Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Արվեստագետը չի մոռացվում, եթե կան արվեստագետներ, ովքեր հնչեցնում են նրա ստեղծագործությունները …» aravot.am aravot.am

time
«Արվեստագետը չի մոռացվում, եթե կան արվեստագետներ, ովքեր հնչեցնում են նրա ստեղծագործությունները …»

Օրերս Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 95-ամյակին: Երեկոն համախմբել էր մի խումբ արվեստագետների, մտավորականների և պարզապես նրա հսկայական ավանդը գնահատող մարդկանց:

«Արվեստագետը չի մոռացվում, եթե կան արվեստագետներ, ովքեր հնչեցնում են նրա ստեղծագործությունները …»

Երեկոն կայացավ «Հովեր» պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) համագործակցությամբ:

Կոնսերվատորիան ներկայացրեցին ԵՊԿ «Կոմիտաս» երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան), ինչպես նաև լարային և դաշնամուրային բաժնի ուսանողները:

Այս առիթով Aravot.am-ը մասնագիտական, բայց լայն ընթերցողին հասու խոսք խնդրեց երիտասարդ երաժշտագետ Սուսաննա Մարջանյանից (ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ, ԵՊԿ ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյան):

Երաժշտագետի հետ զրույցը սկսվեց նրա ափսոսանքի խոսքով, որ հասկանալի պատճառով չի շփվել կոմպոզիտորի հետ, սակայն մի բան սփոփում է, այն է՝ իր ղեկավարը, տիկին Մովսիսյանը, ում գիտական հոդվածները, կոմպոզիտորի արվեստը ներկայացնող հրատարակված գրքերը, որոնք անխոս ավելին են քան վիքիպեդիան, իսկապես մեծ արժեք են ներկայացնում, թե ուսանողների և ինչու ոչ՝ կոմպոզիտորի արվեստի սիրահարների համար: Մենք էլ հավելենք, որ կոմպոզիտորի արվեստն ուսումնասիրող և հանրայնացնող Ծովինար Մովսիսյանին հաճախ կեսկատակ – կեսլուրջ անվանում են էդգարհովհաննիսյանագետ:

Հիմա ներկայացնենք երիտասարդ երաժշտագետ Սուսաննա Մարջանյանի խոսքն առանց միջամտության.

«Համերգը սկսվեց Էդգար Հովհաննիսյանի արվեստին սերտորեն կապված երաժշտագետ Ծովինար Մովսիսյանի բովանդակալից խոսքով, որտեղ հիշատակվեցին վարպետի ստեղծագործ կյանքի կարևոր էջերը: Մեջբերենք մի հատված, որն առանցքային նշանակություն ուներ երեկոյի համար. «Մարդը չի մոռացվում, եթե կան մարդիկ, ովքեր հիշում են իրեն…Արվեստագետը չի մոռացվում, եթե կան արվեստագետներ, ովքեր հնչեցնում են նրա ստեղծագործությունները …»: Երեկոն սկսվեց «Սոնատ-Էպիտաֆիայով»: Թավջութակահարուհի Լիլիթ Խաչունցը և դաշնակահարուհի Կիմա Օհանյանը (ղեկավար՝ դոցենտ Արամ Թալալյան) ազդեցիկ և բավականին զգացմունքային կերպով ներկայացրեցին «Էպիտաֆիան»՝ իր ողջ դրամատիկ բովանդակությամբ, փոխանցելով բոլոր այն զգացմունքները, ապրումները, որոնք ներդրել է կոմպոզիտորը՝ այս ստեղծագործությունը նվիրելով անկրկնելի ու անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի հիշատակին:

«Արվեստագետը չի մոռացվում, եթե կան արվեստագետներ, ովքեր հնչեցնում են նրա ստեղծագործությունները …»

Պատահական չեն սոնատի մասերի անվանումները. 1. Toccato, 2.Pasaccalia, 3. Stabat Mater dolorosa… Դաշնամուրային կվինտետը հնչեց Արփի Հովհաննիսյանի (1-ին ջութակ), Մանյա Մուշեղյանի (2-րդ ջութակ), Նարե Թորոսյանի (ալտ), Անդրանիկ Աղաջանյանի (թավջութակ) և Նարեկ Խառատյանի (դաշնամուր), կատարմամբ (ղեկավար՝ ԵՊԿ Կամերային անսամբլի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իրինա Բադալյան): Նրանք հանդիսատեսին ներկայացան իրենց վառ արտահայտչականությամբ, ջերմությամբ, կամերային նուրբ և հարուստ հնչողությամբ: Հիրավի, միայն վիրտուոզ-դաշնակահարը կարող էր այդքան ճշգրիտ արտահայտել գործիքի հնարավորությունները: Պատահական չէ, որ տարիներ շարունակ, կվինտետի կազմում դաշնամուրի նվագամասը ինքը՝ կոմպոզիտորն էր կատարում, Կոմիտասի անվան քառյակի լեգենդար կազմի հետ:

Էդգար Հովհաննիսյանի «Վեց պրելյուդ» դաշնամուրային շարքը ասվածի վառ կերպով արտահայտությունն էր; Այս շարքի պրելյուդները իրենց վիրտուոզ կատարողական փայլով և տեխնիկայով ներկայացրեցին դաշնամուրային բաժնի ուսանողներ Դայանա Երեմյանը և Գոռ Բարսեղյանը (ղեկավար՝ դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Իրինա Հակոբյան): Երեկոն եզրափակվեց մեծ հայրենասերի ժողովրդական երգերի խմբերգային մշակումներով, որոնք հնչեցին ԵՊԿ «Կոմիտաս» երգչախմբի (խմբավար՝ Գայանե Սահակյան) և «Հովեր» պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրժոր Սոնա Հովհաննիսյան, խմբավար՝ Տաթևիկ Դանիելյան) անզուգական կատարմամբ:

Հանդիսատեսն ապրեց այդ րոպեները կոմպոզիտորի ստեղծագործական շնչով, նրա սրտի զարկով, կյանքի, աշխարհի իր պատկերացումներով: Ի վերջո, այս երեկոն իրադարձություն էր: Եվս մեկ անգամ հնչեց Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործական անգին ժառանգության մի մասը, որը հավաստիքն է մեծ արվեստագետի` հանուն իր հայրենիքի կատարած անձնվեր գործի ու նաև նրա գործը արժևորող և շարունակող նոր սերնդի սիրո և հարգանքի արտահայտությունը:

Եզրափակելով, ասենք, որ նման մարդկանց, ինչպիսին Էդգար Հովհաննիսյանն է պետք է հաճախ հիշել, այլապես տարիներ անց մենք կկորցնենք մեր մշակութային հիշողությունը»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test