Հայաստանի և Չինաստանի առևտրաշրջանառությունը գերազանցել է 1,2 մլրդ դոլարը. դեսպան
sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականի առաջին կիսամյակում գերազանցել է 1,2 մլրդ դոլարը։ Այս մասին Չինաստանի դեսպանատանը ՉԺՀ կազմավորման 76-ամյակի առթիվ ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը։
«Քաղաքացիների փոխադարձ այցելությունները 30 հազար է եղել: Շաբաթական երեք անգամ գործում են Ուրումչի-Երևան-Ուրումչի չվերթերը»,-ասել է նա:
Չինացի դիվանագետի խոսքով՝ այս տարին առանձնահատուկ էր երկկողմ հարաբերությունների համար:
Նա հիշատակել է երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը, որը փոխգործակցության նոր փուլ է բացել։ Լի Սինվեյն ընդգծել է, որ Հայաստանն ու Չինաստանը մշտապես փոխըմբռնում են ցուցաբերել և աջակցել են միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարցում:
Նա ընդգծել է, որ Պեկինը բարձր է գնահատում Երևանի աջակցությունը Չինաստանի շահերին Սինծիանի, Տիբեթի, Հոնկոնգի և Թայվանի հարցում։