Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Տեսնելով Թրամփի այս գրառման հետ կապված բավականին ոչ ադեկվատ պնդումներ ու իռացիոնալ ոգևորություն հայկական միջավայրում, պարտքս համարեցի հակիրճ անդրադառնալ։
Այն, ինչ Թրամփը գրում է (ու դրանից հետո նաև առաջարկում է եվրոպացիներին խոցել ՆԱՏՕ-ի տարածք ներխուժած ինքնաթիռները), ավելի շատ մասնագիտական գրականության մեջ նման է ցուցադրական հակառակ թակարդում (performative reverse entrapment) կամ հանձնառված բեռի փոփոխման հռետորական ծուղակ (burden-shifting rhetorical trap): Սա մի կոգնիտիվ իրավիճակ-մոդել է արտաքին քաղաքականության մեջ, որը հիմնականում միջազգային հարաբերությունների գերմանական դպրոցի կոնցեպտուալ պրոդուկտ է (Schimmelfennig, 2001, Scherzinger, 2022 և այլն): Ուստի, հաշվի առնելով Թրամփի վարքագծային ու հռետորաբանական մոդել-համատեքստը, մոտավորապես այսպիսի տեսք ունի․
Թրամփ- ես առաջարկում էի խաղաղություն «ցավոտ» փոխզիջումային տարբերակով, այսինքն՝ Ուկրաինայի Ռուսաստանի կողմից գրավված ու անեքսիայի ենթարկված տարածքներից հրաժարում և խաղաղության պայմանագիր՝ Ուկրաինայի համար հստակ անվտանգային երաշխիքներով։ Դուք՝ Զելենսկի և եվրոպացիներ, ասում եք, որ Ռուսաստանը շատ թույլ է, որ այն նահանջում է, նրա տնտեսությունը քայքայված է, որ Ուկրաինան հաղթում է, որ Ռուսաստանը «թղթե առյուծ է»։ Շատ լավ։ Ուրեմն դուք ճիշտ եք, և երևի թե այդպես էլ կա։ Հաղթեք Ռուսաստանին։ Ուկրաինան, ուրեմն, այն հեշտությամբ կարող է անել եվրոպացիների օգնությամբ։ Վերականգնեք ողջ կորսվածը։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Այո, ես իմ մատարարարումները ՆԱՏՕ-ին կշարունակեմ։ ԲԱՅՑ, առանց ինձ լուծեք այս հարցը։ Առանց ինձ խառնելու սրա մեջ։
Այս իրավիճակը ստեղծվել է մի քանի այլ իրավիճակներին պառալել․
Ա) Ալյասկայում, Պուտին-Թրամփ հանդիպումից հետո, Պուտինը հանդիպումից ստացել է այնպիսի տպավորություն, որն իրեն դրդել է բարձրացնել էսկալացիայի սանդղակն ու ԱԹՍ-ային ու ավիացիոն ներխուժումներ/ներթափանցումներ իրականացնել (ըստ էության՝ ագրեսիայի ակտ) Լեհաստանի, Էստոնիայի, Ռումինիայի ու կարծես թե Դանիայի հանդեպ։
Բ) Դրանց, ըստ էության, ամերիկյան կողմը արձագանքել է բավականին պասիվ, ըստ լեհական աղբյուրների՝ դեմ է եղել ՆԱՏՕ-ի հիմնադիր վաշինգտոնյան համաձայնագրի 5-րդ կետի ակտիվացմանը, բայց դեմ չի եղել 4-րդ կետով կոնսուլտացիաներին։
Գ) Պուտինի կողմից միջուկային հարվածի շանտաժը եվրոպացիների հանդեպ շարունակվում է, բայց արդեն իսկ հստակ տարանջատմամբ (ԱՄՆ, մենք քո դեմ ոչինչ չունենք, մեր հակառակորդը ԵՄ-ն է իր Ուրսուլայով), ինչն ընթերցվում է Ռուսաստանից դուրս եկող տարատեսակ մեսիջներում։
