Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, բյուջեի նախագծով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5.4%, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3 %: «Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ սպասողականի համեմատ 0.4 տոկոսային կետով»,- ասել է նախարարը:
Վահե Հովհաննիսյանի նշել է, որ պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 704 միլիարդ դրամ, որը համախառն ներքին արդյունքում 2026 թվականին կկազմի 5.9%: Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն՝ ՀՆԱ-ի 4.5%-ը 2025 թվականի 5.5% դիմաց: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ Կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ 2026 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ: «Կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը: Կշարունակվի բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում՝
բնակարանային ապահովման և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը՝ 55 միլիարդ դրամի չափով։ Կգործարկվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, որը 2025 թվականին պիլոտավորվել էր երկու մարզերում, 2026 թվականից կկիրառվի ամբողջ հանրապետությունում, որի նպատակը Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարումն է և անապահովության մակարդակի նվազեցումը։ Կշարունակվի անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը, 2026 թվականին պետական բյուջեով ծրագրի գծով նախատեսվել է 9.7 միլիարդ դրամ: Շարունակվելու է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը, որի գծով 2026 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 20 միլիարդ դրամ, որը 2025 թվականի բյուջեի նկատմամբ ավելի է 7.6 միլիարդ դրամով: Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման նպատակով 26 թվականին նախատեսվել է 4.9 միլիարդ դրամ, որի շրջանակներում շարունակվելու են նախագծման և կառուցման աշխատանքները, միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն ու պայմանագրերի սպասարկումը։ Հանրակրթական դպրոցների ուսուցիչների, նախնական և միջին մասնագիտական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների, մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, մանկավարժական աշխատողների ատեստավորման արդյունքում կապահովվի վերջիններիս աշխատավարձերի աճը։ Կշարունակվի դպրոցների և մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները՝ ապահովելով նաև նրանց հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։ Կիրականացվեն միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, միջին նորոգման ամառային և ձմեռային պահպանման, ինչպես նաև թունելների և կամուրջների պահպանման ու շահագործման աշխատանքները՝ 66.2 միլիարդ դրամի շրջանակներում»,-ասել է Ֆինանսների նախարարը:
Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ կշարունակվի Կառավարության կողմից համաֆինանսավորման սկզբունքով համայնքներում մասնակցային բյուջետավորման սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, որի գծով 2026 թվականին նախատեսվում է 2 միլիարդ դրամ՝ 2025 թվականին 1 միլիարդ դրամի դիմաց: «Այս բյուջեն ակնհայտ մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի, որով, օրինակ՝ ԿԳՄՍ նախարարության ուղղությամբ ՀՆԱ-ում 3.3%-ից աճելու է 3.5%, առողջապահության նախարարության գծով՝ 1.5%-ից 1.8%»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ քննարկումները նաև կշարունակվեն Ազգային ժողովում:
Անդրադառնալով օրինագծին՝ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է 2026 թվականի նախատեսվող նոր կարգավորումների վերաբերյալ հանրությանը պարզաբանումներ ներկայացնելու անհրաժեշտությունը:
Նոր կարգավորումների առումով Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այս տարի առաջին անգամ բյուջեն ներկայացվում է եռամյա հեռանկարով. «Ներկայացնում ենք նաև բոլոր ծրագրերի ծախսերն առաջիկա երեք տարիների ընթացքում, որպեսզի թե՛ հանրությանը, թե՛ Ազգային ժողովին բյուջեն հաստատելուց պարզ լինի, թե մենք որ ճանապարհով ենք գնում»:
