալիք ընտրությունների արդյունքներով։
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը 20 տարի անց կլինի Եվրամիության կազմում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test