Դ) Շանհայյան համագործակցության կազմակերպության և ուժի ցուցադրման տրիումֆալ միջոցառումից հետո, մի քանի օր առաջ տեղի է ունեցել Թրամփ-Սի Ծինփին երկար հեռախոսազրույցը, որտեղ Թրամփը քննարկել է Չինաստանի՝ Ռուսաստանին տրամադրվող օգնության դադարեցումն ու Սիի օգնությունը՝ ազդել Պուտինի վրա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Բնականաբար, ԱՄՆ-ն արել է սրա համար մի շարք զիջումներ, այդ թվում՝ Թայվանին մոտ 400 մլն դոլարի ռազմական օգնության սառեցման տեսքով։ Թրամփի այս թուլությունից չինացիները, կարծում եմ, մաքսիմալ դեռ կօգտվեն։ Կքամեն ու կքամեն։
ՀԻՄԱ՝ ունենք մի իրավիճակ, երբ Թրամփը ասում է՝ «դրոշը ձեր ձեռքը», եվրոպացինե՛ր, կարող եք խոցել ռուսական ինքնաթիռները և արեք՝ ինչ ուզում եք, եթե դուք այդքան ուժեղ եք, իսկ Ռուսաստանն այդքան թույլ է, ինչպես դուք ու Զելենսկին պնդում եք։ Հարց․ Լեհաստանը կամ, Գերմանիան, կամ Էստոնիան ռիսկ կանե՞ն խոցել ռուսական ինքնաթիռ, եթե իրենք զգում են, որ ամերիկացիները ցանկանում են միայն լավագույն դեպքում գումարով զենք տրամադրել (խափանելով նաև Ուկրաինայի արդեն իսկ համեստ ծավալներով մատարակարարումները):
Չէի պնդի, որ Թրամփը ցանկանում է պատերազմի աշխարհագրության լայնացում ու էսկակացիայի մեծացում։ Ընդհակառակը, նրա ողջ տրամադրությունն ու հայտարարած քաղաքականությունը պատերազմին վերջ տալն էր, և, կարծում եմ նաև՝ է։ ԲԱՅՑ, նրա այս գործողություններն ու գրառումները նպաստում են թե՛ պատերազմի աշխարհագրության մեծացմանը, թե՛ էսկալացիայի աստիճանի բարձրացմանը, ինչից կարող է օգտվել հենց Պուտինը՝ հետևողականորեն իրականացնելով տարատեսակ (ոչ կինետիկ) ագրեսիայի ակտեր, որպեսզի եվրոպացիները կենտրոնանան իրենց տարածքի անվտանգության բարձրացման վրա և ավելի քիչ սկսեն օգնել Ուկրաինային թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսա-տնտեսական, և թե՛ ռազմական առումով։
Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, մեկ բան շատ թե քիչ հստակ է․ որպեսզի Ուկրաինան հաղթի Ռուսաստանին՝ այն տեսքով, ինչպես նկարագրում է Թրամփն իր այս գրառման մեջ, Կիևին հերիք չէ մեծաքանակ ռազմա-տեխնիկական օգնությունը (ինչը նույնիսկ բավարար կերպով չկա):
Նրան առնվազն պետք է դաշնակից (առնվազն Ուկրաինայի ռազմական քաշային կարգին չզիջող), որն իր հետ հավասար, հողի վրա կվարի ռազմական գործողություններ ու ուղիղ կմասնակցի կոնվենցիոն, կինետիկ պատերազմին Ռուսաստանի դեմ։ ԲԱՅՑ, նույնիսկ այդ մասնակցությունը չի երաշխավորում, որ մի օր Պուտինը չի դիմի «միջուկային ավանտյուրայի»։
Այ էսպիսի «տխուր-ուրախ» ուկրաինական գեոպոլիտիկա»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test