«Պետք է արձանագրենք, որ այս փուլում մենք ստացել ենք բավականաչափ լավ բյուջեի նախագիծ, որը հասցեագրում է մեր բոլոր այն հիմնական առաջնահերթությունները, որոնք ամրագրված են Կառավարության ծրագրում: Հնարավորություն է ստեղծում նաև ամփոփման հասցնել Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով հաստատված անելիքները: Իհարկե, տարվա ընթացքում որոշ ճշգրտումներով նաև կներկայացնենք կամ կհաստատենք այն ուղղումները, որոնք ընթացքից նկատելի կլինեն»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:
Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը՝ 2025 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապահովելու նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացնելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է հատկացնել 3 մլրդ 219 մլն դրամ:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, հետվճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 մլրդ 432 մլն դրամ: «Հետո ճշտվել է 13 մլրդ 152 մլն դրամ, սակայն միտումները հաշվի առնելով, այսօրվա որոշումն էլ ավելացնելով, տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես կլինի 16 մլրդ 371 մլն դրամ: Շահառուների թիվը նույնպես կանխատեսվածից ավելին է: Արդեն ունենք մոտ 350 հազար շահառու, որոնք օգտվում են այս ծրագրից, և ունենք ամսական մոտավորապես 2-3 տոկոս աճ»,- ասել է նախարար:
Արսեն Թորոսյանը նշել է, որ այս պահի կարգավորումների համաձայն՝ հետվճարով վերադարձվում է գործարքների 12 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը և հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա 25-ը:
Կբարելավվի պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը
Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1030 01 վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը՝ Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանն ուղղված՝ վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի իրականացման նպատակով։ Բյուջետային ֆինանսավորումը, որը կազմում է 150 մլն եվրո վարկային միջոցներ, բազմամյա ծրագրի (2019-2025) երրորդ փուլն է, և այն ունի երկու հիմնական նպատակ՝ ամրապնդել տնտեսական և ֆինանսական կառավարումը, մասնավորապես՝ բարելավելով պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը, բարելավել ցածր ածխածնային և դիմացկուն տնտեսության անցման պլանավորումը և ֆինանսավորումը: Ծրագիրն ունի միջամտության երեք հիմնական թեմատիկ բաղադրիչ՝ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում՝ հանրային ծառայությունների արդյունավետ ու կայուն տրամադրման և ենթակառուցվածքի ապահովման համար, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների
ենթակառուցվածքի ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում։ Այս բաղադրիչները ներառում են հանրային քաղաքականության մատրիցայում սահմանված համապատասխան նպատակներ, որոնք սահմանվել են երեք փուլից/ենթածրագրերից բաղկացած ծրագրային մոտեցման հիման վրա։
Ինչպես նշել է Ֆինանսների նախարարը, առաջին և երկրորդ փուլերն իրագործվել են, համապատասխանաբար, 2022 թ. սեպտեմբերին և 2024 թ. սեպտեմբերին, երրորդ փուլը, որն ապահովում է սույն բյուջետային աջակցության վարկի միջոցներով, նախատեսվում է իրականացնել այս տարի։ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախատեսվող մի շարք բարեփոխումներ. «Ֆինանսների նախարարությունում գանձապետարանի գործառույթի մասով իրականացվող բարեփոխումների համատեքստում կմշակվի և կներդրվի ընթացիկ կապիտալ ծախսերի տվյալների բազա, հետներդրումային շրջանի մշտադիտարկման համակարգ և ինստիտուցիոնալ գործառույթ՝ գերծախսերի դեպքերը և դրանց պատճառները և ծախսերի չկատարման կամ անարդյունավետ կատարման դեպքերը լավագույնս հայտնաբերելու համար։ Կառավարությունը կհաստատի կանաչ և կայուն տնտեսական զարգացման մասին ազգային ռազմավարությունը, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը կսահմանի շրջանաձև տնտեսության ներդրման նախադրյալների սահմանման հայեցակարգը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը։ Օրենսդրական փոփոխությունների շարք կիրականացվի, որոնք Հայաստանի Կենտրոնական բանկին կտան լիազորություններ ենթաօրենսդրական ակտերի միջոցով սահմանելու ոչ հանրային ֆոնդերի համար նոր կանոններ՝ այդպիսով հնարավորություն տալով հայկական ֆոնդերին, այդ թվում՝ վենչուրային և մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերին, ոչ հանրայինից անցնելու հանրայինի՝ շուկան զարգացնելու համար։ Կթարմացվեն Հայաստանի հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունների ստանդարտները։ Անվճարունակության ռեժիմն արդիականացնելու և պարտատերերի իրավունքների պաշտպանությունն ուժեղացնելու համար Արդարադատության նախարարությունը կներդնի էլեկտրոնային սնանկության համակարգ։ Արդարադատության նախարարությունը կհաստատի նոր որոշում էլեկտրոնային սնանկության համակարգի և այլ տվյալների համակարգերի միջև տվյալների փոխանակման կառավարման բարելավման համար։ Կարգավորման ազդեցության գնահատումն ավարտելուց հետո Կառավարությունը ԱԺ հաստատմանը կներկայացնի անվճարունակության մասին նոր օրենքի նախագիծը։ Մի շարք փոփոխություններով կբարելավվի պետական ձեռնարկությունների կորպորատիվ կառավարումը»:
Օրենսդրական նախաձեռնություններ. առաջարկվում է հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի և պետական տուրքի վճարումները
Գործադիրի հավանության են արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի ընդունումը պայմանավորված է պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի ու վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցման և որոշակի դեպքերում ճանապարհային հարկի վճարումից ազատման արտոնություն սահմանելու
անհրաժեշտությամբ։ Ըստ այդմ առաջարկվում է՝ հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի և պետական տուրքի վճարումները։ Մասնավորապես նախատեսվում է՝ բնապահպանականի հարկի վճարման ժամկետ սահմանել մինչև ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը ՀՀ տարածքից ելքի դեպքում՝ մինչև ՀՀ տարածքից ելքը։ Սահմանվում է նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ հաշվարկված բնապահպանական հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը և հարկի վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ։ Նախատեսվում է սահմանել, որ ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ տարածքից ելքը ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու դեպքում ճանապարհային հարկ վճարողներն ազատվում են համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկից։ Տվյալ դեպքում, ճանապարհային հարկի արտոնությունից օգտվելու իրավունքը կհավաստվի լիազոր մարմնի կողմից տրվող տեղեկանքով։
Կառավարությունը հավանություն է տվել «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունմամբ կվերացվի ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելքը:
Միջազգային համագործակցություն. Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից կգործի Եվրաջասթում համագործակցության հարցերով դատախազ
Կառավարության որոշմամբ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից կգործի Եվրաջասթում համագործակցության հարցերով դատախազ (ներկայացուցիչ), որի շնորհիվ կապահովվի անդրազգային հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործողությունների համար անհրաժեշտ տեղեկատվության և տվյալների փոխանակումը: Դա էլ իր հերթին, կնպաստի քրեական վարույթներով իրավական օգնություն ցուցաբերելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմիններին ուղղված՝ ՀՀ կենտրոնական կամ իրավասու մարմինների հարցումների, այդ թվում՝ հանձնման (էքստրադիցիա) միջնորդությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների համապատասխան հարցումների արագ և օպերատիվ կատարմանը: Ըստ հիմնավորման՝ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) իրավասության շրջանակը բավական լայն է, հանցավորության դեմ պայքարի համատեքստում ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների շրջանառության, փողերի լվացման, մարդկանց և օրգանների թրաֆիքինգի, առևանգման և համանման մի շարք այլ հանցագործությունների դեմ պայքարը, ինչպես նաև ռասիզմի ու այլատյացության, ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ոլորտները։ Եվրաջասթի հետ համագործակցության
ընձեռած գործիքակազմի ամբողջական կիրարկումը հնարավորություն կտա ընդլայնել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ու անդամ պետությունների պատկան մարմինների միջև համագործակցության շրջանակը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Համաձայնագրով նախատեսվում է Եվրաջասթի և ՀՀ պատկան մարմնի միջև ուղիղ կապ հաստատել, ինչը նպաստելու է անդրսահմանային հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործողությունների սահուն ընթացքի ապահովման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության և տվյալների փոխանակմանը։
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշմամբ «Դարոյնք» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել հրուշակեղենի, թխվածքաբլիթների, վաֆլիների, աղի և քաղցր ձողիկների համար՝ իրականացնելով 1.1 մլրդ դրամի ներդրում ներմուծվող ապրանքների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 490 աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2028 թ. ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 565-ի 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 126 մլն դրամ։
Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի «Ագրո պրոմ» ընկերությունը, որը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է Արագածոտնի մարզում կառուցել գերժամանակակից ջերմոցային համալիր 99543 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Ըստ հիմնավորման՝ ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրքեր ռուսաստանյան և արտասահմանյան լոլիկի շուկայում։ Այն արտադրելու է տարբեր տեսակի, բարձր բերքատվություն ապահովող լոլիկներ, որի հիմնական մասը՝ 75 տոկոսը, վաճառվելու է ռուսաստանյան և արտասահմանյան մեծածախ մատակարարներին, իսկ մնացած 25 տոկոսը՝ անմիջապես ՀՀ խոշորագույն առևտրային մանրածախ ցանցերին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 4.8 մլրդ դրամի ներդրում ներմուծվող ապրանքների ձեռքբերման և 1.7 մլրդ դրամի ներդրում հողային, կոմունիկացիոն աշխատանքների իրականացման համար։ Մինչև 2027 թ. նախատեսվում է ստեղծել 225 նոր աշխատատեղ՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 267 մլն դրամ:
Կներդրվի հյուրանոցային ծառայությունների միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման համակարգ
Կառավարությունը հաստատել է Հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության չափանիշները և կարգը: Որոշման նպատակն է ապահովել հյուրանոցային ծառայությունների՝ միջազգային չափանիշերին համապատասխան որակի ապահովումը և որակավորման կարգերին համապատասխանումը: Այն
հնարավորություն է նաև այն զբոսաշրջիկների համար, ովքեր ավելի բարձրորակ ծառայություններ են նախընտրում Հայաստանում` ստանալու համապատասխան սպասարկումը։ Բարձրակարգ հյուրանոցները նպաստում են նաև միջազգային ու ներքին շուկայում Հայաստանի դրական իմիջի ձևավորմանը: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման համակարգ, որի իրականացման գործընթացը վերապահվել է մասնավոր հատվածը ներկայացնող կառույցին։
Գործադիրը սահմանել է նաև Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը և չափանիշները, որակավորման վկայականի ձևը և ժամկետը:
Այլ որոշումներ. հաստատվել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թ. ծրագիրը
Գործադիրը հաստատել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագիրը: Սույն ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագրի իրականացման համար հատկացնել 1 048 000.0 հազ. դրամ։ Այսպիսով՝ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:
Հաստատվել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2026 թվականի տարեկան ծրագիրը: Ծրագրում ներառվել են 17 միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է, մասնավորապես՝ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով ֆինանսական միջոցներ կհատկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կանոնադրական կապիտալի ավելացման համար՝ գեներատորների ձեռքբերման նպատակով, ինչպես նաև Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցին կից տարածքում ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտի վերակառուցման, ինչպես նաև դպրոցին ու թաղամասին սպասարկող պուրակի, մանկական մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս և հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման պայմանները և պահանջները և ուժը կորցրած ճանաչել նույն տեսակով արտահիվանդանոցային պայմանում գործունեության իրականացման պայմանները և պահանջները սահմանող կետերը: Բժշկական օգնության և սպասարկման շտապ և
անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանները և պահանջները` որը իր մեջ ներառելու է շտապ օգնության կայան/ենթակայանի և մասնագիտացված բրիգադների գործունեությունը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test